Կանանց մասնակցությամբ քաղաքականությունն ավելի հավասարակշռված է

Կանանց մասնակցությամբ քաղաքականությունն ավելի հավասարակշռված է

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը՝ Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի և Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ Վանաձորում անցկացրին դասընթաց՝ միտված կանանց շրջանում հասարակական-քաղաքական մասնակցության խրախուսմանը: Դասընթացին ողջույնի խոսքով հանդես եկավ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի փոխտնօրեն Յոնաթան Նովակը: Հորդորելով մասնակիցներին լինել քաղաքականության մեջ՝ նա կարծիք հայտնեց, որ անգնահատելի է կանանց ներուժը կյանքի բոլոր ոլորտներում, և այն պետք է իր արժանի կիրառումը գտնի նաև  քաղաքական ասպարեզում:  Եռօրյա դասընթացը հագեցած էր ու ինտերակտիվ. թիմային  աշխատանքներ, գործնական խորհուրդներ՝ տեղական ու միջազգային դասընթացավարներից, քաղաքական ուղերձներ և մինչև անգամ՝ ընտրություններ: Ամեն ինչ՝ կանանց քաջալերելու և աջակցելու՝ քաղաքականությամբ զբաղվելու:

IMG_0988.JPG (6.15 MB)

  «Ինչո՞ւ մուտք գործել քաղաքականություն և ի՞նչ է այն տալիս կնոջը». Առանցքային հարց, որի շուրջ կարծիքները միանշանակ չեն, թեև մեծամասնության համար՝ ընդունելի: Ինչպես դասընթացի սկզբում նկատեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի երևանյան գարսենյակի համակարգող Լիանա Մարուքյանը, հիմնադրամը տարիներ շարունակ առաքելություն է ստանձնել աջակցելու և հզորացնելու կանանց՝ կարողությունների զարգացման և քաղաքական գիտելիքներ փոխանցելու  միջոցով՝  նպաստելով մեր երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: Էդուարդո Ֆրայ հիմնադրամի փորձագետ, Նիդերլանդների Քրիստոնեադեմոկրատական կուսակցության կանանց թևի անդամ Անիտա Ռազենբերգը, որ առցանց ձևաչափով էր միացել դասընթացին, սեփական փորձով ու խորհուրդներով կիսվեց՝ հորդորելով  դասընթացի մասնակից շուրջ 30  կանանց ու աղջիկներին անպայմանորեն ներգրավվել քաղաքականության մեջ, որովհետև դա է միակ ճանապարհը փոփոխություններ բերելու  համայնք ու երկիր, բարեփոխելու այն միջավայրը, որն առողջացման ու հավասարակշռման կարիք ունի:

  ՔՈ (Քաղաքացու որոշում) կուսակցությունից Լուիզա Չոբանյանը ծնունդով Լոռու մարզի Ագարակ գյուղից է: Այժմ ապրում և աշխատում է մայրաքաղաքում: Չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է 2 անգամ առաջադրվել՝ որպես պատգամավորության թեկնածու: Անհաջող փորձերը բավական կոտրել, բայց չեն հիասթափեցրել նրան: Ասում է, որ եթե մինչև այս դասընթացը կասկածներ ուներ մասնակցելու առումով, ինքն իր մեջ վերահաստատեց՝ քաղաքականություն մտնելն  անիմաստ չի եղել. «Այս դասընթացին գալուց առաջ ես փակված էի սենյակում: Ես շատ դժվար եմ հաղթահարում այն ամենը, ինչը տեղի է ունեցել: Ես ինձ համար սա համարում եմ առաջին քայլը՝ կյանք վերադառնալու,  նորից փորձելու: Ինձ համար սա համարում եմ նոր հնարավորություն: Հույս ունեմ այս դասընթացով կբացվի ցանկությունների ու մտքերի մի նոր շերտ ու նորից կսկսեմ ետ գալ կյանք ու ապրել: Դասընթացն ինձ տվեց այդ միտքը՝ նորից ինչ որ բան փորձելու»: 

3 օրերի ընթացքում դասընթացավար-փորձագետ, Հայաստանի Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը մանրամասնեց այն կարևորագույն քայլերը, որոնցով անցնում են հասարակական-քաղաքական կյանք մուտք գործողները՝ ծրագիր կազմելուց, չափելի նպատակներ ու գործողություններ սահմանելուց մինչև արդյունավետ հաղորդակցություն, անձնական իմիջի ձևավորում և ուղերձի մշակում ու ընտրարշավի կազմակերպում: Տարիներ առաջ քաղաքականության մեջ հայտնված Լիլիթ Ասատրյանը սեփական օրինակն է բերում, երբ նորածին երեխայի հետ աշխատանքի է գնացել ու կուլ չի գնացել կարծրատիպերին: ՀՀ մշակույթի և երիտասարդության փոխնախարար, այժմ նաև քոուչինգով զբաղվող Լիլիթ Ասատրյանի գնահատմամբ կանանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում դեռևս հեռու է բավարար լինելուց: Պատճառները բազմաթիվ են.  Կարծրատիպերը, որոնք, թեև որոշակիորեն կոտրվել են, բայց չեն վերացել, հատկապես գյուղական բնակավայրերում,  ինքնավստահության պակաս դեռ կա, շատ կանայք դեռ բավարար չափով չեն գիտակցում իրենց առաքելությունը. «Պետք է գտնել առաքելությունը՝ ինչը փոխել դեպի լավը: Եթե այդ առաքելության մեջ կա քաղաքականության բաժինը, քաղաքականությամբ իրականացնել գործողությունը, կինը պետք է առանց տարակուսանքի գնահատելով իր հնարավորությունները և հավատալով իր նպատակին, տեսլականին, և իր մեջ կրելով իր արժեքներն ու առաքելությունը, գնա այդ ուղղությամբ: Կանայք կարող են հասնել իրենց նպատակներին, եթե ճիշտ սահմանեն առաջնային նպատակները: Կինը կարող է զբաղվել քաղաքականությամբ,  հասարակական գործունեությամբ,  ամեն դեպքում կարևոր է երկրին  օգուտ տալը»,- կարծում է Լիլիթ Ասատրյանը:

Քաղաքական հաղորդակցության առաձնահատկությունների մասին խոսելիս՝ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ծրագրերի ղեկավար Աննա Սարկիսյանը նկատեց, որ շատ կարևոր է հենց կանանց շրջանում քաղաքականության մեջ լինելու գիտակցումը. ինչո՞ւ հենց իրենք պիտի լինեն և ի՞նչ նպատակով: Հենց ունենան այս հարցերի պատասխանը, հաստատ հաջողելու են քաղաքականության մեջ:

21- ամյա Լեյլի Կիրակոսյանը «Հայաստան» դաշինքի Վանաձորի թիմից է: Դասընթացին մասնակցությունը եզակի բարեբախտություն է համարում: «Էն ամենը, ինչը մտածում էի սեմինարից առաջ, բազմապատիկ ավելին էր՝ իմ պատկերացրածի համեմատ: Ստանցանք լիքը լավ ինֆորմացիա, որը հետագայում պետք կգա, ձեռք բերեցինք ամենակարևորը՝ լավ ընկերներ, ծանոթացանք լավ մարդկանց հետ: Մասնագետները լավն էին: Շատ կարևոր էր ծրագիր կազմելուն վերաբերող հատվածը: Գիտելիքներ փոխանցվեցին, որոնք հետագայում հաստատ կկիրառեմ: Եթե դու քո էությամբ ակտիվ մարդ ես, պրպտող ու հետաքրրքված տարբեր ոլորտներով, հաստատ դա կօգնի: Կինը, միանշանակ պետք է զբաղվի քաղաքականությամբ»,- եզրափակում է Լեյլին:  

Արփինե Դարչինյանը դասընթացին եկել էր Ախթալայից: Հասարական սեկտորից է: Ակնկալիքներն 90 %-ով արդարացված է համարում:  Վստահաբար կարծում է, որ կինը պետք է լինի քաղաքականության մեջ. «Սա դարձավ հիմքը, որ մենք մտածենք քաղաքականության մեջ հանդես գալու մասին: Իհարկե, դեռ ճիշտ ժամանակը չէ, քանի որ դեռ թույլ ենք, որպես քաղաքական էակ ներկայանալու, բայց սա հիմքն է՝ սկսելու և որպես որակյալ կին քաղաքական գործիչ մուտք գործելու: Կամա, թե ակամա կինը քաղաքականության մաս է, մանավանդ ներկա իրավիճակում կանայք ակամա դարձել են դրա մասը: Այն որոշումները, որոնք պետք է կայացվեն ու փոխեն մեր կյանքը, դրանք կայացվում են հենց այդ քաղաքականության միջոցով, որի մասն ու ընտրողն ենք մենք»:

 

Դասընթացի ամփոփիչ օրը կյանքի իր հաջողված պատմությունը պատմեց Հանրային ռադիոյի լրատվական թիմի ղեկավար Լիանա Եղիազարյանը: Ընտանիք, երեխաներ, աշխատանք, բազմաթիվ հետաքրքրություններ ու նոր գաղափարներ՝ կարևորը պահպանել մշտական ճախրանքի հոգեվիճակը, չկոտրվել, չթուլանալ, այլ ցկյանս կրթության մոդելն աչքի առաջ ունենալով, կայանալ ու օրինակ ծառայել շատերին: Այս է Լիանա Եղիազարյանի խրատը մասնակից կանանց ու աղջիկներին: Վերջում ուղերձներ ու քվեարկություն: Ընտրված 3 թեկնածուներին հնարավորություն  է տրվում կոչով դիմելու ընտրողներին: Բոլորի հորդորներում կարևորվում է կինն ու կնոջ դերակատարումը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, որովհետև առանց  կանանց չկա դեմոկրատիա: