Ռուս միգրանտներն ու հայկական սպասումները. անշարժ գույքի շուկայում գների թռիչք

Ռուս միգրանտներն ու հայկական սպասումները. անշարժ գույքի շուկայում գների թռիչք

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի գործարքները նվազել են նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ։ Չնայած դրան՝ անշարժ գույքի գները շարունակել են բարձրանալ։ Անշարժ գույքի գործակալներն ասում են, որ շուկայի միտումների վրա ազդում են դոլարի էժանացումը, ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների հոսքը Հայաստան, բնակչության սպասումները և այլն գործոններ։  Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները լուրջ պահանջարկ են ստեղծել Երևանում բնակարանների վարձակալության ոլորտում․ վարձակալության գները թռիչքային բարձրացել են։

 2022 թվականի երրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) Հայաստանի անշարժ գույքի շուկայում 53 278  գրանցված գործարք է իրականացվել։ Կադաստրի կոմիտեի տրամադրած տվյալների վերլուծությունը վկայում է, որ վերջին առնվազն 10 տարիների կտրվածքով՝ սա երրրոդ եռամսյակում գրացված գործարքների ամենաբարձր մակարդակն է։ 2021-ի նույն ժամանակաշրջանի համեմատ այս թիվն աճել է 2.7%-ով։ 

/1 ինֆոգրաֆիկա/

Այն, ինչ տեսնում ենք վերևում, անշարժ գույքի շուկայում գրանցված գործարքների ընդհանուր թիվն է, որը ներառում է ինչպես առուվաճառքը, այնպես էլ՝ նվիրատվությունները, ժառանգությունը, գրավադրումը, օտարման այլ տեսակները և այլն։ Սակայն, անշարժ գույքի շուկայի ակտիվությունը հասականալու համար կարևոր է առուվաճառքի գործարքները առանձին դիտարկելը։

 Այսպես, այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում անշարժ գույքի առուվաճառքի 12 715 գործարք է գրանցվել, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 15%-ով։ Ընդ որում, մայրաքաղաք Երևանում, որտեղ առուվաճառքի գործարքները կազմել են 4134, նվազումը 14.9% է։ Գործարքները պակասել են բոլոր մարզերում անխտիր։                /2 ինֆոգրաֆիկա/

 «Ի տարբերություն երրորդ եռամսյակի՝ առաջին և երկրորդ եռամսյակներն ավելի ակտիվ են եղել անշարժ գույքի շուկայի համար»,- ասում է անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում աշխատող Լևոն Գրիգորյանը։  Կադաստրի տվյալները ևս վկայում են, որ անշարժ գույքի շուկայում առաջին և երկրորդ եռամսյակներում միտումներն աճի ուղղությամբ են եղել։ Մասնավորապես, առաջին եռամսյակում գրանցվել է 12 099 առուվաճառք, որը 2021-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 9.5%-ով։ Իսկ երկրորդ եռամսյակում 15 093 առուվաճառքի գործարք է գրանցվել, աճը՝ 8.5%:

 Կադաստր. երրորդ եռամսյակում բնակարանները Երևանում 14.9%-ով թանկացել են

Չնայած, որ առուվաճառքի գործարքները նվազել են, միևնույն է՝ անշարժ գույքի գները շարունակել են բարձրանալ այս տարվա երրորդ եռամսյակում։ Կադաստրի հաշվարկներով հուլիս-սեպտեմբերին Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները միջինում բարձրացել են 14.9%-ով՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։

 Անշարժ գույքի գործակալություններում մեր փոքրիկ հետախույզն էլ ցույց տվեց, որ գործակալների հաշվարկներով բնակարանները թանկացել են 15-30%-ով։ Ամենամեծ թանկացումը Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում է գրանցվել։

 «Անշարժ գույքի գների բարձրացմանը նպաստել են մի շարք գործոններ։ Դրանցից մեկը դոլարի էժանացումն է։ Դրամն արժևորվել է, ու մարդիկ, որոնք պլանավորել էին բնակարան գնել, շտապել են այդ պայմաններում գործարքն իրականացնել։ Մեծ պահանջարկ են ստեղծել Հայաստան տեղափոխված ռուսները։ Քանի որ նրանք բարձր գնով բնակարաններ են վարձում, հայաստանցիները դա որպես բիզնես են դիտարկում, բնակարան գնում ու վարձով տալիս»,- բացատրում է անշարժ գույքի գործակալ Լևոն Գրիգորյանը։  Ըստ նրա՝ որոշակի դյուրացել են նաև հիփոթեքի պայմանները։ Այս ամենը անշարժ գույքի շուկայի ու առուվաճառքի գործարքներին նպատել է հատկապես առաջին և երկրորդ եռամսյակներում։

 Վարձակալության գները անգամներով են աճել

Եթե բնակարանների վաճառքի գները այս տարի բարձրացել են մինչև 15-30%-ով, ապա վարձակալության գները՝ անգամներով։ Խոսքը հիմնականում Երևանում գտնվող տների ու բնակարանների մասին է։ Երևանին մոտ մարզերում ևս բնակարաների վարձակալության որոշակի լրացուցիչ պահանջարկ է ստեղծվել, ինչպես Կոտայքի, Արարատի ու Արագածոտնի մարզում։

«Երևանում մինչև եռակի բարձրացել են վարձակալության գները։ Հատկապես թռիչքային աճել են այն բնակարանների վարձակալությունները, որոնք վերանորոգված են։ Նորակառույց շենքում անցած տարի հնարավոր էր մեկ ամիսը 200-250 հազար դրամով նորմալ վիճակում գտնվող երկուսենյականոց բնակարան վարձակալել։ Այսօր, նույն բնակարանը 500 հազար դրամից ցածր չեն տալիս։ Վարձակալները հիմնականում ռուսներն են և նրանց այն խավը, որոնք բարձր եկամուտ ունեն ու պատրաստ են տալ այդ գումարը»,- ասում է անշարժ գույքի գործակալ Լևոն Գրիգորյանը։

 Նա ցավով է նշում, որ բազմաթիվ դեպքեր գիտի, որ ընտանիքները, այդ թվում՝ մանկահասակ երեխաներով, ստիպված են լինում դուրս գալ վարձակալած բնակարաններից, քանի որ տան սեփականատերը ցանկանում է ռուսաստանցիներին այն հանձնել վարձակալության. «Կամ ասում են՝ վարձակալության գինը կրկնակի բարձրացրեք, դուք մնացել։ Եթե միջին եկամտով ապրող ընտանիք է, աշխատավարձի բարձրացում չունի, ինչպե՞ս կրկնակի վճարի։ Այդ մարդիկ ստիպված դուրս են գալիս, այլ՝ ավելի վատ պայմաններով, բայց ավելի ցածր գնով բնակարաններ վարձակալում։ Այդպիսով, լրացուցիչ պահանջարկ է ստեղծվում նաև ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող բնակարանների նկատմամբ»։

Թե որքան վարձակալության գները կմնան այս բարձր մակարդակում և արդյոք դեռ կբարձրանա՞ն, անշարժ գույքի գործակալները կանխատեսել չեն կարողանում։ Դա կախված կլինի ռուսաստանցիների հոսքից, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքից։ Մեր զրուցակից Լևոն Գրիգորյանը միայն նկատում է, որ եթե անգամ պատերազմն ավարտվի ու ռուսաստանցիները վերադառնան իրենց հայրենիք, միևնույն է, Հայաստանում գները միանգամից չեն նվազի։ «Շուկան արագ է արձագանքում գնաճային երևույթներին, և գները արագ բարձրանում են։ Սակայն, երբ գնաճի հիմքերը վերանում են, գները նույնքան արագ չեն իջնում։ Դա մարդկանց հոգեբանությունն է՝ գին բարձրացնելուն պատրաստ են, իջեցնելուն՝ ոչ»,- ասում է  Լևոն Գրիգորյանը։