Ռուսաստանում գրանցվել է Հայաստանից, Ղրղըզստանից եւ Ուզբեկստանից միգրանտների ռեկորդային արտահոսք

Ռուսաստանում գրանցվել է Հայաստանից, Ղրղըզստանից եւ Ուզբեկստանից միգրանտների ռեկորդային արտահոսք

2022թ. ութ ամիսներին Ռուսաստանում գրանցվել է Հայաստանից, Ղրղըզստանից եւ Ուզբեկստանից միգրանտների ռեկորդային արտահոսք։ 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2022թ. հունվար-օգոստոսին Ռուսաստան է եկել մոտ 444 հազար միգրանտ, հեռացել է ավել քան 506 հազար։ Այսպիսով, միգրացիոն արտահոսքը կազմել է 62,5 հազար մարդ։ Նման բան չի եղել անգամ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, նշել են փորձագետները։ 2021 եւ 2020թթ. Ռուսաստանում նկատվել է օտարերկրյա քաղաքացիների ներհոսք (գումարած 212,3 հազար եւ 68,8 հազար՝ համապատասխանաբար)։

Մինչեւ ռուսական ռազմական ներխուժումը ՌԴ աշխատելու էին գալիս ուկրաինացիներ։ 2021թ. 8 ամիսների արդյունքներով՝ Ուկրաինան երկրորդ տեղում էր բոլոր երկրների շարքում (միգրացիոն ներհոսքը կազմել էր 34,6 հազար մարդ)։ Ավելի շատ միգրանտներ եղել են միայն Տաջիկստանից (գումարած 49,2 հազար)։

Իսկ այժմ ուկրաինացիները, ինչպես եւ մյուս բոլոր միգրանտները, փախչում են Ռուսաստանից, նշել են վերլուծաբանները։ Անցած 8 ամիսներին Ուկրաինայից միգրանտների նվազումը կազմել է 8,5 հազար մարդ։ Արտահոսքի գծով ռեկորդակիր են Հայաստանը (մինուս 15,7 հազար), Ղրղըզստանը (մինուս 14 հազար), Ուզբեկստանը (մինուս 13,7 հազար)։ Միայն մեկ երկրից՝ Տաջիկստանից եկողների թիվն է գերազանցում հեռացածներին (բայց ներհոսքն, այնուամենայնիվ, ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ՝ գումարած 41,7 հազար մարդ)։

Աղբյուրը՝   news.am