Ցորենի համաշխարհային գները հոկտեմբերին բարձրացել են
Հոկտեմբերին ցորենի եւ հացահատիկեղենի, ինչպես նաեւ արեւածաղկի ձեթի գների ինդեքսը բարձրացել է սեպտեմբերի համեմատ՝ Ուկրաինայից ցորենի արտահանման հետ կապված անորոշության պատճառով, նշվել է Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) մամուլի հաղորդագրությունում։
FAO-ի պարենային գների ինդեքսն արտացոլում է պարենային ապրանքների զամբյուղի միջազգային գների ամենամսյա շարժը։ Այն ձեւավորվում է ապրանքների հինգ խմբերի ինդեքսների միջին մեծությունների հիման վրա, որոնք ճշտվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նման խմբի միջին բաժինը 2014-2016թթ. արտահանման ծավալում։
Հացահատիկեղենի FAO գների ինդեքսը բարձրացել է՝ 152,3 կետ (4,4 կետով կամ 3 տոկոսով՝ սեպտեմբերի համեմատ)։ FAO-ն դա բացատրում է ցորենի սեւծովյան պահպանվող նախաձեռնության շարունակման հետ կապված անորոշությամբ։
«2022թ. հոկտեմբերին FAO պարենային գների ինդեքսը կազմել է 135,9 կետ եւ մնացել գրեթե անփոփոխ սեպտեմբերի համեմատ։ Ընդ որում՝ ապրանքների խմբերի այս ինդեքսում հաշվի առնվող գների ինդեքսները, բացի հացահատիկեղենից, նվազել են մեկ ամիս առաջվա ցուցանիշներից»,- նշվել է հաղորդագրությունում։
Բուսայուղերի գների ինդեքսը նվազել է 2,4 կետով կամ 1,6 տոկոսով սեպտեմբերի համեմատ՝ 150,1 կետ։ Դա պայմանավորված է արմավի, սոյայի եւ կանճրակի ձեթերի համաշխարհային գների նվազմամբ, ինչը ավելցուկով ծածկում էր արեւածաղկի ձեթի գնանշումների աճը, պարզաբանել են FAO-ում։
Շաքարի գների ինդեքսը հոկտեմբերին իջել է 0,7 կետով կամ 0,6 տոկոսով՝ 109 կետ։ FAO-ն նշել է, որ հոկտեմբերի իջեցումը պայմանավորվել է գլխավորապես աշխարհում «նպաստավոր» առաջարկի կանխատեսմամբ 2022-2023թթ. եւ Հնդկաստանում արտադրության սպասվող աճով։
Կաթնամթերքի գների ինդեքսը նվազել է 2,5 կետով կամ 1,7 տոկոսով՝ սեպտեմբերի համեմատ – 140,1 կետ։ Դա պայմանավորված է ենթադրվող ծավալից պակաս գնումներով Չինաստանի կողմից եւ սփոթ գործարքների թույլ պահանջարկով, քանի որ ներմուծող երկրների մեծ մասը ընթացիկ պահանջմունքները բավարարել էր, բացի այդ՝ նշանակություն է ունեցել նաեւ դոլարի հանդեպ եվրոյի թուլացումը։
Մսի համար FAO գների ինդեքսը նվազել է 1,6 կետով կամ 1,4 տոկոսով՝ սեպտեմբերի համեմատ – 118,4 կետ։ Ամենից շատ իջել են ոչխարի եւ խոզի մսի գները։
Աղբյուրը՝ news.am