Դեկտեմբերի 1-ը գույքահարկի վճարման վերջնաժամկետն է

Դեկտեմբերի 1-ը գույքահարկի վճարման վերջնաժամկետն է
Հարգելի քաղաքացիներ, ինչպես արդեն գիտեք, 2021թ․ հունվարի 1-ից գոյություն ունեցող 2 տեսակի հարկերը՝ հողի և գույքի հարկերը, միավորվել են: Ներկայում հարկատեսակն անվանվում է անշարժ գույքի հարկ:
 Հիշեցնում ենք, որ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Հաջորդ օրվանից չվճարված հարկի համար հաշվարկվում է տույժ և տուգանք։
Նշենք, որ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների, ՀՀ կենտրոնական բանկի, ինչպես նաև բազմաբնակարան շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի` բազմաբնակարան շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում` շենքի տակ գտնվող)` ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով այդ սեփականատերերին պատկանող հողամասի մասով:
Լոռու մարզպետարանը հորդորում է բոլոր քաղաքացիներին սահմանված ժամկետներում կատարել հարկային պարտավորությունների մարում։
Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ներդրվել է համայնքների եկամուտների կառավարման միասնական համակարգ:
Գործարկվել է https://pay.e-community.am/am/ հարթակը: Այս գործիքն առավել թափանցիկ ու հեշտ է դարձնում ինչպես ՏԻՄ–ի աշխատանքն, այնպես էլ քաղաքացիների հարկերի վճարման գործընթացը: