Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը

Էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ դրամի արժևորումը

Փոխարժեքը բազմաթիվ գործոններից միայն մեկն է, որը կարող է ազդեցություն ունենալ էլեկտրաէներգիայի, գազի սակագների ձևավորման վրա. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթաց, 2 շաբաթվա ընթացքում արդեն հստակություն կլինի:

Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա նախևառաջ կարևոր է ներկրման գինը. միայն սա հստակեցնելուց հետո հանձնաժողովը կարող է նախաձեռնել սակագնի վերանայում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը խոսել է էլեկտրաէներգիայի, գազի սակագների վրա դրամի արժևորման հնարավոր ազդեցությունից:

Անդրադառնալով էլեկտրաէներգիային՝ Ուլիխանյանն ասաց.

«Ամեն տարի ընդհանուր համակարգում վերանայում իրականացվում է, սակայն սպառողի համար սակագինը կարող է փոխվել, կարող է չփոխվել: Բայց արտադրողների, ծառայություն մատուցողների մոտ ամեն տարի վերանայում իրականացվում է: Փոխարժեքն էլ այն բազմաթիվ գործոններից մեկն է, որ ազդեցություն է ունենում: Նախորդ տարիներին ևս փոխարժեքը հաշվի առնվել է, սակայն նախորդ տարիներին նման մեծ շեղում չի եղել, մեծ ազդեցություն չի ունեցել: Իսկ այս տարի շեղումը մեծ է, հետևաբար մեծ ազդեցություն կունենա»,-ասաց Ուլիխանյանը:

Հանձնաժողովն այս պահին իրականացնում է վերանայում: Աշխատանքները սկսվել են սեպտեմբերի կեսից: «Երկու շաբաթվա ընթացքում նոր միայն վերջնական հստակություն կլինի: Այս պահին դեռ կատարվում են ուսումնասիրություններ, վերլուծություններ: Մինչև տարվա վերջ պետք է ներկայացվի նիստի քննարկմանը»,-նշեց Ուլիխանյանը:

Թե ինչ չափով կարող է ազդել, նա չի կարող ասել, սակայն այն, որ ազդեցությունը դրական է լինելու, միանշանակ է: Իսկ թե արդյոք փոխարժեքը վերջնական սպառողի սակագնի ձևավորման վրա կունենա ազդեցություն, թե ոչ, կախված է նաև մյուս գործոնների ազդեցությունից:

«Ունենալու ենք թե դրական կերպով ազդող գործոններ՝ այդ թվում փոխարժեքը, թե բացասական ազդող գործոններ: Օրինակ, սակագնի ավելացման տեսանկյունից բացասական գործոններից մեկն այն է, որ 2021 թվականին համակարգում ներդրումներ են իրականացվել, և դրանք պետք է սակագնով փոխհատուցենք: Սա ևս ներառելու ենք սակագնի հաշվարկներում: Այն իր չափով կբերի սակագնի ավելացման, փոխարժեքն էլ կբերի նվազեցման»,-ասաց Ուլիխանյանը:

Սակագնի ձևավորման վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոններից է նաև արտադրության հաշվեկշիռը: Այսօր էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ դեռևս քննարկումներ են ընթանում առաջիկա տարվա արտադրության հաշվեկշռի շուրջ: Այդ հաշվեկշիռը դեռ չկա: Այսպիսով կարող են լինել թե դրական, թե բացասական գործոններ: «Այդ բոլոր դրական, բացասական գործոնների հանրագումարում միայն կերևա՝ ընդհանուր արդյունքը դրակա՞ն է, թե՞ բացասական: Եթե ընդհանուր արդյունքը լինի դրական, միանշանակ սպառողի սակագնի նվազեցում կլինի, բայց սա դեռ ուսումնասիրության փուլում է»,-ասաց Ուլիխանյանը:

Իսկ ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա խոշոր սպառողների համար ամսական 10 հազար խմ սպառման համար ԱՄՆ դոլարով արտահայտված բանաձև է հաշվարկվում, և ամեն ամսվա փոխարժեքով, բանաձևով հաշվարկվում է տվյալ ամսվա դրամական արտահայտությամբ սակագինը: Ուլիխանյանն ընդգծեց՝ այսինքն՝ խոշոր սպառողներն այսօր արդեն դրամով արտահայտված ավելի քիչ են վճարում փոխարժեքի նվազման արդյունքում:

«Իսկ ինչ վերաբերում է բնակչության համար սակագնին, ապա մեծ նշանակություն ունի նաև, թե ինչ ներկրման գին կունենանք 2023 թվականի համար: Եթե ներկրման գինը 2023 թվականի համար մնա նույնը, ապա վերանայում, իհարկե, կիրականացնենք: Եթե «Գազպրոմ Արմենիա»-ն չդիմի էլ, ապա հանձնաժողովն իրավունք ունի գնահատելու, թե ինչ ազդեցություն կա և իր նախաձեռնությամբ կվերանայի սակագները: Բայց մեզ համար նաև պետք է պարզ լինի, թե ներկրման ինչ գին ենք ունենալու»,-ասաց Ուլիխանյանը՝ հավելելով, որ այդ բանակցություններն էլ իրականացնում է կառավարությունը:

Երբ վերջնական քննարկումների արդյունքում հայտնի կլինի ներկրման գինը, ըստ դրա արդեն գազի սակագնի վերանայման հարց կարող է լինել: Գազի սակագնի վերանայման գործընթացում հանձնաժողովը դիտարկելու է բոլոր գործոնների ազդեցությունը:

Իսկ ինչ վերաբերում է ջրի սակագնին, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ի նիստում սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ:

Սակայն ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում,  2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա։ Ջրի սակագնի որոշման հարցում փոխարժեքը որևէ ազդեցություն չունի:

Աղբյուրը՝   b24.am