СОР-27-ի մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրներին օգնության հիմնադրամ ստեղծել

СОР-27-ի մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրներին օգնության հիմնադրամ ստեղծել

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի  կողմերի 27-րդ կոնֆերանսի (COP-27) մասնակիցները պայմանավորվել են զարգացող երկրների համար հիմնադրամ ստեղծել ՝ կլիմայի փոփոխությունից կորուստները եւ վնասները փոխհատուցելու համար: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այդ մասին կիրակի հայտնել Է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրին՝ ելույթ ունենալով Շարմ Էլ Շեյխ քաղաքում ավարտված СОР-27-ի եզրափակիչ նիստում:

«Մենք աշխատել ենք այս հիմնադրամի ստեղծման ուղղությամբ ամբողջ ուժով և հպարտ ենք դրանով», - ասել  է Շուքրին։

«Չնայած աշխարհի առջև ծառացած դժվարություններին, մենք նախկինի պես հավատարիմ ենք կլիմայի փոփոխության դեմ պայքարին և կարող ենք միասին արձագանքել քաղաքական որոշումներ կայացնելու տեսանկյունից», - նշել է Շուքրին։ Նա հաստատել է, որ СОР-27-ի մասնակից երկրները հասել են համապարփակ կլիմայական համաձայնության եւ միաձայն հավանություն են տվել գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի ընդունմանը:

«Նախագծերը թղթի վրա բառեր չեն, այլ առաջնորդների ուղերձներ ամբողջ աշխարհին՝ հանուն ապագա սերունդների, որոնք պատշաճ տեմպ են սահմանում Փարիզի համաձայնագրի կատարման համար: Ես կոչ եմ անում ձեզ արդարացնել սպասելիքները կլիմայի փոփոխության դեմ պայքարում», - ընդգծել է СОР-27-ի նախագահը.

Ինչպես իր հերթին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, այդ կոնֆերանսը «կարեւոր քայլ է արել  արդարություն տանող ճանապարհին»: «Ես ողջունում եմ կորուստների և վնասների փոխհատուցման հիմնադրամի ստեղծման ու առաջիկա ժամանակահատվածում դրա գործունեության մասին որոշումը: Պարզ է, որ դա բավարար չի լինի, բայց դա շատ անհրաժեշտ քաղաքական ազդանշան է խաթարված վստահությունը վերականգնելու համար», - հայտարարել Է Գուտերեշը եզրափակիչ նիստում:

Աղբյուրը՝   armenpress.am