Լրագրողների շրջայց՝ «Ջրվեժ» անտառպարկ և Ստեփանավանի դենդրոպարկ

Լրագրողների շրջայց՝ «Ջրվեժ» անտառպարկ և Ստեփանավանի դենդրոպարկ

Նոյեմբերի 23-ին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ը կազմակերպել էր մեկօրյա շրջայց՝ լրագրողների համար, որում ընդգրկված էին ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող «Ջրվեժ» անտառպարկը և Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը։

«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը դիմավորելով լրագրողների խմբին նախ նրանց նվիրեց վերջերս ՊՈԱԿ-ի կողմից հրատարակված նոր տեղեկատվական գրքույկը, ապա ներակայացրեց «Ջրվեժ» անտառպարկը։ Մասնավորապես նշելով, որ անտառպարկը գտնվելով Երևան քաղաքի մերձակայքում, հանդիսանում է քաղաքացիների հանգստի սիրելի վայրերից մեկը։ «Ջրվեժ» անտառպարկում աճում են բարձրարժեք գեղազարդիչ տեսակներ՝ ղրիմյան սոճիներ, գիհիներ, թույաներ,  նաև՝ 135 այլ ծառաթփատեսակներ։ Անտառպարկը զբաղեցնում է 423,8 հա տարածք, որի որոշ հատվածը ծածկված է արհեստական տնկարկներով։

Լրագրողների հաջորդ կանգառը Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկն էր, որտեղ հյուրերին դիմավորեց Դենդրոպարկի երկարամյա տնօրեն Վիտալի Լեոնովիչը։ Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկը հիմնադրվել է 1933 թ-ին, զբաղեցնում է 35 հա տարածք։ Ներկայումս այստեղ աճում են 27 ընտանիքի և 115 ցեղի 483 տեսակներ և ձևեր, ոնոցից 9-ը՝ գրանցված են Հայաստանի «Կարմիր գրքում»։

Դենդրոպարկում լրագրողների համար այլ հետաքրքիր մանրամասներ ներկայացրին «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գիտաշխատողներ՝ Անահիտ Հարությունյանը և Գառնիկ Սիրադեղյանը։

Վերջում այցը ամփոփեց ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։