Սպառած հոսանքի սակագինը՝ ժամային կտրվածքով․ էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է

Սպառած  հոսանքի սակագինը՝  ժամային կտրվածքով․ էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվում է

 Ոչ թե մեկ, այլ հոսանքի մի քանի մատակարարներ։ 2022 թվականի փետրվարի 1–ից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայում մեկնարկել են բարեփոխումներըայն անցնում է  նոր՝ ազատական մոդելի։ Սա ենթադրում է, որ սպառողը կարող է հրաժարվել ՀԷՑ-ի հոսանքից ու այն ստանալ շուկա մտնող նոր մատակարարներից։ Մինչ այժմ ՀԷՑ-ը հոսանք արտադրող բոլոր կայաններից վերցնում էր հոսանքը ու բաշխում սպառողին, այդպիսով նաև ձևավորվում էր միջինացված վերջնական սակագինը։ Մինչդեռ ազատականացումից հետո  հաշվարկը  ժամային կտրվածքով է կատարվելու։ Պատասխանատուներն ասում են, որ մրցակցային դաշտ է ստեղծվում։ Սպառողն էլ հանգիստ կարող է ընտրել ամենաէժան մատակարարին, կնքել պայմանագիր ու նրանից ձեռք բերել հոսանքը։ 

Ի՞նչ է ենթադրում ազատականացումը

Մասնագետները բացատրում են՝ այժմ  բոլորին էլ հոսանքը վաճառվում է նույն միջինացված գնով։ Ազատականացված շուկայում այդպես չի լինի։ Նոր խաղացողները պետք է ավելի շահավետ առաջարկներ ներկայացնեն սպառողին, որպեսզի վերջիններս ցանկանան երաշխավորված մատակարարողից՝ ՀԷՑ-ից   հրաժարվեն և ընտրեն իրենց։ Թրեյդերները մեծածախ առևտրով զբաղվողներն են, որոնք գործ ունեն միայն մեծ տնտեսվարողների հետ,  ինչպես նաև լիազորված են էլեկտրաէներգիայի միջպետական առևտուր անել:  «Շուկան բնականոն անցումային հունով ընթանում է»,– ejc.am–ին   ասում է  ՀԾԿՀ  անդամ Սեդա Շահինյանը։ Նրա խոսքով՝  արդեն կան 11 լիցենզավորված ու 11 մեծածախ առևտուր իրականացնող ընկերություն՝ թրեյդեր։ Բայց գործնականում առևտուր անում է  3–4 թրեյդեր–մատակարար։  

 «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓՁԲ գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանը ՝ ejc.am–ի հետ զրույցում ընդգծում է՝ մրցակցություն է, ուստի չի բացառվում, որ ընկերություններն ավելի էժան էլեկտրաէներգիա շուկայից ձեռք բերեն։  « Փոքր ՀԷԿ–երի մի մասը, որոնց շահագործման 15 տարին լրացել է, այժմ շուկայի ազատականացմանն կանոններով իրենց էներգիան վաճառում են թրեյդերներին»,– ասում է Մնացական Մնացականյանը։ Հաջորդ տարվա համար հոսանքի սակագները հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի սահմանել։ Դրանք պարզ կլինեն արդեն դեկտեմբերի վերջին։ Նախնական տվյալներով հոսանք արտադրող ընկերությունների համար քվոտաներ կսահմանվեն, որպեսզի նրանք կարողանան շուկայում  հոսանք վաճառել։ Բարեփոխումների նախաձեռնողները վստահ են, որ  էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը փուլ առ փուլ կբերի նրան, որ բոլոր սպառողները վճարեն այնքան, որքան էլեկտրաէներգիան կարժենա  սպառման կետում։

 2023 թվականի փետրվարի 1–ից մի խումբ տնտեսվարողների համար շուկայի ազատականացումը պարտադիր կդառնա

 Մոտ երկու տասնյակ   խոշոր սպառողներ  պարտավոր են ընտրել հոսանքի իրենց մատակարարին։ Եթե չընտրեն, ապա ստիպված են լինելու հոսանք ձեռք բերել ավելի թանկ գնով։ Նրանք  հաղորդման ցանցին միացած սպառողներն են, 110 կիլովոլտ  ու ավելի  բարձր լարման ցանցին միացած սպառողները, որոնք սպառում են տարեկան 1 մլն կիլովատ-ժամ և ավելի հոսանք։ Մեկ միլիոն կիլովատ-ժամը խոշոր ընկերությունների համար մեծ սպառում չէ՝ վստահեցնում են մասնագետները։