Չինաստանն ավելացնում է նավթի ու պղնձի ներմուծումը, բայց դեռ վաղ է հուսադրվել

Չինաստանը հոկտեմբերին ավելացրել է նավթի ներմուծումը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով ՎԺՀ–ի մաքսային վիճակագրությունը։
Մայիսից սկսած աճը տեղի է ունեցել ամսեամիս։ Սակայն այս դեպքում նավթի ներմուծման աճի գլխավոր շահառուն ոչ թե Չինաստանի արդյունաբերությունն է, այլ ընդամենը դրա մի հատվածը` նավթավերամշակող ճյուղը։ Նավթամեթրքի արտահանումը նրանց համար դարձել է շահութաբեր` հաշվի առնելով նավթի համաշխարհային բարձր գները։ Որպեսզի արտահանման պատճառով երկրի ներսում նավթի, դիզվառելիքի և այլ նավթամթերքի դեֆիցիտ չառաջանա, Չինաստանը քվոտավորում է դրանց արտահանումը։ Սակայն այս անգամ Չինաստանի իշխանությունները որոշել են զիջումների գնալ և ավելացրել են արտահանման քվոտան` ի նպաստ նավթավերամշակողների։
Չինաստանի գործարանները ևս չեն վերականագնում արտադրության ծավալները և չեն ավելացնում ռեսուրսների սպառումը. սա վերաբերում է ոչ միայն նավթին, այլև պղնձին։ Սակայն, բարեբախտաբար, երկրի իշխանություններն ավելացել են ենթակառուցվածքային ծրագրերը` տնտեսական ակտիվությունը խթանելու համար։ Քանի որ կապիտալ շինարարությունը ևս պղնձի խոշոր սպառող է, այս տարվա հունվար–սեպտեմբերին պղնձի ներմուծումը դեպի Չինաստան աճել է գրեթե 30%-ով` անցած տարվա նույն ամիսների համեմատ։
Հիշեցնենք` այս տարվա հունվար–սեպտեմբերի տվյալներով, Հայաստանն ավելացրել է պղնձի խտանյութի արտահանումը փոքր–ինչ ավելին, քան մեկուկես անգամ (գումարային արտահայտությամբ` շուրջ $512 մլնմ)։ Այն մնում է Հայաստանի գլխավոր արտահանելի ապրանքատեսակը (ընդհանուր արտահանման մեջ կազմելով շուրջ 15%)։
Նշենք, սակայն, որ դոլարի արժեզրկումը “խժռել է” հայաստանյան հանքերի դրամային հասույթի մի մասը, թեև փոխարենը նրանք ստացել են նպաստավոր պայմաններ` սարքավորումներ ներմուծելու, ինչպես նաև` գազի սպառման համար (քանի որ խոշոր սպառողների համար դրա սակագինը հաշվարկվոմ է դոլարի հիմքով)։