ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում կներդրվի թափոնների կառավարման համակարգի լավագույն մոդելը

ԵՄ-ի աջակցությամբ Հայաստանում կներդրվի թափոնների կառավարման համակարգի լավագույն մոդելը

Եվրամիություն- Հայաստան Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացվող արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ծրագիրը էապես կնվազեցնի թափոնների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և կխթանի ներդրումների ներգրավմանը։

«Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը ԵՄ-Հայաստան Համապարփակ և Ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը։

«Շատ երկրներ միջոցներ են ձեռնարկել՝ արգելելու մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակների արտադրանքը։ Ինչպես տարածաշրջանում այլ երկրները, Հայաստանում ևս թափոնների մեծ մասը հայտնվում են աղբանոցներում և դրա մի փոքր մասն է վերամշակվում։ Բնական պաշարների կայուն օգտագործումը Շվեդիայի համար առաջնահերթություն է և համապատասխանում է Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև Հայաստանի ռազմավարությանը։ Մենք համագործակցում ենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Շրջակա միջավայրի նախարարությունների, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ այդ ռազմավարությունը կյանքի կոչելու հարցում։ 3,2 միլիոն եվրոյի չափով այս ծրագիրը վերաբերվում է հենց կենցաղային աղբի տարանջատմանը և արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրմանը»,- ասաց Սվենսոնը։

Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը նշեց, որ ծրագիրը կօգնի արտադրողներին վերամշակվող արտադրանք նախագծել, որը կնպաստի Հայաստանի կայուն զարգացմանը։ «Թափոնների կառավարումը շատ կարևոր բաղադրիչ է շրջակա միջավայրի համար, և Միացյալ Թագավորությունը առաջատար դեր ունի այս հարցում։ Մենք շատ ենք օգնել Հայաստանին՝ թե Կառավարությանը, թե ծրագրային մեր գործընկերներին, որպեսզի միասին կարողանանք պայքարել կլիմայի փոփոխության դեմ։

Հայաստանը դեռևս թափոնների կառավարման լավագույն մոդելի մշակման փուլում է։ Այս հարցում շատ կարևոր է ընդգծել մասնավոր և հանրային սեկտորի միջև համագործակցությունը։ Ինչքան լավ լինի այդ համագործակցությունը, այդքան ավելի լավ կլինի երկրի մոդելը»,- ասաց  Ջոն Գալագերը։

 

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենն ընդգծեց, որ Միացյալ Նահանգները նույնպես ամեն բան անում է կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար և միլիարդավոր դոլարների ֆինանսավորում է տրամադրել զարգացող երկրներին տարբեր ծրագրերին աջակցելու համար։

«Սա բխում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերից, որ լավ կլիմայական քաղաքականությունը նշանակում է լավ տնտեսական քաղաքականություն։ Հետևաբար, ուրախ եմ, որ հանրային և մասնավոր սեկտորները միասին աշխատում են թափոնների կառավարման համակարգի ներդրման հարցում։ Միացյալ Նահանգները կաջակցի այս ծրագրի իրագործմանը»,- շեշտեց Լեյթինենը։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն իր հերթին նշեց, որ  Հայաստանում արտադրողի կամ ներմուծողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքի հիման վրա թափոնների կառավարման համակարգի ներդրումը իրապես կարևոր գործիքակազմ է, որը կնպաստի շրջանաձև տնտեսության զարգացմանը, կնվազեցնի արտադրանքի և դրա փաթեթավորման ազդեցությանը շրջակա միջավայրի վրա, կխթանի «արտադրողը վճարում է» սկզբունքի իրագործմանը։

«Շատ կարևոր է արձանագրել, որ նման համակարգի ներդրման պարագայում երկրում նպաստավոր պայմաններ կստեղծվեն շրջակա միջավայրի տեսանկյունից անվտանգ արտադրանք շուկա հանելու համար՝ միաժամանակ ապահովելով այն մոտեցումը, որ արտադրող կամ ներմուծող արտադրանքի հետ կապված թափոնների կառավարման ծախսերը ի սկզբանե կհասցեագրվեն արտադրողին կամ ներմուծողին»,- ասաց Գաբրիելյանը։

Աղբյուրը՝    armenpress.am