«Մենք կկիսվենք բանկի հետ, իսկ բանկը՝ ո՞ւմ հետ»․ Ֆինտեխի քննարկում և կարգավորման նոր նախագիծ

«Մենք կկիսվենք բանկի հետ, իսկ բանկը՝ ո՞ւմ հետ»․ Ֆինտեխի քննարկում և կարգավորման նոր նախագիծ

«Յունիբանկ» ԲԲԸ-ի և Յունիստրիմ միջազգային դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ օրերս  կազմակերպված FINTECH360-ը համախմբել էր   բանկերի, դրամական փոխանցումների, վճարային համակարգերի, հեռահաղորդակցության և ՏՏ ընկերությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ղեկավարներին վերահսկող մարմինների ներկայացուցիչներին։  Ի դեպ, այն Երևանում անցկացվում էր առաջին անգամ։

FINTECH360-ի քննարկման թեմաները թվային դարաշրջանի օրակարգից էին։

• Customer Journey. աշխատանքային միգրանտները թվային դարաշրջանում և դրամական փոխանցումների շուկայի միտումները,

• Big Data-ն և արհեստական ինտելեկտը

• Անհպում վճարումների և մոբայլ ծառայությունների զարգացումը

• Մարքեթփլեյսներ և բանկային էկոհամակարգեր

• Նեոբանկերի ապագան

• Open Banking. ակնկալիք և իրականություն

• Կիբերանվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն

• Միջազգային հաշվարկներ կրիպտոարժույթով. համաշխարհային փորձ

• Կենտրոնական բանկերի թվային արժույթներ

• Միջբանկային  վճարումները նոր իրողություններում

• «Կանաչ» ֆինտեխ՝ որպես ESG օրակարգի մաս

• RegTech և համապատասխանության ռիսկերի կառավարում:

«Ֆինտեխի» տակ շատերս հասկանում ենք  կրիպտոարժույթ, որը պոտենցիալ մրցակից կդառնա բանկերին։ Սակայն հաճախորդների վարքագծի ավտոմատ վերլուծությունը, բանկային հավելվածների նոր ֆունկցիաները, անհատականացված բանկային պրոդուկտներն ու սակագները՝  այս աբողջը ևս ֆինտեխ է։ Եթե բակները դրանով չզինվեն ու բավարարվեն ավանդական ֆինանսական միջնորդությամբ՝ նրանք կարող են կորցնել հաճախորդներ։

Ի՞նչ օգուտ, որ շատ գիտեն

Տվյալները, որը բանկը կարող է հավաքել մեր մասին, նա գրեթե չի օգտագործում  անհատական պրոդուկտներ կազմելու համար, նշում է Ռուսաստանի էլեկտրոնային դրամի և դրամական փոխանցումների շուկայի ասոցիացիայի նախագահ Վիկտոր Դոստովը։  Հաճախորդների տվյալների անալիզի խորությամբ՝ բանկերը միջինում մի քանի անգամ զիջում են օնլայն-խանութներին և մի կարգով՝  սոցցանցերին։ Սա այն դեպքում, երբ սոցցանցը մեր մասին գիտի միայն այն, ինչ մենք կպատմենք։ Իսկ բանկում մենք սովորաբար պատասխանում ենք, թե որտե՞ղ ենք աշխատում, ի՞նչ ծախսային նախասիրություններ ունենք, և այլն։ Այստեղ բանկերի առավելությունը նրանց վստահելիությունն է։

«Կարծես թե, բանկինգում արհեստական բանականություն թեմայով կատարվում են բազում վերլուծություններ։ Բայց առայժմ, երբ ես գալիս եմ  բանկ, աշխատողին հետաքրքիր է միայն, թե ես, օրինակ, ամսական 200 հազար ռուբլուց ավել կամ պակաս եմ ծախսում, որից կախված՝ ինձ կտան սպասարկման սովորական կամ VIP-սակագին։  Այսինքն՝ այն ամենը, ինչ նրանք գիտեն իմ մասին, նրանք որևէ կերպ չեն օգտագործում։ Մինչդեռ ակնհայտ է, որ անհատականացված ծառայությունները գնալով ավելի գրավիչ կդառնան ստանդարտ պրոդուկտների նկատմամբ։ Բանկերը պիտի դա հաշվի առնեն», - նշում է Դոստովը։

Հետևաբար, բանկերը պետք է առաջարկեն ծառայությունների նոր էկոհամակարգեր՝  հիմնված իրենց հարուստ տվյալների բազաների վրա։  Այլ բան է, թե ինչպես դրան կնայի կարգավորողը․ քաղաքացու մասին շատ բան իմանալը համարվում է պետության մենաշնորհը։

Բայց և այնպես, եթե բանկերը, այսօրվա պես, մնան միայն միջնորդներ,  նրանք կարող են մեծապես կորցնել այս դերը կենտրոնական բանկերի թվային արժույթների  ներդրումից (որտեղ փողի բաշխումը սպառողներին կկարողանա կատարել անմիջապես ԿԲ-ն) հետո։ Բացի այդ, բանկերին նաև ավելի դժվար կլինի մրցել թվային բանկերի հետ, որոնց ակտիվությունը գնալով աճում է։

+IMG_20221103_100230.jpg (949 KB)

Բաց բանկինգ

Պատկերացրեք, որ կենցաղային տեխնիկայի խանութների ցանցն ուզում է մեզ տրամադրել ոչ միայն զեղչային, այլև բանկային քարտեր։ Ինչու՞․ որովհետև, ինչպես նշեցինք, բանկն իր հաճախորդի մասին կարող է ստանալ շատ ավելի շատ տվյալներ (պատկերացրեք, թե իմանալով մեր քարտային գործարքների պատմությունը, գնումներից հասկանալով մեր նախասիրությունները, որքան հստակ թիրախավորված մարկետինգային առաջարկներ խանութը կկարողանա  անել)։ Բայց, բնականաբար, հատուկ դրա համար խանութը կամ սրճարանը չեն կարողանա ձևակերպել բանկային լիցենզիա (դա անհամաչափ մեծ ծախսեր կպահանջի)։ Open banking-ի դեպքում բանկը կկարողանա տրամադրել իր ծառայությունների այդ և այլ «կտորներ»՝ խանութի բրենդի տակ․ ճիշտ այդպես, ինչպես սուպերմարկետներն իրենց բրենդի տակ երբեմն վաճառում են տարբեր ապրանքներ: Սրա համար անհրաժեշտ է «ընդամենը» մի ծրագիր, որը բանկի և բիզնեսի համակարգերը կկապի իրար։ Սակայն այդ «ընդամենը» բառի ետևում պիտի կանգնած լինեն բազմաթիվ պահանջներ՝  ծրագրերի անվտանգության, և օգտագործողների բարեխղճության՝ ինչը ոչ պակաս կարևոր է։ 

Ֆինտեխ եւ բանկեր

Իհարկե, ֆինտեխ ընկերությունները կարող են բանկերին տրամադրել օգտակար ծառայություններ։ Բացի բանկային հավելվածներից կամ բանկ-հաճախորդ ռոբոտացված չատերից (chatbot), որոնք արդեն սովորական են դարձել, ֆինտեխը բանկերին կարող է առաջարկել անվտանգության ծրագրերի մեքենայական ուսուցում ՝ խարդախությունների դեմ, կամ համակարգերի սթրես-տեստեր՝ հաքերային հարձակումների դեմ (penetration test):

Սակայն, այդ ծառայությունների համար ֆինտեխը պետք է մուտք ունենա բանկերի տեղեկատվական համակարգեր։ Հարցն այն է, թե արդյոք բոլոր ֆինտեխ ընկերությունները կպատկերացնեն, թե ինչ պատասխանատվության հետ գործ ունեն, նշեց է InfoSec կիբերանվտանգության ոլորտի ընկերության հիմնադիր Կարեն Գասպարյանը։  

Անգամ, եթե ֆինտեխը հետևի այդ բերեվարքությանը, արդյոք նրանք կկարողանա՞ն ներդնել այնքան գումար անվտանգության մեջ, որքան դա կարող են թույլ տալ բանկերը։

Բացի այդ, հավելում է տեղեկատվության անվտանության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այսօր անվտանգությունը հակառակ համեմատական է ծառայության պարզությանը, ինչը բանկին (և ֆինտեխին) կանգնեցնում է երկընտրանքի առաջ․ լինել «անվտանգ», թե՞ «հաճախորդակենտրոն» (որքան էլ մեկը լրացնի մյուսին)։

Այստեղ է, որ իր կարգավորիչ դերը պետք է ավելացնի գլխավոր դրամատունը՝ ֆինանսականից բացի, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։  

Եւ, վերջապես, նախագիծ

Ֆինտեխ ծառայությունները նոր թափ կառնեն, երբ Հայաստանում կներդրվի ազգային ID համակարգ, որը անձին կանհատականացնի բոլոր տեղեկատվական համակարգերում։ Open banking-ի ստանդարտներ կամ տեսլական Հայաստանում  դեռ չկա, բայց ակնհայտ է, որ բանկային ծառայությունների աութսորսինգը որոշակի փոփոխություններ կարող է բերել, նշեց ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է առհասարակ ֆինտեխին, ապա Հայաստանն այս պահին մոխրագույն գոտի է՝ ոչ սպիտակ (որտեղ այն թույլատրված է), բայց՝ ոչ էլ սև (որտեղ արգելված է)։  Սակայն ԿԲ-ն անընդհատ հետևում  է գործընթացներին և կազմել է նախագիծ, որով առաջարկում է կարգավորվել այդ ծառայությունները։ Օրինագիծը, որը  քննարկվում է կառավարության և մասնավորի հետ․  դեռևս  «հում» վիճակում է, ուստի դրա բովանդակությունը դեռ չի հրապարակվում։

Բնականաբար, ԿԲ-ն ուշադիր հետևում է, թե այդ հարցերին ինչպե՞ս են փորձել պատասխան գտնել ԵՄ-ում, որտեղ շուրջ մեկ ամիս  առաջ ընդունվել է MiCA (Markets in Crypto Assets) կանոնակարգը։ Ֆինտեխ ոլորտի ընկերություններից կպահանջվի, որ նրանք պահպանեն կապիտալի պահանջները։ Դրանց ծավալը MICA-ի տեքստում նշված չէ (ըստ ամենայնի, այն կորոշվի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից), բայց ակնհայտ է խիստ կանոնակարգում, որը համեմատելի կլինի բանկի հետ։ Նմանապես, ֆինտեխ ընկերությունների ղեկավար կազմը պիտի ունենա որակավորում և փորձ, ինչպես նաև՝ պետք է կազմել փողերի լվացման դեմ հաշվետվություններ։

Այս ամենը մեկ անգամ ևս հուշում է, որ ոլորտը կանոնակարգելու համար պետք է ծածկել փողերի լվացման հատվածը (AML), նշեց Խաչատրյանը։ Այս պահանջների պահպանման ներքո կենտրոնական բանկը շարունակում է քննարկել թվային դրամի ներդրումը։ Վերջինիս համար դեռ պարզ չէ, թե ինչ ձևաչափ կառաջարկի ԿԲ-ն՝ կենտրոնացվա՞ծ համակարգ  (centralized ledger), թե՞ բաշխված։ Պարզ չէ նաև, թե որքանով ԿԲ-ն կողմ կլինի անհատականացված պրոդուկտների համար անձնական տվյալների վերլուծություններին, ինչի մասին արդեն խոսել ենք։