Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2022 թվականից մինչև 2023 թվականի հունվարը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սև լճում

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2022 թվականից մինչև 2023 թվականի հունվարը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սև լճում
Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է ընդլայնված խորհրդակցություն՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։
 2022 թվականի համար սիգի արդյունագործական որսի ընդհանուր չափաքանակ էր սահմանվել 600 տոննա, որից որսվել է 554.86 տոննա (548604 կգ) սիգ:
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումները նախատեսվում է իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվի դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:
Վերահսկողության համատեղ միջոցառումների շրջանակում գերատեսչությունների ներկայացուցիչները համատեղ իրականացնելու են հանդիպումներ Սևանա լճի հարակից բնակավայրերի ղեկավարների, ձկնորսների և քաղաքացիների հետ:
 Բացատրական աշխատանքներ են տարվելու միջոցառման նպատակի ու իրականացվելիք գործողությունների վերաբերյալ, որն է՝ արգելել Սևանա լճում սիգի որսը՝ ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված: Այս համատեքստում «Սևան» ազգային պարկի տարածքից դուրս են բերվելու լողամիջոցներ, որսագործիքներ և ձկնորսների ժամանակավոր կացարաններ:
 Արգելվելու է բոլոր տեսակի որսագործիքների և լողամիջոցների մուտքը Սևանա լիճ:
Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա սահմանվելու է խիստ վերահսկողություն ,
մարզից դուրս եկող հիմնական ճանապարհների ելքերի մոտ տեղակայվելու են հսկիչ կետեր՝(Սևան-Երևան' ՃՈ հենակետ, Սևան-Դիլիջան թունել, Սևան-Վարդենիս' Ճամբարակի խաչմերուկ, Մարտունի-Սելիմի լեռնանցք, Գեղամավան- Վարսեր խաչմերուկ)։
 «Սևան» ազգային պարկի տարածքում սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն։
 Միջոցառումների շրջանակում կազմակերպվելու են Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում։ Ստուգայցեր են իրականացվելու նաև Սևանա լճի վրա և «Սևան» ազգային պարկի այլ տարածքներում։
Նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է միջոցառման բոլոր կետերի արդյունավետ կատարումը, դրանց հաջորդականության ու շարունակականության պատշաճ ապահովումը։
«Հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, այս տարի պետք է շտկենք բոլոր բացթողումները և առավել համակարգված իրականացնենք միջոցառման բոլոր կետերը։
Մեր քաղաքացիները, ձկնորսությամբ զբաղվող մեր հայրենակիցները պետք է հստակ գիտակցեն, որ նման միջոցառումներն ունեն մեկ նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը, որը բխում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։Ինքս պատրաստվում եմ իմ անմիջական մասնակցությունն ունենալ միջոցառման բոլոր կետերի իրականացմանը՝ բացատրական աշխատանքներից մինչև վերահսկողություն»,-նշել է նախարարը։