«Ոռոգման ջուր». գլխացավանքի դեղամիջոցի անունը «խելացի կառավարում է»

«Ոռոգման ջուր». գլխացավանքի դեղամիջոցի անունը  «խելացի կառավարում է»

Ըստ պաշտոնական տվյալների` Հայաստանի տարածքում գոյանում է  7.3 մլրդ խմ ջուր: Խորհրդային Միության ժամանակաշրջանում Հայաստանն օգտագործում էր շուրջ  4.5 մլրդ խմ, իսկ  հետխորհրդային շրջանում՝  2.4 մլրդ խմ ջուր Վերջին տարիներին արդյունաբերության, գյուղատնտեսության, խմելու և մնացած բոլոր նպատակներով Հայաստանն օգտագործում  է ընդամենը 1.9 մլրդ խմ ջուր:  ԽՍՀՄ տարիներին գրեթե նույն ջրային պաշարների առկայության պայմաններում ոռոգվել է մինչև 273.4 հազար հա մակերես,  մինչդեռ վերջին տարիներին, տարբեր հաշվարկներով,  այդ մակերեսն առավելագույնը 95 հազար հա-ից մինչև 130 հազար հա է:

Բացի այն, որ կրճատվել է մշակովի հողատարածքների մակերեսըսրվել է նաև ոռոգման խնդիրը: Մարզերի բնակիչները որևէ ելք չգտնելով ճանապարհ են փակում՝ կառավարությունից  ջուր են պահանջում: Այս իրավիճակը վերջին տարիներին օրինաչափություն է  դարձել:

Ավելին, այս տարի կառավարությունը որոշել է Սևանա լճից 2021 թվականի բացթողման 170 մլն  խմ չափաքանակը դարձնել մինչև 245 մլն  խմ՝ հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով։ Տարիներ շարունակ կառավարությունները  չկարողանալով լուծել ոռոգման հարցը՝ ջրբացթողումներ են իրականացնում Սևանա լճից, որը ռազմավարական նշանակություն ունի և քաղցրահամ ջրի եզակի պաշար է:

Կառավարությունը նշում է, որ 2021թ. օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21.43 մլն խմ  ջրի դեֆիցիտՍևանա լճից  2021թ.-ին  նախորդ տարվա համեմատ ոռոգման նպատակով ջրբացթողումները սկսվել են 10 օր շուտ, իրականացվել է 19 մլն խմ ջրառ:

Մամուլում համառորեն կարծիք է պտտվում, որ Սևանից մեծաքանակ իրական ջրառի պատճառը Հրազդան գետի վրա գտնվող ՀԷԿ-երին ջրով ապահովելն է: Մի կողմից Արարատյան դաշտի ընդերքից տարեկան հանվում և դրենաժային համակարգեր է լցվում շուրջ 1,6 միլիարդ խմ ջուր, որը սահմանվածից ավելին է,  մյուս կողմից Արարատյան դաշտի հողագործը մնացել է չորացած  դաշտի ու Սևանա լճի ջրի հույսին: 

Նշենք, որ «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսները կազմում են 1.1 միլիարդ խմ/տարի, այնինչ  ջրօգտագործողները տարեկան 1,6 միլիարդ խմ ջուր են օգտագործում:

Համաձայն «Մելյորացիա» ՓԲԸ-ի մոնիտորինգի տվյալների՝ Արարատյան դաշտում կոլեկտրադրենաժային ցանցերը մինչև 2002թ. աշխատում էին արդյունավետ, ապահովելով շուրջ 36,3խմ/վրկ կամ 1144,8 միլիոն խմ/տարի ջրերի հեռացում: Սկսած 2003թ-ից, երբ Արարատյան դաշտում սկսեց զարգանալ ձկնաբուծությունը, ջրերի հեռացման ծավալը 60 %-ով սկսեց գերազանցել ցանցերի նախագծային թողունակությունը, դաշտում սկսվեց արտեզյան ավազանի գերշահագործում, արդյունքում Արարատյան դաշտի խորքում տեղակայված արտեզյան ավազանը 30 տոկոսով կրճատվեց,  մինչդեռ այն Սևանա լճից հետո քաղցրահամ ջրի երկրորդ խոշոր ռեզերվուարն է:

«Ջրամբարները թերլցված են, տեղումները պակասել են, գետերում ջրերի հոսքը 60 տոկոսով նվազել է, ոռոգովի տարածքներն ավելացել են, վթարներ են լինում».-այսպիսին էլ  Ջրային կոմիտեի պատասխանն է ոռոգման խնդիրների վերաբերյալ հարցին:

Ոռոգման ջրի բացակայության հանելուկը

Արմինեն բնակվում է Արարատի մարզի Մրգավետ համայնքում, հիշում է, որ մինչև 10 տարի առաջ առուները ջրով լի էին, իսկ այժմ առուներ կան, որ տարին անցնում է ու ջրի երես չեն տեսնում:

«Մենք արտեզյան հոր ունենք, էլ ոչ ոք առվի ջրի հույսին չի, եթե ջուր տան էլ՝գրեթե ոչ ոք չի ջրում, բոլորն էլ իրենց սեփական ջուրն ունեն, բայց արտեզյանն էլ քիչ ջուր է տալիս, առաջվանը չի, ամեն տարի խորացնում ենք փոսը»,- ասում է  նա: Նաև համոզված է, որ գյուղում և հարակից գյուղերում ոռոգման խնդիրը կապված է արտեզյան ավազանի ջրերի մակարդակի նվազման հետ:

«Առաջ բակում հոր ունեինք, բերնեբերան լցված էր լինում ջրով, հիմա 10 մետր փորում ես՝ ջուր չկա, էլ որտեղից ոռոգման ջուր լինի: Արդեն քանի տարի է խոսում են, որ ձկնաբուծարանների պատճառով ջրերը իջել են, բայց ոչինչ չի փոխվել: Ասում էին ձկնաբուծարաններին կտուգանեն, ջուր կտան ոռոգման համար`ոչ մի բան էլ չեն արել, ոնց որ կար նախկինում, հիմա էլ նույնն է»,- ասում է  Արմինեն և հավելում, որ դաշտում էլ հողակտոր ունեն, սակայն ոռոգման խնդիրների պատճառով վերջին տարիներին չեն մշակում:

Գյուղատնտեսության փորձագետ Գառնիկ Պետրոսյանն ասում է, որ Հայաստանի ոռոգովի ցանքատարածությունների մոտ 50 տոկոսը չի օգտագործվում և  280 հազար հա հողատարածքի փոխարեն այժմ ամենալավատեսական հաշվարկներով մշակվում է  մոտ 130 հազար հա:

Ըստ նրա, հողի մշակությունը շահավետ չէ, եկամտաբերությունը ցածր է, որին գումարվում է ոռոգման ջրի պակասը կամ անկանոն ջրամատակարարումը:  Արդյունքում քանի որ  բարձր բերքի ստացման համար երաշխիք չկա, մարդիկ էլ չեն զբաղվում գյուղատնտեսությամբ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, սակայն փորձագետների գնահատմամբ՝  չի ոռոգվում 74%-ը:

Գյուղատնտեսության փորձագետ Մարզպետ Խաչատրյանը նշում է, որ ոռոգովի տարածքներից  տվյալների հավաքագրման հիման վրա եզրակացնում են, որ ոռոգվում է 85 հազար հա-ից մինչև  95 հազար հա,  ինչը անլուրջ մոտեցում է:

«Իրականում վերջին տասնամյակում որևէ մոնիտորինգ չի իրականացվել այդ առումով ու անգամ մոտավոր պատկերը չունենք, թե որքա՞ն են ոռոգովի տարածքները: Կարծում եմ, որ եղած ջրային պաշարներով Հայաստանն ի վիճակի է լիովին ապահովել ունեցած ամբողջ  մշակովի գյուղատնտեսական հողային ֆոնդի ջրի պահանջը»,- ասում է նա:

Ոռոգման խնդիրները կառավարումից, ջրակորուստներից մինչև դատարկվող ջրամաբարներ

Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի նախագահ Արևիկ Հովսեփյանը Հայաստանի ոռոգման համակարգի անբավարար վիճակի վերաբերյալ ունի իր վերլուծությունը:  Ըստ նրաԽորհրդային միության ժամանակ ոռոգումը պլանավորված էր և կար գյուղատնտեսական կառավարում, այժմ՝ չկա:

Նա հիշեցնում է, որ նախկինում չէր կարելի գերնորմատիվային հողերում ջրասեր բույսեր տնկել. այսինքն՝ մտածված գյուղատնտեսություն էին վարում, իսկ այժմ թեև ոռոգելի տարածքները պակասել են, սակայն ոռոգման խնդիրը չի լուծվում:

Նա մատնացույց է անում ջրային կառավարումը, որպես ոռոգման անբավարար վիճակի թիվ մեկ խնդիր: Առաջարկում է  ոռոգման համար այլ ուղիներ ևս փնտրել. oրինակ, hավաքել անձրևաջրերը և այլն:

Ա. Հովսեփյանը  ջրամբարների թերլցվածության խնդիրը համարում  է ոչ միայն  ջրային ռեսուրսների  նվազումը,  այլև այն, չի  հաշվարկում, թե որ ջրամբարը որքան տարածություն պետք է ոռոգի:  Ըստ նրա, ջրամբարների ջուրն էլ  բաց է թողնվում  ոչ ոռոգման սեզոնին և ոչ ոռոգման նպատակով, այլ՝ ՀԷԿ-եր աշխատացնելու համար: Ա. Հովսեփյանը վստահ է, որ սա է հիմնականում ջրամբարների թերլցվածության պատճառը: Բացի այդ, խնդիր է որոշ գետերի վրա իրար մոտիկ  ՀԷկ-եր կառուցելը, որը ոչ միայն բնապահպանական, այլ նաև գյուղատնտեսական խնդիրներ է հանրագումարել:

Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը միանշանակ հերքում է, ոչ ոռոգման սեզոնին ջրամբարներից  ջուր բաց թողնելու փաստը և նշում, որ առնվազն իր կառավարման տարիներին ՝ 3 տարի,  նման պրակտիկա չկա: Իսկ թե ինչո՞ւ ջրամբարները համառորեն չեն լցվում, նա պնդմամբ՝ պատճառը ջրային ռեսուրսների նվազումն է և տեղումների պակասը:

Ամփոփում

Ջրերի նվազման, կլիմայական փոփոխությունների հետևանքները Հայաստանում հատկապես սրվել  են: Սակայն, փաստ է նաև այն, որ  այժմ այնքան տարածք չի ոռոգվում,  որքան Խորհրդային միության  շրջանում և նվազող ջրերին համապատասխան՝ նվազել են մշակովի հողատարածքները: Հողերը կտրատվել են և սեփականաշնորհվել, որն էլ իր հերթին դժվարացնում  է  ոռոգումը: Այնուամենայնիվ, ոռոգումը կառավարող  ՋՕԸ-երի համակարգն իրեն չի արդարացնում, քանի որ այն իր իրական դերակատարումը չունի, ինչպես նախատեսված էր  և  շատ արագ վեր է ածվել ոչ թե գյուղացիների կողմից կառավարվող կառույցի, այլ քաղաքական նշանակություն է ձեռք բերել: Ոլորտում նշանակվում են, ոչ թե ընտրվում  և ՋՕԸ-երը ղեկավարում են ոչ մասնագետները , այլ՝ անձինք,  ովքեր սովորաբար տվյալ պահի իշխանության կողմից են նշանակվում:

Այս պարագայում, երբ պետք է հաշվարկվի ջրամբարների ջրի ոռոգման տարածքները, Արարարտյան դաշտի ոռոգման առանձնահատկությունները, հաշվարկներ չեն արվում, ավելին՝ Արարատյան դաշտում արտեզյան ավազանի հորիզոնների իջեցման հետևանքով ավելացել է հողի ջրապահանջարկը, իսկ ձկնաբուծարններ հոսող և դուրս արտահոսող ջրերը ոչ կառավարվում են, ոչ էլ պատշաճ վերահսկվում:

Ոռոգման համար հաշվարկներ են պետք անել՝ թե որտեղ ինչքա՞ն ջուր է անհրաժեշտ, ջրամբարները որքա՞ն տարածք պետք է ոռոգեն :  Ոռոգման ջրի արդյունավետ օգտագործման լավագույն ճանապարհն այն կլինի, որ յուրաքանչյուր ջրօգտագործող  ունենա իր ոռոգման ջրաչափը՝  ինչպես խմելու ջրի համար է,  և վճարի ըստ այդմ: