«Հայենին»՝ հանուն հայկականի ու հայրենական բիզնեսի

«Հայենին»՝ հանուն հայկականի ու հայրենական բիզնեսի

Սուսաննան Սյունիքից,  Հովսեփը՝ Լոռիից: Ամիսներ առաջ երիտասարդ զույգը նշանվեց ու որոշեց Վանաձորում էլ բացել «Հայենի» խանութը: Երևանում արդեն բացել էին:  Ինչպես իրենք են կատակով ասում` «Հայենի»-ն իրենց անդրանիկ զավակն է, որին փայփայում են ամեն օր ու ամեն ժամ: «Անվան ընտրությունն էլ պատահական չէր»,-անկեղծանում է Սուսաննան,- «ուզում էինք այնպիսի անուն ունենար, որ հայկականն ընդգծվեր»:  Վանաձորի Հագուստի շուկայի հարևանությամբ գործող «Հայենի» խանութ-սրահում ամեն ինչ բացառապես հայկական է՝ պայուսակներից մինչև ուրույն ու նորաոճ հագուստներ, մինչև անգամ խանութի անունը՝ «Հայենի»: Այստեղ ամեն անկյուն շնչում է հայերեն ու հայեցի: Սուսաննայի առաջարկն է եղել՝ «հայ» բանալի բառը մտքում՝ որպես ազգայինի գենետիկ կոդ ու ճանաչելի դառնալու երաշխիք: Փորձում են այս կերպ խթանել տեղական արտադրողին:

IMG_20210705_131611.jpg (266 KB)

 «Պատերազմից հետո, մեր «բախտը, ինչ որ տեղ, բերեց»: Մարդիկ արդեն թուրքական ապրանք չեն ուզում գնել, մտածելով, որ այդպիսով Թուրքիային ինչ որ տեղ շահույթ են տալիս, մյուս կողմից հնարավորինս սահմանափակ է թուրքական ապրանքների մուտքը Հայաստան. դա խթանող գործոն է հայկականի համար»,- ասում է Հովսեփ Օհանյանը: Սուսաննան է լրացնում՝«Մենք ունենք մեր լավ հաճախորդներին,  որ հենց մեր խանութ են գալիս: Հենց այնպես հաճախորդ չունենք, որակյալի հետևից միշտ գալիս են: Հայկականը սիրող մարդիկ են գալիս այստեղ »:

 «Հագուստի շուկային մոտ  լինելը խանգարու՞մ, թե՞ օգնում է»,- կատակով հարցնում եմ .«Ոչ օգնում է, ոչ՝ խանգարում: Մենք մեր հաճախորդներն ունենք ու օր-օրի ավելանում է նրանց թիվը: Գալիս են տարեցներ ու երիտասարդներ, գտնում իրենցը: Թուրքականի ու չինականի հետ ներկայացված հայկական բրենդները միշտ են համեմատում, բայց եթե նույն հաճախորդը 5-րդ անգամ է մտել խանութ, դա խոսում է որակի մասին,- ասում է  Հովսեփն ու շարունակում,-  չենք համագործակցում և համագործակցի ոչ մի այլ ներմուծողի հետ, ով այլ երկրից ինչ -որ բան է ներմուծում, կապ չունի՝ որտեղից: Բնականաբար, շահույթը հայկականի մեջ ավելի քիչ է լինելու, ուղղակի մեր պլանները մի քիչ այլ են: Կգա ժամանակ, որ փորձելու ենք արդեն  ինքներս նաև այդ արտադրանքն ունենալ, այսինքն՝ Վանաձորում մեր արտադրանքը վաճառվի: Դա մի քիչ հեռուն նայելով եմ ասում»:

gfhf.jpg (245 KB)

Ճանաչելիության հարցում շատ են օգնում սոցիալական հարթակները: Կայուն հաճախորդներին արդեն դեմքով ու նախասիրություններով են  ճանաչում: «Ֆեյսբուք»-ի ու «Ինստագրամ»-ի էջերում ամենօրյա ռեժիմով թարմացումներ, նոր տեսականու ցուցադրում ու ինտերակտիվ կապ հաճախորդների հետ: «Թե՛ գինն է նշվում, թե՛ նույն հագուստը մի քանի դիրքով, որ մարդ կարողանա արդեն ընտրած գալ խանութ: Եթե մարդն արդեն կողմնորոշված է գալիս խանութ, դա նշանակում է սոցհարթակներն օգնում են: Շատ են դեպքերը, երբ էջով նկարը տեսել են, գալիս են, նկարը ցույց տալիս, ասում՝  ա՛յ էս ապրանքն ենք ուզում» :

Սուսաննան ֆեյսբուքյան մեկնաբանությունների տեղատարափն է հիշում, ինչպես էին «Հայենի»-ի հաճախորդները, մերժելով թուրքականի կողմնակիցներին, հանդես եկել  ի պաշտպանություն հայկականի: Դա հաճելիորեն զարմացրել  և ոգևորել էր երիտասարդ  զույգին:

IMG_20210705_131659.jpg (149 KB)

Համագործակցում են հագուստի արտադրության մեջ մասնագիտացված հայկական  «Ալեքս», «Տոսպ», «Բեհեզ», «Արփի», պայուսակների արտադրությամբ հայտնի «Արմատ» և շատ այլ բրենդների հետ: Տարածքի փոքր չափերով պայմանավորված՝ առայժմ չեն համագործակցում հայկական կոշիկ արտադրողների հետ: Հետագայում, սակայն, կոշիկի վաճառք ևս ծրագրում են:

  «Մենք ինքներս  համագործակցում  ենք արտադրողի հետ, մեր երկուսի միջև միջնորդ չկա: Կապող օղակ ենք  արտադրողի ու սպառողի միջև: Շատ հաճախ արտադրողին հուշում ենք սպառողների ցանկությունները, թե ինչը կուզեին փոխել այս կամ այն մոդելի մեջ, որ ավելի լավ վաճառվեր: Սա շատ կարևոր է: Ամեն շաբաթ օր խանութում նոր տեսականի է լինում: Հաճախորդներն էլ գիտեն, որ շաբաթ կամ կիրակի գան՝ հաստատ նոր բան կգտնեն»:

Հովսեփը մտահոգիչ հանգամանք է  մատնանշում՝  տարածքների բարձր վարձավճարը, ինչը շատ  հաճախ խոչընդոտող գործոն է բիզնես սկսելու համար: Բայց, ինչպես ինքն է նկատում, «գիտեինք, որ  ուշ թե շուտ, մեր տեղը կսովորեն ու այդպես էլ եղավ»:

Ամեն ամսվա վերջին օրը շուկայի վերլուծության օրն է: Ապրիլից մինչ օրս ամեն ամիս հաշվում-հաշվարկում են՝ շահույթ դեռ չունեն, բայց չեն կոտրվում: Գիտեն՝ ապագայում հաջողելու են