2023-ին ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու. «Փաստ»

2023-ին ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2023-ի բյուջեն պլանավորվում է այս տարվա դրական միտումների, այս պահի դրությամբ 14 տոկոս տնտեսական ակտիվության վրա: Անդրադառնալով 2023 թ. բյուջեի նախագծին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագետ Կարեն Ադոնցը:

«Եթադրվում է, որ հաջորդ տարի մոտ 7 տոկոս տնտեսական աճ կունենանք, և հենց այդ ենթադրությունների հիման վրա էլ բյուջե է պլանավորվում: Միևնույն ժամանակ, գիտենք, թե այս տարվա ՏԱՑ-ն ինչ գործոններով է պայմանավորված. ՌԴ քաղաքացիների ներհոսք ՀՀ, այդ բազայի վրա պահանջարկի ավելացում, ինչը և բերել է սպառողական ծառայությունների, նաև բանկային համակարգի ակտիվ զարգացման: Այս գործոնների արդյունքում տնտեսական ակտիվություն ունենք: Այսինքն, տնտեսության բուն կառուցվածքի իրական փոփոխություններ տեղի չեն ունենում, որը կարող էր երաշխիք լինել հետագա տնտեսական աճի համար: Այսօրվա կառուցվածքային փոփոխությունները վաղվա տնտեսական զարգացման հիմքը կարող են դառնալ, որոնք, սակայն, տեղի չեն ունենում:   Ինչ վերաբերում է 2023-ի բյուջեի պլանավորմանը, կարծում եմ, որ 2023-ին, մեծ հաշվով, ռիսկային տնտեսական միջավայր ենք ունենալու, որովհետև այս տնտեսական ակտիվությունը փաստացի իրավիճակային է, զարգացման շարունակականություն չունի», ընդգծեց տնտեսագետը՝ շեշտելով, որ մարդիկ հաջորդ տարի այս տեմպերով Հայաստան չեն գալու:

«Այս բարձր տեմպերով պայմանավորված բազայի վրա տնտեսական աճ պահպանելու երևույթի մենք հաջորդ տարի ականատես չենք լինելու, եթե, իհարկե, մեզ համար ավելի դրական աշխարհաքաղաքական ինչ-որ գործընթացներ չլինեն: Մեծ հաշվով, հաջորդ տարվա տնտեսական աճի հավանականությունը շատ փոքր է, ռիսկայնությունը՝ մեծ: Ավելին, հավանական է, որ հաջորդ տարի տնտեսական անկում լինի»,-հավելեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով այն հանգամանքին, որ, ըստ 2023-ի բյուջեի նախագծի, սպասվում է 2 տրլն 301,3 մլրդ դրամի եկամուտ, բայց ավելի մեծ ծախսեր ու նաև դեֆիցիտ, որը լրացվելու է պետական պարտքը ավելացնելու հաշվին,  տնտեսագետը նշեց.

«Այստեղ շատ կարևոր նրբություն կա: Մենք գիտենք, որ Հայաստանում արտարժույթի մուտքն էապես ավելացել է, որը բերել է դրամի ուժեղացման: Դրամի ուժեղացման պայմաններում շատ բնական կլիներ, եթե կառավարությունն օգտագործեր այդ հնարավորությունը: Մասնավորապես, խթաներ նոր ոլորտների զարգացումը՝ դրսից նոր մեքենասարքավորումների, հումքի ներմուծման միջոցով: Այս իրավիճակում կարելի է խթանել տնտեսության կառուցվածքային վերափոխումը, բայց կառավարությունը դա չի անում, որովհետև դրամի արժևորումը պայմաններ է ստեղծում, որ նույն պետական պարտք/ՀՆԱ համադրությունը 60-ից մինչև 51 տոկոս իջեցվի, ինչը ևս արհեստական է ու պայմանավորված է զուտ դրամի ուժեղացմամբ: Երբ դրամն ուժեղանում է, ՀՆԱ-ի նկատմամբ արտաքին պարտքը ավտոմատ կերպով փոքրանում է»:

Աղբյուրը՝   shabat.am