Ոչինչ չասող գազային հուշագրից մինչև տարանցման հնարավորություններ. գազային տարակարծություններ

Ոչինչ չասող գազային հուշագրից մինչև տարանցման հնարավորություններ. գազային տարակարծություններ

Վերջերս  թարմացվեց Իրանի հետ «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործող պայմանագիրը, որի ժամկետն ավարտվում էր 2026թ.-ին. Համաձայնագիրը երկարացվեց 4 տարով: Ավելանալու է Իրանից ստացվող գազի քանակը՝  տարեկան 365 միլիոն խորանարդ մետրի փոխարեն 600 մլն խորանարդ մետր: Հայ պաշտոնական շրջանակները նաև խոսում են Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի մասին, որը իրականություն դառնալու պարագայում Իրանից հնարավոր է ստանալ 1.5-ից 1.8 մլրդ խորանարդ մետր: Ինչքան շատ գազ ստացվի Իրանից, այնքան շատ էլեկտրական էներգիա պետք է մատակարարվի Իրանին:

Հիշեցնենք, որ Հայաստանը 2006թ.-ից կառուցում է դեպի Իրան տանող բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, որը թույլ կտար մեծացնել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի ծավալներ. էլեկտրահաղորդման 3-րդ գծի ընդամենը փոքր հատվածն է  կառուցված:

Իրանը դիտարկվում էր և դիտարկվում  է  Հայաստանի տարածքով դուրս գալ համաշխարհային շուկա և հենց այս հեռագնա նպատակն էր պատճառը, ըստ մամուլի, որ 2006թ․-ին Գազպրոմն իր վերահսկողության տակ վերցրեց Իրան-Հայաստան գազատարի գործարկումը՝ թույլ չտալու Իրանի գազային մուտքը Արևելյան Եվրոպայի երկրներ:

Նշենք, որ ներքին ցանցի հնարավորություններով Հայաստանն Իրանից կարող է տարեկան ստանալ ընդամենը 400 մլն խոր. մետր գազ՝ նախատեսվող առնվազն 1,1 մլրդ խոր. մետրի դիմաց։ Կողմերի միջև 2004 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն, Հայաստանը իրանական գազի դիմաց վճարում է էլեկտրաէներգիայով. յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց` 3 կիլովատ/ժամ:

Նոր հուշագրով «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքի շրջանակում Հայաստանը կկարողանա Իրանից ստանալ տարեկան մինչև 1.8 միլիարդ խորանարդ մետր գազ և Թեհրանին մատակարարել գրեթե հինգ անգամ շատ էլեկտրաէներգիա՝ տարեկան մինչև 5.4 միլիարդ կիլովատ-ժամ։ Իսկ թե ինչպե՞ս է լուծվելու գազի ստացման և էլէնեգիայի մատակարարման տեխնիկական հարցերը՝ այս մասին չի խոսվում: Եվ արդյո՞ք Հայաստանն այդքան հնարավորություններ ունի՝ գազը վերածելու էլէներգիայի:

 Խնդիրը նաև այն է, որ Իրանի դեմ պատժամիջոցների ֆոնին, ծրագրի իրագործման փուլում ի՞նչ դիրքորոշում կունենան պատժամիջոցներ կիրառող և գազ արտահանող երկրները և վերջապես, ինչպե՞ս է լուծվելու այս հուշագրի տեխնիկական հատվածը

Իսկ ի՞նչ են կարծում փորձագետներն ու քաղաքագետները Հայաստան-Իրան գազային վերջին գործարքի հեռանկարների մասին:

 Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ, արևելագիտության ինստիտուտի աշխատակից Արմեն Մանվելյանը կարծում է, որ Իրան- Հայաստան գազային հուշագիրն իրականում ոչինչ չասող հուշագիր է, քանի որ արդեն պայմանագրեր կան Իրանի հետ և նոր հուշագիրն ավելին չէ:

Ըստ նրա, հայ-իրանական գազային հուշագրի հաջողությունը կախված է  նրանից, թե Հայաստանն ինչքան էլէներգիա կարող է արտահանել Իրանի Իսլամական Հանրապետություն, սակայն. «էլէներգիա փոխանցելու մեր տեխնիկական հնարավորություններըցավոք սրտի,  շատ սահմանափակ են, այդ համակարգն աշխատում է  իր հնարավորության 15-20 տոկոսի չափով: Մենք ունենք 2 մլրդ խմ հզորության գազամուղ, սակայն Իրանից 300 մլն խմ ենք ստանում, չունենք բարձրավոլտ էլեկտրահաղորդման համակարգ՝ Իրան փոխանցելու էլէներգիա»:

Նա ներկայիս իշխանություններին մեղադրեց հայ-իրանական հարաբերությունները փչացնելու համար և շեշտեց, որ բարձրավոլտը էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինաշխատանքներըը պետք է ավարտվեին 2018թ-ին, սակայն այդ ծրագիրը դադարել է  գործելուց, իսկ այդ համակարգի պարագայում հնարավոր էր եռապատկել Իրանից գազի ներկրումը Հայաստան և նաև էլէներգիայի արտահանումը:

«Խնդիրը  ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական է: Երևանի վարած խաղաղության դարաշրջանի քաղաքականությունը ձախողվել, և Անկարայի ու Բաքվի հետ խաղերը վերջացել են և Անկարան Բաքուն  կոշտ պահանջներ են դրել, որոնք չեն կարող կատարել և արդեն իշխանությունները շարժվում են Թեհրան -Մոսկվա պարադիգմայի մեջ»,- կարծիք հայտնեց Արմեն Մանվելյանը:

Մասնագետի խոսքով, փաստ է, որ պետք է  այդ խողովակաշարն ամբողջ հզորությամբ աշխատի, պետք է  ունենալ էլէներգիայի արտահանման համար բարձրավոլտ համակարգ, որին կհետևեն նաև ներդրումները.  «Դա բավականին հզոր ծրագիր է, եթե  լուրջ զբաղվեն այնպիսի մարդիկ, որոնք հասկանում են այդ ծրագրի հեռանկարից և գնահատում են դրա կարևորությունը Հայաստանի համար»:

Ա. Մանվելյանը շեշտեց, որ անգամ հայ-իրանական տարեկան շրջանառությունն է փոքր, որն ավելացնելու պոտենցիալ կար. Հայաստանից 80 մլն դոլարի արտահանում, Իրանից մոտ 400 մլն դոլարի ներկրում  կա  և, եթե գազ-էլէներգիայի դիմաց ծրագիրը հանվի հայ-իրանական առևտրաշրջանառության տակը բան չի մնում. Այս ուղղությամբ ևս պետք է աշխատելՆա մատնացույց արեց իրանահայերի գործոնը, ովքեր ծանոթ  լինելով իրանցիների մենթալիտետին կարող են առևտուրը խթանել և այլն:

Ըստ Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետի, անգամ Երևանի ՋԷԿ 2-ի մասին են մոռացել, Հրազդան 5-րդ ՋԵԿ-ը չի գործում, որտեղ պետք է գազը էլէներգիայի վերածվեր, պետք է  կառուցվել Իրան, Հայաստան, Վրաստան Ռուսաստան բարձրավոլտ համակարգը. այս ծրագիրը ևս չի իրականացվում:

Հայաստան-Իրան գազային հուշագրի կնքում քաղաքական է, թե՞ տնտեսական է հարցին իրանագետ Ահարոն Վարդանյանը պատասխանեց, որ երբ խոսքը վերաբերում է գազին, ապա դժվար է  առանձնացնել տնտեսական և քաղաքական բաղադրիչը, որովհետև հիմնականում քաղաքականությունն իրականացվում է  տնտեսական տարբեր ծրագրերի հիման վրա. աշխարհում նման օրինակները շատ են: «Այս հուշագիրը Հայաստանի համար, քաղաքական առումով, շատ ձեռնատու քայլ է»,- շեշտեց նա:

Հարցին, թե այս քայլով կարելի՞ է  կանխել Թուրքիայի որոշ նկրտումները մեր տարածաշրջանում, իրանագետն ասաց, որ Թուրքիան փորձում է դառնալ գազային հաբ տարածաշրջանում և Սյունիքով միջանցքի հարցը նաև դրան էր ուղղված: Բացի քաղաքական հետաքրքրություններից, Թուրքիան նաև տնտեսական հետարքրքություններ է հետապնդում և եթե Իրանը մեծացնում դեպի Հայաստան գազի արտահանման հնարավորությունները Հայաստան՝ այլ հնարավորություններ ևս բացվում են: Ա. Վարդանյանը հիշեցրեց, որ ժամանակին Հայաստանը Վրաստանին իրանական գազ է վաճառել, հիմա կարելի է այս օրինակը աչքի առաջ ունենալով՝ մեծացնել իրանական գազի ներկրումը Հայաստան և արտահանել;

Նաև հիշեցրեց, որ Ռուսաստանն Իրանի հետ կնքել է 40 մլրդ դոլարի համաձայնագիր, ըստ որի, Իրանը հարևան երկրների համար դառնալու է ռուսական  գազի տարանցման կենտրոն և  այստեղ Հայաստանը կարող է պահն օգտագործել:

Ժամանակին Ռուսաստանը, կարծես թե, ոգևորված չէր դեպի Հայաստան իրանական գազի ներկրմամբ, որի պատճառներից մեկն էլ այն էր, որ հայ-իրանական գազատարի վերահսկողությունը վերցրեց և այժմ այս հարցին ինչպես են նայում ՌԴ-ից, իրանագետն  ասաց, որ ժամանակին՝ այո,  բայց այժմ իրավիճակ է փոխվել. Ժամանակին ոչ ոք չէր պատկերացնի, որ Ռուսաստանը Իրանից կարող է ԱԹՍ-ներ և միջին հեռահարության հրթիռներ գնել, որն այսօր աշխարհը խոսում է դրա մասին: «Հայաստանի համար խաղալու և մանևրելու տեղ է բացվել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանով  տարանցիկ գազային ծրագրին, Իրանագետն ապա ասաց, որ Հայաստանով տարանցիկ գազային ծրագրի մասին իրանական մամուլում խոսվում է, սակայն դա դեռևս ցանկությունների ոլորտից էԸստ նրա, տարբեր տնտեսական ծրագրեր կան, որ անցնում են նաև Հայաստանով, իսկ գազ արտահանելու համար Իրանն այժմ Սիրայի տարածքն է օգտագործում, որը ծախսատար է և ապահով չէ, իսկ ահա ռուսական գազը Իրանի տարածքով Հայաստան բերելն  իրական է:

Ահարոն Վարդանյանը նաև շեշտադրեց Սյունիքի մարզի կարևորությունը Իրանի համար, որի շուրջ էլ տեղի են ունենում վերջին զարգացումները, չբացառեց, որ Իրանը դիտարկի Հայաստանը գազի տարանցման համար, չնայած տարբեր գործոնների, այստեղ ավելի ապահով է, քան Սիրայով: Իրանագետը փաստեց, որ գազի տնտեսական քաղաքականության շուրջ տարածաշրջանում շատ խաղացողներ կան և գտնվելով տարբեր  երկրների շահերի խաչմերուկում՝ Հայաստանը պետք է կարողանա իր տեղը գտնել: