Գևորգ Փարսյանը ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

Գևորգ Փարսյանը ընդունել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին
Ողջունելով միմյանց՝ զրուցակիները բարձր են գնահատել երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ ու բարեկամական հարաբերությունները, պատմամշակութային ընդհանրությունները, ինչը նաև լավ հիմք է հարաբերությունների ներկա մակարդակն առավել բարձրացնելու, տարբեր ոլորտներում համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար:
Այս համատեքստում կարևորվել է նաև տարբեր մակարդակներում շփումների և հանդիպումների պարբերականության ապահովումը:
Ի թիվս մի շարք այլ ոլորտների՝ հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է հատկապես առևտրատնտեսական փոխգործակցության ներուժի լիարժեք օգտագործման ուղղությամբ ջանքերի ներդրումը, և այս առումով կարևորվել է տեղի տնտեսվարողների համար գործունեության առավել բարենպաստ պայմաններ ստեղծելը։
Կողմերը համագործակցության կարևոր ուղղություներից մեկն են համարել նաև մշակույթի ոլորտը։ Նշվել է, որ առաջիկայում հյուպատոսի նախաձեռնությամբ Կապանում կկայանա ցուցահանդես։
Անդրադարձ է եղել Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերությունների հաստատմանը առնչվող հարցերին։ Աբեդին Վարամինը առաջարկել է դիտարկել Էսֆահանի (Սպահան)՝ որպես արդյունաբերական, գիտական, մշակութային ավանդույթներով հարուստ քաղաքի և Կապանի՝ քույր քաղաքներ հռչակելը, ինչը դրական արձագանքի է արժանացել։
Հանդիպման ավարտին զրուցակիցները որոշել են պարբերական բնույթ հաղորդել իրենց հանդիպումներին` համագործակցությունը տեղափոխելով առավել առարկայական դաշտ: