Հայաստանի ներդրումային խորհուրդը 15 տարեկան է

Հայաստանի ներդրումային խորհուրդը 15 տարեկան է

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի ներդրումային խորհուրդը տոնել է գործունեության տասնհինգամյակը։

Իր 15-ամյա գործունեության ընթացքում Հայաստանի ներդրումային խորհրդի միջոցով իրականացվել են 25 լայնածավալ օրենսդրական բարեփոխումներ, այդ թվում՝ ՏՏ նորաստեղծ ձեռնարկությունների արտոնյալ հարկային ռեժիմը, շրջանառության հարկի հարկման համակարգի ներդրումը, լիզինգային բարեփոխումները, սույն թվականին ընդունված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանն աջակցող փաթեթը և շատ ավելին:

2020թ․ հունիսից ի վեր Հայաստանում ներդրումային խորհրդի գործունեությունը ֆինանսավորել է Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը»։ Անդրադառնալով այդ համագործակցությանը՝ Հայաստանում ՄԹ դեսպան Ջոն Գալագերն ասաց․ «Միացյալ Թագավորության կառավարությունն աջակցել է Հայաստանի կառավարությանը տնտեսական կառավարման մի շարք բարեփոխումներով, որոնք նպաստել են բիզնեսի և ներդրումային միջավայրի բարելավմանը: Մենք հավատում ենք, որ փոքր և միջին բիզնեսի համար ներառական միջավայրի ստեղծումը կարող է նպաստել զարգացմանն ու աճին, որը հավասարապես բաշխված կլինի հասարակության մեջ։ Ահա թե ինչու, մեր «Լավ կառավարման հիմնադրամի» միջոցով, Մեծ Բրիտանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի կառավարությանը և Հայաստանի ներդրումային խորհրդին՝ աջակցելու ներառական և թափանցիկ ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացներին, որոնք ուղղված են նպաստելու ՓՄՁ-ների հաջողութուններ ապահովելուն»։

«Ուրախ եմ այսօր նշելու Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակը։ Այս միջոցառումը հիանալի հնարավորություն է քննարկելու Հայաստանում ներդրումային խորհրդի գործունեությունը և գրանցած արդյունքները: Խորհուրդը կարևոր հարթակ է ապահովելու մասնավոր-պետություն անկեղծ երկխոսությունը, ինչն այնդքան կարևոր է ներդրումային միջավայրի բարելավման համար։ Մենք շատ բարձր ենք գնահատում մեր գործընկերների և դոնորների աջակցությունը, այդ թվում նաև Միացյալ Թագավորության կառավարության կողմից տրամադրված առաջակցությունը, որը թույլ է տալիս ապահովել Հայաստանում ներդրումային խորհրդի քարտուղարության անխափան աշխատանքը։ Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, ի դեմս Հայաստանի կառավարությանը, ով մշտապես աջակցել է խորհրդի գործունեությանը և հանդիսացել է հավատարիմ գործընկեր։ Հայաստանի ներդրումային խորհրդի աշխատանքի վերաբերյալ ստացած դրական արձագանքները մեզ վստահությամբ են լցնում, որ այս արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում։», – նշեց իր խոսքում ՎԶԵԲ կովկասյան տարածաշրջանի ղեկավար տիկին Կատարինա Բյորլին Հանսենը։

Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար Հովսեփ Պատվականյանը նշեց․«Հայաստանի ներդրումային խորհուրդի 15-ամյա գործունեության շրջանակում ՓՄՁ զարգացման խորհուրդի միջոցով իրականացվել են ավելի քան 25 լայնածավալ բարեփոխումներ, որոնց շահառուներ են դարձել 70,000-ից ավելի բիզնես Հայաստանում: Խորհուրդը այս տարիների շրջանակում դարձավ այն ինստիտուցիոնալ կառույցը, որն արդյունավետ կապեց պետական կառույցներին մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ` բիզնես միջավայրը բարելավելուն ուղղված օրեսնդրական բարեփոխումներ օրակարգով»։

Հայաստանի ներդրումային խորհուրդը ստեղծվել է 2007 թվականին «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» (ՎԶԵԲ) և ՀՀ կառավարության միջև հուշագրի հիման վրա վարչապետի որոշմամբ։ Խորհուրդը ծառայում է որպես պետություն-մասնավոր երկխոսության հարթակ Հայաստանի կառավարության և ՓՄՁ ասոցիացիաների միջև, որն ուղղված է բիզնես միջավայրը բարելավող օրենսդրական բարեփոխումների մշակմանը: Խորհուրդը գործում է ենթախորհրդի ամենամսյա նիստերի միջոցով՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի ղեկավարությամբ, ինչպես նաև խորհրդի եռամսյակային նիստերի միջոցով՝ փոխվարչապետի գլխավորությամբ: Առաջիկա խորհրդի նիստը կկայանա սույն թվականի դեկտեմբերի 7-ին։

Աղբյուրը՝   b24.am