Հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Լարսի անցակետի հերթերում. Քերոբյան

Հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Լարսի անցակետի հերթերում. Քերոբյան

Լարսի անցակետ հասնելու համար Վրաստանի տարածքում հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա:  Այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այս խնդիրն առաջացել է հոկտեմբերի կեսերից, երբ Ղրիմի կամրջի պայթյունից հետո կտրուկ խստացան մեքենաների, բեռնատարների ստուգման ռեժիմները Լարսի անցակետի ռուսական հատվածում: Այսօր հայկական բեռներով բարձված մոտ 1600 մեքենա կա Վրաստանի տարածքում: Խնդիրը սկսելուց անմիջապես առաջ ոչ մի հերթ չկար»,-ասաց Քերոբյանը:

Ըստ նրա՝ Լարսի անցակետի այսօրվա թողունակությունը հայկական բեռներով մեքենաների համար նույնն է, ինչ-որ եղել է մինչև վերջին իրադարձությունը: Թողունակության ծավալը վերականգնված է, բայց դեռ հերթ կա:

« Հիմա մենք ամենօրյա ռեժիմով շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի կարողանանք թողունակությունն ավելի մեծացնել: Վերջին խոսակցությունը եղել է երեկ երեկոյան, այսօր էլի խորհրդակցություն ենք ունենալու»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ քննարկում են, թե ինչպես կարող են արագ լուծել խնդիրը:

Քերոբյանի խոսքով՝ արագ փչացող բեռների հետ կապված խնդիրներ կան. հայկական որոշ արտադրողներ, որոնք թարմ գյուղմթերք ու կաթնամթերք են արտահանում, ունեն խնդիրներ և կրել են վնասներ, ինչը շատ անհանգստացնում է կառավարությանը:

Աղբյուրը՝   armenpress.am