Արտարժույթի արժեզրկմամբ պայմանավորված՝ ՏՏ որոշ ընկերություններ քայքայման եզրին են

Արտարժույթի արժեզրկմամբ պայմանավորված՝ ՏՏ որոշ ընկերություններ քայքայման եզրին են

ՏՏ ոլորտի ընկերությունները, Հայաստանում արտարժույթի արժեզրկմամբ պայմանավորված, դժվարին իրավիճակում են հայտնվել։

Նոյեմբերի 2-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում կայացած համատեղ ասուլիսում ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն էին հայտնում և լուծումներն առաջարկում ստեղծված իրավիճակի առնչությամբ:

«Այս տարվա փետրվար ամսից արտարժույթի շուկայում աննախադեպ արագությամբ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ ՏՏ ոլորտում գործող որոշ ընկերություններ արտարժույթի արժեզրկման պատճառով փակվել են, մի մասն էլ կրճատումներ է արել։ Կառավարության առաջիկա նիստում անհրաժեշտ է ընդունել ՏՏ ոլորտում առաջացած ռիսկերը մեղմացնող նախագիծը»,- նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Հայկ Չոբանյանը:

Նրա խոսքով՝ արտարժույթի արժեզրկումը ոլորտի համար շատ լուրջ հետևանքների է հանգեցնում, քանի որ այն 90 և ավելի տոկոսով համարվում է արտահանող ոլորտ` պատվերները ստացվում են արտարժույթով։ Նրա համոզմամբ՝ այն կորուստները, որոնք կրել են ընկերությունները, չվերականգնվող են, ինչի արդյունքում էլ փակված, կրճատումներ արած ընկերություններ կան։

«Սա հսկայական հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին։ ՀՀ բոլոր ռազմավարական փաստաթղթերում բարձր տեխնոլոգիաների ոլորտի դերակատարումը մինչև 70 %-ի է հասնում»,- նշեց Չոբանյանը։

ՏՏ կազմակերպությունների ղեկավարները ապրիլից սկսած բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Կենտրոնական բանկի և բոլոր գերատեսչությունների ղեկավարների հետ։ Հունիս-հուլիս ամիսներին ներկայացվել է ոլորտին աջակցելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ, շարունակությունը եղել է Էկոնոմիկայի նախարարությունում։

«Սեպտեմբերի 12-ին Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ, որով նախատեսվում է սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ։ Սրանով կփոխհատուցվի կրած վնասների մի մասը։ Այս նախագիծն առ այսօր չի ընդունվել»,- պարզաբանեց Չոբանյանը։

Ոլորտի մասնագետները պնդում են` կառավարությունը որևէ կերպ պետք է խնդրին լուծում գտնի, քանի որ արտարժույթի արժեզրկումը մեծ ռիսկի տակ է դնում ՏՏ ոլորտի զարգացումը։ ԱՏՁՄ-ն կոչ արեց գործադիրին առաջիկա նիստում ընդունել ՏՏ ոլորտում առաջացած ռիսկերը մեղմացնող նախագիծը։

Ոլորտի ընկերությունների ղեկավարները նշում են` ցանկանում են իրենց ձայնն ավելի լսելի դարձնել և արագ հասցնել կառավարությանը։

«Փակվում են ոլորտային լուրջ ընկերություններ, կրճատվում են մասնագետներ, նվազում է աշխատավարձը: Այս գործընթացներից յուրաքանչյուրն իր վատ հետևանքներն ունի Հայաստանի համար: Ցածր աշխատավարձը արտահոսք է ապահովելու: Ոլորտը 25 տարվա ընթացքում փորձել ենք ոտքի կանգնեցնել, հարկային դաշտ ենք բերել, եթե արտահոսք էլ չլինի, մասնագետները սկսելու են ֆրիլանս տարբերակով աշխատել: Այս բարդ խնդիրների պատճառով այսօր ընկերությունները կանգնած են քայքայման եզրին»,- նշեց «ԴատաԱրտ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Բաղդասարյանը։

ՏՏ ոլորտում գործող ընկերությունների ղեկավարները վստահեցնում են` հաշվի առնելով ներկայիս իրավիճակը և մարտահրավերները՝ խիստ անհրաժեշտ է արտարժույթի արժեզրկման հետևանքով առաջացած ռիսկերի մեղմացմանն ուղղված նախագիծը հնարավորինս շուտ ընդունել:

Աղբյուրը՝   168.am