Բուհը` տնտեսության առաջնագծում

Բուհը`  տնտեսության առաջնագծում

Ejc.am կայքի հարցերին պատասխանում է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, միներալային պաշարների նշանակությունը ժամանակակից  հա­սա­րա­կության կյան­­­­քում որոշ­վում է համախառն ներքին արդյունքի  կառուց­ված­քի, ներ­դրու­­­մային գործըն­­­­թացների, բնակ­չության զբաղվածության, ներկայում և հե­ռա­նկա­րում եր­կրի ներ­քին և արտաքին պա­հանջ­մունք­ների բավարարման, պե­տութ­յան տնտեսական և քա­­­ղա­քա­­կան անվտանգության ապահով­ման մեջ ունեցած  դերով: Այս առումով ի՞նչ դերակատարում ունի այդ ոլորտը, տնտեսության այդ ճյուղը մեր երկրի համար:

-Հա­յաս­տա­նի ընդերքը պարունակում է լայնածավալ հան­­քա­հում­քա­յին հենք, իսկ լեռնամետալուրգիայի ոլոր­­­տի կարևորությունը ընդգծելու համար բերենք մի քանի ցուցանիշներ՝ ըստ մոլիբդենի հանքանյութի արդյունահանման ծավալների Հայաստանն ընդգրկված է 7 առաջատար երկրների ցանկում։ Ընդ որում, մոլիբդենի պաշարներով մենք զբաղեցնում ենք 5-րդ տեղը, նախ­կին ԽՍՀՄ-ում պղնձի արտադրությամբ 3-րդն էինք և զիջում էինք միայն ՌԴ-ին       ու Ղազախստանին: «Արմենալը» Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղ արտադրող ամենաժամանակակից և էկոլոգիապես կա­տա­րե­լագործված միակ ձեռնարկությունն է:  Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ոլորտից  պետական բյուջեի եկամուտները 2016-2020 թթ. Կազմել են Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեի ընդհանուր    եկամուտների միջինում 5.4%: Հանքագործական արդյունաբերության ոլորտում արտադրության ծավալները  2016-2021 թթ. կազմել են Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության ընդհանուր ծավալի 19,36%։

2016-2021թթ.-ի ընթացքում մեր  երկրում հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները կազմել են բոլոր տեսակի արտահանումների միջինում մոտ 29%-ը: Ընդ որում, 2018 թ.-ից սկսած այդ մասնաբաժինը շարունակաբար աճել է և 2021 թ.-ին հասել 32.5%-ի:

Իհարկե,  թվերը տպավորիչ են, սակայն  այժմ ողջ աշխարհում հանքային հումքի դեֆիցիտի աճը հանգեցրել է մե­տաղ­ների, էներ­գետիկ ռեսուրսների, քիմիական հումքի, շինարարական նյութերի գների շարունակական աճի, դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսական կա­յուն զար­գացման համար պետք է  կարևորվեն ընդերքի առաջանցիկ ուսումնասիրությունները, նոր հանքավայրերի բա­ցա­հայ­տումը և արդյունաբերական յուրացումը, հումքի և կուտակված տեխնածին թա­փոն­ների խո­րը համալիր վերամշակումը և այլն։ Դրանք արդյունավետ իրականացնելու համար որակավորված մասնագետներ են պետք։  «Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխ­նո­լո­գիա­նե­րի» ինս­տի­տու­տն ունի՞ նյութատեխնիկական ժամանակակից անհրաժեշտ այն բազան, որտեղ կարող են պատրաստվել և վերապատրաստվել ոլորտին անհրաժեշտ մասնագետները:

-Տեղին ու ցավոտ հարց եք տալիս, սակայն մինչ պատասխանելը, ներկայացնեմ մեր կրթօջախի հայեցակարգային-ռազմավարական կարևոր այն փուլերը, որոնց ճիշտ պլանավորմամբ ու համապատասխան մեխանիզմների կիրառմամբ կկարողանանք որոշակի արդյունքներ գրանցել գոյություն ունեցող մարտահրավերները հաղթահարելու, արտադրության համար անհրաժեշտ որակի մասնագետներ պատրաստելու համար։

Այս տեսակետից մեր առաջին քայլը ընդունելությանը նախապատրաստվելն է: Սա Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինս­տի­տու­տի համար համարվում է ռազմավարական գերակա փուլ,  որի արդյունավետ  կազ­մա­կերպ­ման նպատակով ցանկացած նորարար ծրագրի ներդրում խրախուսվում է, քանի որ կարող է այս  կամ    այն չափով դրական ազ­դե­ցություն ունենալ ուսանողական համակազմի թվաքանակի աճի վրա։ Ուստի այս գործընթացին նպաստող մի շարք առաջարկություններ իրենց կայուն տեղն են գտել ընդունելության կազմակերպման ճանապարհային քարտեզում: Թվարկեմ դրանցից մի քանիսը.

  • տեսահոլովակների պատրաստում և տարածում, հաղորդաշարերի մշակում և հե­ռար­ձակում,
  • ոլորտում հայտնի շրջանավարտների ներգրավմամբ այցերի կազմակերպում հան­րա­պետության ավագ դպրոցներ և քոլեջներ,
  • մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով դիմորդների թիրախ խմբի համար այցերի կազմակերպում ոլորտի գործընկեր և գործատու կազ­մա­կեր­պու­թյուն­ներ,
  • շուկայի պահանջներին համահունչ մասնագիտությունների հեռանկարային ան­վանացանկի կազմում,
  • միջին մաս­նա­գի­տական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության ընդլայնում և այլն:

Վերը նշված մարտահրավերների դիմագրավումը, նախ և առաջ պահանջում է «Լեռ­­նա­մե­տա­լուր­գիա­յի և քիմիական տեխ­նո­լո­գիա­նե­րի» ինս­տի­տու­տի առ­կա գի­տա­կրթա­կան ներուժի և ինս­տիտուցիոնալ կարողությունների վերագնահատում ու դրա հիման վրա խնդիր­­­ների առաջադրում և առաջնահերթությունների սահմանում։

-Կներեք ընդհատելու համար, իմ հարցն էլ հենց այդ էր. Ինստիտուտն ունի՞ ասվածին համարժեք ներուժ:

-Այո, չեմ մոռացել, պարզապես հանգամանքների, իրականության և պահանջների համադրությամբ ես փորձում եմ տրամաբանական եզրակացությունների գալ և Ձեր լսարանի համար լինել առավել հասկանալի ու ընկալելի: Ի սկզբանե ասեմ՝ մի իրողություն ակնհայտ է. այս ամենն իրականացնելու համար անհրաժեշտ է, նախ և առաջ ֆինանսատնտեսական անկախություն և ինքնա­բա­վու­թյուն, առանց որի պարզապես անհնար է ու ավելորդ է խոսել բարձրագույն կրթության ոլորտում պետական քա­ղա­քա­կա­նու­թյան իրականացման մասին։

Երկրի լեռ­­նա­մե­տա­լուր­գիայի և քիմիական տեխ­նո­լո­գիա­նե­րի արդյունավետության բարձ­րաց­ման համար անհ­րա­ժեշտ է մեկ ամբողջության մեջ միավորել բնա­ռե­սուր­սա­յին, գի­տու­թյան և տեխնիկայի ժամանակակից նվաճումների հիման վրա ար­տա­դրա­կան և մտավոր նե­րուժը։ Դա կպահանջի հիմնարար և  կիրառական հե­տազոտությունների առաջանցիկ իրա­կանացում ու հանրապետության էկոնոմիկայի դիտարկվող ոլորտում գիտա­տեխ­նի­կա­կան առաջընթացի և ինովացիոն  փսփոխությունների ըն­դու­նակ նոր սերնդի կադրերի պատ­րաս­տում, ինչն էլ համարում ենք մեր ինս­տի­տու­տի առա­քե­լությունը։

 -Իհարկե, Ձեր ասածի հետ համաձայն ենք,  բայց, քանի որ ինստիտուտը նոր միավոր է,  կարծում ենք, նաև  նոր մոտեցումների անհրաժեշտություն ունի:

-Այո, և դա է եղել Պոլիտեխնիկի երկու ավանդական ֆակուլտետների միավորման հիմքում: Այսինքն, մեզ համար արդյունավետ կրթու­­թյունն է լինելու առաջնայինը, որի նպատակակետը կամ թիրախը աշ­խատաշուկայի համար բարձր որակավորում ունեցող մասնագետների պատ­րաս­տումն է:

Հիմա եկանք Ձեր հարցի պատասխանին՝ որքանով ենք մենք դրան պատրաստ: Պետք է ասեմ, որ այդ տեսանկյունից առկա են որոշակի դժվարություններ, մեղմ ասած՝ ունենք «նեղ տեղեր», որոնք աստիճանաբար վե­րաց­նելով հնարավոր կլինի ապահովել կրթական գործընթացի կատարելագործում։ Ուստի նախ պետք է սկսենք մեզանից, ինչպես ասում են՝ գույքագրենք եղածն ու թարմացումների համար ուղիներ ու միջոցներ գտնենք: Ձեր հերթական հարցը կանխելու համար թվարկենք մի քանի առաջնահերթություններ. առար­կա­յա­կան ցանկերը մասամբ չեն համապատասխանում գիտատեխնիկական առաջընթացի պա­հանջ­ներին, ինչի պատճառով շատ դեպ­­քերում աշ­խատաշուկայի պա­հանջ­մունք­նե­րը բա­վարարելու համար շրջանավարտները վերապատրաստման միջոցով են ձեռք բե­րում ան­հրա­ժեշտ մասնագիտական հմտություններ։

Բակալավրի և մագիստրատուրայի ուսանողները բավարար չափով ներգրավված չեն ինս­տի­տու­­տում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներում, ինչը հնարավորություն չի տալիս ուսա­­նողներին մասնակից դառնալ ստեղծարար, փորձարարական, ինովացիոն աշ­խա­տանքներին։ Դասավանդումը, բացառությամբ որոշ առարկաների, այդ թվում «Երկրա­տե­ղե­կատ­վա­կան տեխնոլոգիաների», իրականացվում է համապատասխան նյութերի մա­տուց­ման ավան­­դական եղա­­նակով և միջոցներով, որոնք ներկայում ուսանողների համար գի­տե­լիք­ների ձեռքբերման բավարար աղբյուր չեն կարող լինել։

Բացի այդ, ժամանակակից կրթական աշխարհում մեծ տարածում ստա­ցած հեռավար կրթությունը, որպես ուսուցման կազմակերպման այլընտրանքային և արդյունավետ ձև, գիտատեխնիկական հագեցվածություն պահանջող այդ եղանակի լիարժեք ներդրման, ինչպես նաև դասախոսական անձնակազմի վերապատրաստման նոր մակարդակի անհրաժեշտություն ունի:

-Հասկանալի է՝ եղած միջոցներն ու նյութական բազան առայժմ բավարար չեն, սակայն ինստիտուտի տեսլականում Դուք ունեք բավականին խոստումնալից և անգամ համարձակ գաղափարներ և ծրագրեր,  ի՞նչ հնարավորություններ եք տեսնում դրանք իրականություն դարձնելու համար և նշմարու՞մ եք  որոշակի ժամկետներ:

- Այո, Դուք ճիշտ եք, տեսլականը բավականին խոսուն է և իրականացման համար պահանջում է ոչ միայն նյութական ներդրումներ: Հիմք ընդունելով ըստ մասնագիտությունների միջազգային չափորոշիչները, նշված փաստաթղթով մենք առաջնայնություն ենք տվել աշխատաշուկայի պա­­հանջներին առար­կա­յա­կան ցանկերի և ծրագրերի համապատասխանեցմանը, որոնք թելադրված են գիտատեխնիկական առաջընթացով և ելակետ ունեն կոնկրետ մաս­­­նա­գիտությունների առանձնահատկությունները: Այս վերջինից բխեցվում է հաջորդ կետը՝ ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի թեմաների հա­մա­պա­տասխանեցումը ոլորտի առաջնահերթություններին՝ հաշվի առնելով գործատու ըն­կե­րու­թյունների և գերատեսչությունների առաջարկությունները: 

Թվարկված և մյուս առաջնահերթությունների նպատակը կամ ելակետը գիտական և կրթական գործունեության ինտեգրման հիման վրա կադրերի պատ­րաստումն է, որոնք ընդունակ են ինչպես գիտելիքներ գեներացնել, այնպես էլ իրա­կա­նացնել տեխնոլոգիաների արդյունավետ փոխանցում, ունենալ հետբուհական կրթու­թյան, կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման զարգացած հա­մա­կարգ՝ համատեղելով գիտական և կրթական գործունեության մեջ հիմնարար, կիրառական և արտադրական բաղադրիչները։

-Դուք նշեցիք կիրառական, արտադրական բաղադրիչների կարևորությունը, հետաքրքիր են բուհ-արտադրություն կապի ուղղությամբ տեսլականում արտացոլված հեռանկարները: Լաբորատորիաների, մասնագիտական լսարանների տեխնիկական հագեցվածության համար ֆինանսական լուրջ ներդրումներ են անհրաժեշտ, հետաքրքիր է  այդ  առումով ի՞նչ տեղ եք տալիս լեռնամետալուրգիական ոլորտի ձեռնարկությունների հետ համագործակցությանը:

-Իրոք, բուհի գործունեության կարևորագույն հիմնախնդիրներից են կառավարումն ու ֆի­նան­սները, որոնք փոխկապակցված են։ Շնորհիվ լավ կառավարման հնարավոր է ապա­հո­վել ֆինանսական հոսքերի աճ, ինչը հնարավորություն կտա կատարելագործել և զար­գաց­նել մեր գործունեությունը, որը իր հերթին կապահովի ֆի­նան­սական նոր հոսքեր։

Ներկայում աշխարհում լայն տարածում է ստանում բուհերի կառավարման փո­խա­կերպման այն­ գաղափարը, որը գիտակրթական ծառայությունների մատուցման շու­­կայում հնարավորություն է տալիս կրթօջախը օժտել ձեռնարկատիրական վարքագծով՝ հանգեցնելով ձեռ­նար­կա­տի­րա­կան հա­մալ­սարանի հայեցակարգի ձևավորմանը։ Այդ վարքագիծը տարբեր շերտեր ու ենթաշերտեր ունի՝ պայմանավորված իրականացվող նախագծերի և համագործակցության կոնկրետ սուբյեկտի գործունեության բնույթով. չմանրամասնեմ:

Անդրադառնալով Ձեր հարցին, պետք է անկեղծ լինեմ՝ առայժմ բավարար չէ գիտակրթական հաստատությունների և արտա­դրու­թյան միջև կապը, քանի որ այդ առումով զարգացած երկրների փորձը բոլորովին այլ բան է հուշում, ուստի լիահույս եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է: Ասածիս վկայությունն է թեկուզ հենց առաջիկայում անցկացվող գիտաժողովը, որի նախաձեռնողներն են Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, ՀԱՊՀ-ն, ԶՊՄԿ-ն և Տնտեսական լրագրողների ակումբը: Սա համագործակցության մի նոր շրջանի սկիզբն եմ համարում, որը պետք է, որ ընդօրինակելի դառնա նաև այլ ձևաչափերով և հանրապետության մյուս ձեռնարկությունների համար:

Միևնույն ժամանակ, կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման գործում լեռնամետալուրգիական և քիմիական արտադրության բացառիկ դերը, նպատակ ունե­նալով գիտության, կրթության և արտադրության փոխհամագործակցության խթանման ան­հրաժեշտությունը, հրատապ եմ համարում ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի  և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտին կից հասարակական հիմունքներով, ոլորտի արտադրական ձեռնարկությունների միջոցների հաշվին Հովանավորների Խորհրդի ստեղծումը, որի գործունեության գերակա խնդիրներից մեկը  ոլորտի ուսանողական կայուն համակազմի ապահովման դրամագլխի ձևավորումն է:  Այն նպատակահարմար է օգտագործել ոլորտի արտադրական ձեռնարկությունների համար բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու և վճարովի հիմունքներով նպատակային ուսուցման նպատակով։

-Շնորհակալություն  զրույցի համար։