2023-ի տնտեսական կանխատեսումները զգուշավոր են. պարենը, նավթն ու պղինձը կէժանանան

2023-ի տնտեսական կանխատեսումները զգուշավոր են. պարենը, նավթն ու պղինձը կէժանանան
Այս տարի ՀՀ–ում կանխատեսվում է 11 տոկոս բարձր տնտեսական աճ` ծրագրված 7 տոկոսի փոխարեն։ Բայց հաշվի առնելով համաշխարհային միտումները` կառավարությունը չի շտապում բարձրացնել հաջորդ տարվա տնտեսական աճի նշաձողը։
Համաշխարհային տնտեսական կանխատեսումները 2023թ–ի համար ավելի զգուշավոր են դարձել։ Այս մասին այսօր ԱԺ-ում, 2023թ-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ ապրիլին, երբ ռուս–ուկրաինական կոնֆլիկտը նոր էր սկսվել, աշխարհը Ռուսաստանի համար 2022թ-ին 8.5 տոկոս տնտեսական անկում էր կանխատեսում։ Հոկտեմբերին վերանայված կանխատեսումներով` ՌԴ-ում այս տարի 3.4 տոկոս անկում է կանխատեսվում։
2023թ-ի կանխատեսումը միջազգային մասնագետները չեն վերանայել։ Հաջորդ տարվա տնտեսական անկումը ՌԴ-ում ինչպես ապրիլի, այնպես էլ հոկտեմբեի դրությամբ 2.3 տոկոս է գնահատվում։
ԵՄ–ի համար տնտեսական անկումը, ապրիլին կանխատեսված 3.1 տոկոսի փոխարեն, այժմ 2.8 տոկոս է կանխատեսվում։ Իսկ 2023թ–ի համար, եթե ապրիլին 2.3 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսվում, ապա հիմա կանխեսվող աճը 0.5 տոկոսի սահմաններում է։ ԱՄՆ–ի տնտեսական աճի կանխատեսումն այս տարվա 3.7 տոկոսի փոխարեն վերանայվել է 1.6 տոկոսի սահմաններում, 2023-ի համար` 2.3 տոկոսի փոխարեն ընդամենը 1 տոկոս։
Չինաստանի դեպքում ևս այս տարվա տնտեսական աճի նվազում է կանխատեսվում` 5.1–ի փոխարեն 4.4 տոկոս։ Համաշխարհային տնտեսությունը ևս ապրիլին կանխատեսված 3.6 տոկոս աճի փոխարեն հոկտեմբերյան գնահատականներով այս տարի ընդամենը 2.7 տոկոս աճ կարձանագրի։
Թե որքանով համաշխարհային տնտեսության այս ոչ լավատեսական կանխատեսումները կազդեն ՀՀ տնտեսության վրա, Տիգրան Խաչատրյանն առաջարկեց դիտարկել ՀՀ տնտեսության համար կարևորագույն ցուցանիշի` պղնձի համաշխարհային գների հիմա վրա։ Իսկ դրանք այսօր անկման միտում ունեն։ Եթե 2021թ-ին պղնձի միջին տարեկան գինը 9300 դոլար է կազմել, այսօր` 8900, իսկ 2023թ–ի համար առավելագույն արժեքը կանխատեսվում է 8000 դոլարից ոչ ավելի։ Մոլիբդենի գները, ըստ կանխատեսումների, հաջորդ տարի կպահպանվեն 2022թ-ի մակարդակում։
Պարենի համաշխարհային գների աճն այս տարվա վերջին 14 տոկոս է կանխատեսվում, հաջորդ տարվա համար` 5.8 տոկոսի նվազում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, այս տարի ՀՀ-ում կանխատեսվում է 11 տոկոսի բարձր տնտեսական աճ` ծրագրված 7 տոկոսի փոխարեն։ Բայց հաշվի առնելով համաշխարհային միտումները` կառավարությունը չի շտապում բարձրացնել հաջորդ տարվա տնտեսական աճի նշաձողը։ Ռիսկերն ու անորոշությունները հաշվի առնելով` կառավարությունը 2023թ–ի բյուջեի նախագծում տնտեսական աճի ցուցաիշը ևս թողել է թիրախային 7 տոկոսի սահմաններում։
Աղբյուրը՝ armeniasputnik.am