Մեկնարկել է Ֆլայ Արնա թիմի համալրման նոր փուլը

Նոյեմբերի 25, 2022թ. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը շարունակում է համալրել իր թիմը՝ բորտուղեկցորդի աշխատանք առաջարկելով երիտասարդներին:
Մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով։ Ինքնակենսագրականներ կարելի է ուղարկել նաև [email protected] էլ. հասցեով։ Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 15-ը:
«Մեր ավիաընկերությունն առաջիկայում գործարկելու է նոր ուղղություններ, որոնք սպասարկելու համար ակտիվ երիտասարդներին հրավիրում ենք միանալ մեր թիմին: Առաջարկում ենք ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն մեզ հետ՝ այս ոլորտում փորձ չունեցող երիտասարդներին ապահովելով բոլոր անհրաժեշտ տեսական եւ գործնական դասընթացներով, որոնք անցկացվում են միջազգային լավագույն մասնագետների կողմից Հայաստանում և ԱՄԷ-ում՝ Էյր Արաբիա ավիաընկերության կենտրոնական գրասենյակում», - ասել է Ֆլայ Արնա-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:
Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներն արդեն հավաքագրել եւ վերապատրաստել է 40 բորտուղեկցորդների։ Որպես նոր հայկական ազգային ավիաուղիներ՝ Ֆլայ Արնան նպատակ ունի նպաստել Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացմանը, ուստի շարունակաբար ներդրում է կատարում երիտասարդ սերնդի շրջանում ավիացիայի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու գործում եւ օգնում է ձեռք բերել նոր մասնագիտություն։