Մեծամոր քաղաքում պաշտոնապես բացվել է համայնքապետարանի հացաբուլկեղենի արտադրամասը

Այսօր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, համայնքապետարանի աշխատակիցները, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի աշխատակիցները, ղեկավար Վարդուհի Դադունցի գլխավորությամբ, ծրագրի խորհրդատվական հանձնաժողովը, Մեծամորի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ներկայացուցիչները և համայնքի բնակիչները ներկա են գտնվել «Մեծ ընդ մոր» ՓԲ ընկերության հանդիսավոր բացմանը, որի ընթացքում հրավիրվածներին ցուցադրվել է արտադրամասը, վաճառասրահը, այնուհետև հյուրերը օգտվել են տեղում պատրաստված հացաբուլկեղենից։
«Մեծ ընդ մոր» հացաբուլկեղենի արտադրամասը հիմնադրվել է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ՝ «Աջակցություն Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին» ծրագրի շրջանակում՝ Մեծամորի համայնքապետարանի անմիջական մասնակցությամբ։
Արտադրամասը պաշտոնապես գործարկվել է ս/թ հոկտեմբերից, սակայն հաշվի առնելով սեպտեմբերյան իրադարձությունները՝ պաշտոնական բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր։


«Մեծ&Մոր» ՓԲԸ-ի հիմնադրման շնորհիվ համայնքում բացվեց 11 աշխատատեղ, արտադրամասն ունի համայնքային սոցիալական ուղղվածություն․ բացի խոցելի բնակչության աշխատանքի ապահովման հնարավորությունից, արտադրամասից ստացվող եկամուտի մի մասն օգտագործվելու է համայնքի սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով։