Հայտարարագրումը ոչ թե կոռուպցիան բացահայտելու, այլ բյուջեի եկամուտներն ապահովելու միջոց

Ինչու՞ է կառավարությունը ցանկանում, ի վերջո, կյանքի կոչել համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը։ Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարգրման փորձ Հայաստանում արվեց՝ 2006 թվականին, բայց ըստ էության ձախողվեց։ Ընդունվել էր «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարգրման մասին» օրենքը։ Այն աստիճանական բնույթ ուներ․ սկսվելու էր 2008 թվականից, 2007 թվականին ստացած եկամուտների մասով, իսկ հայտարարագիր ներկայացնելու էին 8 մլն դրամ և ավելի եկամուտ ունեցողները։ 2008-ին արդեն 7 մլն դրամ ու աստիճանական՝ մինչև 2014 թվականն իրենց եկամուտները հայտարարագրելու էին 1 մլն դրամ եկամուտ ունեցողները։
Ֆիզիկական անձինք պետք է հայտարարագրեին եկամուտներն ամբողջությամբ՝ ժառանգությունից մինչև խաղատներում կամ շահումներով խաղերում ստացած եկամուտներ (https://www.arlis.am/documentview.aspx?docid=25661), վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցում, քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից մինչև շահաբաժին ու փոխառություն։ 2006 թվականի հուլիսին ստորագրված օրենքն այդպես էլ կյանքի չկոչվեց։
Հարկային փորձագետ Հովհաննես Ժամկոչյանն, ով այս համակարգի ներդրման հիմքերում է եղել, ejc․am-ի հետ զրույցում հիշեցնում է, որ հայտարարագրման ինստիտուտը գործում է բոլոր առաջավոր երկրներում, վերաբերում է ֆիզիկական անձանց եկամուտներին։ Նրանք որոշակի ժամանակահատվածում՝ մեկ տարվա համար ներկայացնում են իրենց ստացած եկամուտները, որոնցից առաջանում են հարկային պարտավորություններ։ Հիմնական նպատակը ո՛չ միայն և ո՛չ այնքան կոռուպցիոն ռիսկերը բացահայտելն է, այլ՝ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունները կատարելը։
Պարոն Ժամկոչյանը հիշեցնում է, որ մինչ այդ, 2000 թվականին կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքները կանոնակարգելու նպատակով պետք է ստեղծվեր հանձնաժողով՝ ՀՀ քաղաքացիների եկամուտների, գույքի և ծախսերի հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով (https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=8087)։
Սա, ըստ էության, եկամուտների համատարած հայտարարագրման առաջին փորձն էր։ Բայց իրականությունը ցույց տվեց, որ համակարգը լիարժեք չէր։ Որքան էլ պաշտոնատար ու վերջիններիս փոխկապակցված անձինք հայտարարագիր են ներկայացնում, միևնույնն է՝ հնարավոր չէ որևէ կերպ ստիպել, որ վերջինիս ամբողջ շրջապատը հայտարարագիր ներկայացնի։ Միշտ էլ կգտնվեն հարազատներ, ընկերներ, ովքեր պարտավոր չեն ներկայացնել հայտարարագիր, ում միջոցով էլ պաշտոնատար անձը կարող է զբաղվել կոռուպցիայով ։
Այժմ էլ գործում է բարձրաստիճան անձանց եկամուտների հայտարարագրումը
Ավելին նաև փոխկապակցված անձանց ու հայտարարագիրը լրացնող պաշտոնյաների ցանկն է ընլայնվել։ 2021 թվականի հունվարի 21-ին ընդունված ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի համաձայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձինք հանդիսանում են հայտարարատու պաշտոնատար անձինք։ Նույն օրենքի համաձայն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարների, 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանու անդամների, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների պաշտոն զբաղեցնող անձինք մինչև 2021 թվականի մայիսի 31-ը պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնեն պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր:
Պաշտոնեական պարտականությունների ստանձնման ամսաթիվ է համարվում օրենքի ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 2021 թվականի փետրվարի 17-ը։ Հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական տույժ (տուգանք)՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
Փորձագիտական դաշտում, սակայն, կարծում են՝ պարտադիր չէ, որ գույքը գրանցված լինի փոխկապակցված անձի անունով։ Կարող է այն գրանցված լինել օրինակ՝ հայտարարագիր լրացնելու պարտավորություն ունեցող անձի ընկերոջ, բարեկամի անունով, ով փոխկապակացված անձ չէ։ Գործող օրենսդրությամբ, եթե անձը օգտագործում է մեկ այլ անձի գույք, օրինակ՝ մեքենան, այն ևս պետք է հայտարարագրի։ Միայն թե մեկ տարի անց։ 2022 թվականին օգտագործած գույքի հայտարարագիրը ներկայացվում է 2023 թվականին։ Հ․ Ժամկոչյանն ընդգծում է՝ եթե չհայտարարագրի, որևէ մեկը չի իմանա դրա մասին։ «Սա ինքնանպատակ է դառնում, որպեսզի այդպիսին չլինի, պետք է հայտարարագիր ներկայացնեն բոլոր չափահաս անձինք» ։
Կարևորը առաջին անգամ հայատարարգիր ներկայացնելն է
Հովհաննես Ժամկոչյանը համոզված է՝ շատ բան կախված է նրանից, թե որքա՞ն գումար ու արժեքավոր գույք է հայտարարագրվում առաջին անգամ,այսինքն ի՞նչ հնարավորություններով է անձը մտնում կյանք։ Եթե առաջին հայտարարագրով նշվում է օրինակ մեկ միլիոն դոլար գումար որպես գույք, ապա այն և հետագա տարիների հայտարարագրերի եկամուտները, դառնում են անձի կատարած ծախսերի հնարավորությունները։ Առաջին հայտարարագրի ճշտության առումով ռիսկային է չունեցած դրամական միջոցներ կամ արժեքավոր գույք հայտարարագրելը: Ռիսկի չեզոքացման ուղղությամբ անհրաժեշտ կլինի կիրառել որոշակի մեխանիզմներ:
Միջազգային փորձը
ԱՄՆ-ում 18 տարին լրանալուց հետո քաղաքացիները հայտարարագրում են իրենց եկամուտը՝ անկախ նրանից, թե որտեղից են դրանք առաջանում՝ շահաբաժիններից, փոխառությունից, բաժնետոմսերից, թե աշխատավարձից։ ԱՄՆ-ում 2005 թ.պետական բյուջե հավաքագրած 2 տրիլիոն դոլար հարկային եկամուտներից 880 միլիարդ դոլարը կամ 44 տոկոսը հավաքագրվել է 150 միլիոն ֆիզիկական անձանց ներկայացրած հայտարարագրերից։ Հարկային փորձագետը, նշում է, որ եթե ֆիզիկական անձն իր բնակարանը տալիս է վարձով, եկամուտ է ստանում, պետք է վճարի օրենքով սահմանված եկամտային հարկ։ Մինչդեռ հայկական իրականությունում երբեք մարդը չի գնում հարկային մարմին ու չի ասում, որ տասը տուն ունի ու դրանք վարձով է տալիս։ Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը առաջին հերթին պետք է ապահովի ֆիսկալ արդյունքներ, ապա նոր միայն բացահայատեն կոռուպցիոն ռիսկերը ՝ վստահ է հարկային փորձագետը։ ejc.am-ի զրուցակիցը նաև ընդգծում է՝ բոլոր սողանցքերը կփակվեն, եթե բոլոր չափահաս քաղաքացիները հայտարագրեն իրենց եկամուտները։ Հակառակ պարագայում այն արդյունավետ չի կարող լինել։
Կհաջողի արդյո՞ք այս անգամ՝ հստակ չէ
Հ․ Ժամկոչյանը փաստում է, որ եկամուտների հայտարարագրումը ենթադրում է, որ եկամուտ ստացող բոլոր քաղաքացիները պետք է որոշակի պարբերականությամբ՝ տարին մեկ անգամ, հայտարարագիր լրացնեն իրենց եկամուտների և ծախսերի վերաբերյալ ու ներկայացնեն հարկային մարմնին, որի հիման եկամուտները հարկվելու են։ Փոխարենը, սոցիալական կրեդիտների համակարգն է առաջարկվելու քաղաքացիներին՝ վճարած հարկերի դիմաց օգտվել այս կամ այն ծառայություններից՝ հիպոթեքային վարկի տոկոսների մարումից մինչև առողջապահական կամ կրթական ծախսեր։
Ըստ մասնագետի՝ 2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրի մասին փաստաթղթում նշվում է, որ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի դեպքում սոցիալական նշանակության տարբեր ծախսերի փոխհատուցմամբ կառավարությունը կարող է նաև հասարակության (կրթական, առողջապահական) ծախսերն ուղղորդել դեպի առավել որակյալ ծառայությունները (ավելի բարձր փոխհատուցում նախատեսելով որակյալ բուհական ծառայությունների դիմաց) (https://www.arlis.am/documentView.aspx?docID=167328):
Սոցիալական կրեդիտների համակարգի կիրառությամբ կընդգծվի ծառայությունների առանձին ուղղություններով (օրինակ՝ առողջապահական) թափանցիկ և հաշվետու տնտեսավարողների խրախուսումը՝ նրանց ծառայությունների պահանջվածությունը բարձրացնելու եղանակով։ Նախատեսվում է այն ներդնել փուլային տարբերակով։ Առաջին փուլում, ամենայն հավանականությամբ, կլինեն պետական համակարգի աշխատողները։ Մյուս երկու փուլերում արդեն շահառուների թիվը կավելանա։ Արդեն 2025 թվականի համար եկամուտները կհայտարարագրեն բոլոր եկամուտ ստացողները։ Թե ե՞րբ նախագիծն ամբողջական կդառնա, պարզ չէ։ Հստակ է, որ այն դեռևս վերջնական տեսք էլ չունի, տեղադրված չէ իրավական ակտերի միասնական www.e-draft.am հարթակում։