Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված տաղավարների պաշտոնական բացման արարողությունը

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար նախատեսված տաղավարների պաշտոնական բացման արարողությունը
Բացման խոսքում Դիլիջան համայնքի ղեկավարի խորհրդական Նոնա Գրիգորյանը ներկայացրեց համատեղ իրականացված ծրագրի դրույթները, համայնքում տաղավարների առկայության անհրաժեշտությունը և զարգացման միտումները:
 Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ողջունելով բոլոր հյուրերին, նշեց.
- Տարիներ շարունակ Դիլիջանն իր առանձին շուկան է ունեցել, որը ծառայել է ոչ միայն որպես առուվաճառքի վայր, այլև նպաստել է դիլիջանցիների ու գյուղական բնակավայրի բնակիչների սոցիալականացմանը, միջավայրի ինտեգրմանը: Ես մեծ հույս ունեմ, որ մեր այս նախագիծը կդառնա այդ մշակույթի կրողը, կապահովի լավագույն ավանդույթների պահպանումը, կստեղծի բնակիչների համար եկամտի աղբյուրներ և կբազմապատկի մեր համայնք այցելող զբոսաշրջիկների թիվը: Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի իրականացմանն աջակցող բոլոր կազմակերպություններին:
 Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ սա փորձնական ծրագիր է և հաջողելու դեպքում փորձը կտեղայնացվի նաև ՀՀ այլ համայնքներում:
 Պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ ՏԿԵՆ, Շվեյցարիայի զարգացման գործակալության, Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության, բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներ և բնակիչներ:
Ծրագիրն իրականացվել է Շվեյցարիայի զարգացման գործակալության, Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության ֆինանսավորմամբ և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ: