Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են
Այս տարվա հունիս ամսից ՀՀ պետական բյուջեի միջոցներով սկսվել եւ ընթանում են Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ճանապարհի 14 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Շանթ-Սեյրան» ՍՊԸ տնօրեն Արմեն Ղուկասյանը, հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մարտունի քաղաքի Կամոյի փողոցից եւ ավարտվում Գեղհովիտի Նշխարք բնակավայրի մոտակայքում։ Շինաշխատանքների իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 3 միլիարդ 299 հազար դրամ, որից այս տարի հատկացվելու է 1 միլիարդ 623 միլիոն դրամը։
Ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 106600 քառակուսի մետր երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, եւս 6000 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում՝ մուտքերում եւ անցումներում, ջրահեռացման համակարգի կառուցում, մայթերի կառուցում Մարտունի քաղաքում եւ Գեղհովիտ գյուղում։ Ճանապարհը կահավորվելու է ճանապարհային նշաններով։ Շինարարական աշխատանքներն իրականացնում են Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2023 թվականին։
«2022 թվականի նոյեմբերի 10-ի դրությամբ իրականացվել է այս տարի նախատեսված աշխատանքների շուրջ 80 տոկոսը։ Շուրջ 8 կիլոմետր երկարությամբ եւ 52 հազար քառակուսի մետր մակերեսով տեղադրվել է երկշերտ ասֆալբետոնյա ծածկ, իրականացվել են ջրահեռացման համակարգերի կառուցման, հողային եւ այլ կարգի աշխատանքներ։ Մնացած աշխատաքնները կհասցնենք ավարտել մինչեւ տարեվերջ։ Գեղհովիտի ներսում, մոտ 6 կիլոմետր երկարությամբ, ասֆալտբետոնյա երկշերտ ծածկի տեղադրումը կսկսենք եկող տարի, երբ այստեղ ավարտի կհասցվեն խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները»,-ներկայացրեց Արմեն Ղուկասյանը։
Աղբյուրը՝ armenpress.am