Երևանում նոյեմբերի 3-ին մեկնարկել է «Ֆինտեխ360»(Fintech360) միջազգային կոնֆերանսը

Երևանում նոյեմբերի 3-ին մեկնարկել է «Ֆինտեխ360»(Fintech360) միջազգային կոնֆերանսը
Երևանում նոյեմբերի 3-ին մեկնարկել է «Ֆինտեխ360»(Fintech360) միջազգային կոնֆերանսը։ Միջոցառման մասնակիցներին և հյուրերին ողջունել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Կենտրոնական բանկի նախագահ Հովհաննես Խաչատրյանը, «Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։ 
Դավիթ Սահակյանն իր խոսքում անդրադարձել է միջոցառման կարևորությանը,  նշել, որ բացի շատ հետաքրքիր և ուսանելի դասախոսություններից, այն  նաև հնարավորություն է նոր ծանոթությունների հաստատման, ինչպես նաև Հայաստանում գործունեություն սկսելու և ծավալելու համար:  Նա կոնֆերանսի մասնակիցներին տեղեկացրել է տեխնոլոգիական կազմակերպությունների համար  Հայաստանում գործող արտոնությունների և դրամաշնորհային ծրագրերի մասին, անդրադարձել է  նախարարության կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերին, դրանց արդյունավետությանն ու կարևորությանը։  
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև նախարարության գործունեության շրջանակները, որի կարևոր ուղղություններից է համարվում ֆինտեխը։ Նա ընդգծել է, որ նախարարությունը՝ Կենտրոնական բանկի հետ համագործակցության շնորհիվ, արդյունավետ աշխատանքներ է իրականացնում տվյալ ուղղությունն առաջ մղելու և զարգացնելու համար:
Կենտրոնական բանկի նախագահ Հովհաննես Խաչատրյանը ևս ողջունել է միջոցառման մասնակիցներին, խոսել ոլորտի զարգացումների, այդ ճանապարհին Կենտրոնական բանկի ունեցած գործունեության և դերակատարության մասին, անդրադարձել է թվայնացման ազգային օրակարգի, կիբեռանվտանգության, մի շարք այլ ուղղություններով իրականացվող աշխատանքներին։
«Յունիբանկ»-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանն էլ անդրադարձել է միջոցառման պատմությանը, նշել, որ 20 տարուց ավելի տարբեր երկրներում անցկացվող այս կոֆերանսն արդեն 2-րդ անգամ է հյուրընկալվում Հայաստանում։ Մինչև 2020թ այն անցկացվել է «Ապագայի բանկեր» անվանումով, սակայն՝ նկատի ունենալով ժամանակակից բանկային համակարգում տեխնոլոգիական լուծումների լայն կիրառությունը և դրա պահանջարկի ավելացումը, այն վերանվանվել է «Ֆինտեխ360»»։
Երկօրյա կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն դասախոսություններ, տեղի կունենան պանելային քննարկումներ «Բանկերի ռազմավարությունն ու մարտավարությունը թվային հեղափոխության դարաշրջանում», «Էլեկտրոնային փողերի և դրամական փոխանցումներ», «Անհպում վճարումների և բջջային ծառայությունների էվոլյուցիան», «Նեոբանկերի ապագան» և մի շարք այլ թեմաներով։ 
«Ֆինտեխ360»-ը Հայաստանում է համախմբել ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների աշխարհի տարբեր երկրներից՝ ի մի բերելու ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի վերջին միտումները, գտնելու նոր գործընկերներ և բիզնեսի զարգացման հնարավորություններ, ինչպես նաև կիսվելու իրենց փորձով ու ձեռքբերումներով։