Երևանում այսուհետ հրավառություններ կարվեն միայն տեղական և պետական ինքնակառավարման մարմինների պատվերով

Երևանում այսուհետ հրավառություններ կարվեն միայն տեղական և պետական ինքնակառավարման մարմինների պատվերով

Երևանի ավագանին այսօր կայացած նիստում սահմանեց տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջներն ու պայմանները: Նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սահմանված պահանջների համաձայն՝ Երևանում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել՝ Հանրապետության հրապարակն ու Ազատության հրապարակը: Հրավառությունն այդ վայրերում թույլատրվելու է միայն տոն օրերին՝ տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ:

Մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումն այսուհետ կարգելվի Երևանում: Փոխքաղաքապետ Ավինյանը նաև հավելեց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ: Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկեց նախագծին:
Խնդրին համալիր լուծում տալու նպատակով՝ Տիգրան Ավինյանի խոսքով կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ. նախատեսվելու է հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների: