ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը

Տիգրան Խաչատրյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ՖՆ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին և գրասենյակի այլ պաշտոնյաներ:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործում: Նախարարը կարևորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման ուղղությամբ ԱԶԲ հետ ակտիվ փոխգործակցության ապահովումը: Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ ինչպես տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, այնպես էլ մասնավոր հատվածում գիտելիքի և փորձի փոխանակման ընդլայնումը հնարավորություն կտան բացահայտելու այն ուղղությունները, որոնց շրջանակներում կարող է դիտարկվել ԱԶԲ նոր պրոդուկտների և ֆինանսավորման գործիքների կիրառումը:

Եվգենի Ժուկովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ հնարավոր է զարգացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նշելով, որ Ասիական զարգացման բանկը մշտապես ձգտում է դառնալ գիտելիքի բանկ և փորձագիտական աջակցություն ցուցաբերել գործընկեր երկրներին:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև 2024-2028թթ. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի ծրագրային առաջնահերթություններին: