Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ

Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունը Վերին Լարս անցակետում մշտապես առկա խնդիրներով պայմանավորված առաջարկել է լուծումների հնարավոր տարբերակներ։ Այս մասին հայտնել են  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառոցվածքների նախարարությունից։

Մեկ ամսից ավելի է արտահանող հայկական ընկերությունների բեռնատարները կանգնած են Լարսի ճանապարհին և չեն կարողանում հատել սահմանը։ Այս անգամ խնդիրը եղանակային վատ պայմանները չեն. Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթունից հետո բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է: Այսպիսով, Ռուսաստան հասնելու համար նրանք օրերով սպասում են մաքսային անցակետերում՝ կրելով մեծ վնասներ։

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ իրենք մշտական կապի մեջ են ռուսական և վրացական կողմերի իրավասու մարմինների, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության հետ։ Բացի այդ, ըստ նախարարության, բանակցում են ռուսական կողմի հետ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման համար:

Այսպիսով, ըստ նախարարության, ռուսական կողմին առաջարկել են լուծումների հնարավոր տարբերակներ։ Մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ավելացնել ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը, դիտարկել նաև հայկական բեռնատարների ռենտգեն-զննություն լրացուցիչ վայրում (օրինակ, 2022 թվականի հունիսին կաազմակերպված լրացուցիչ վայրում, որը գտնվում է Վերին Լարսի անցակետից դեպի Վլադիկավկազ ընկած հատվածում):

«Ի պատասխան մեր առաջարկներին ռուսական կողմը տեղեկացրել է, որ պատրաստվում է մոտակա շրջանում Վերին Լարսի անցակետում ավելացնել ռենտգեն սարքավորումների թիվը: Միաժամանակ ՌԴ տրանսպորտի նախարարության գործընկերները տեղեկացրել են, որ նոյեմբերի 29-ին նախատեսվում է ևս 12 անցուղիների գործարկումը Վերին Լարսի անցակետում՝ անցուղիների ընդհանուր թիվը հասցնելով 36-ի, ինչը դրական ազդեցություն կունենա անցակետի անցողունակության վրա:

ՀՀ և ՌԴ մաքսային ոլորտի պատասխանատու մարմինների միջև քննարկվում է նաև անցակետերում իրականացվող ռենտգեն-զննության տվյալների փոխանակման հարցը, ինչը թույլ կտա, օրինակ, ՀՀ սահմանային անցակետում իրականացված ռենտգեն զննության տվյալները փոխանցել ռուսական կողմին՝ բացառելով հայկական բեռնատարների կրկնակի զննությունը ՌԴ սահմանը հատելիս»,- հայտնում են ՏԿԵՆ-ից։

Աղբյուրը՝   panorama.am