Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տեղական տուրքի դրույքաչափը մի քանի անգամ կբարձրանա

Շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու տեղական տուրքի դրույքաչափը մի քանի անգամ կբարձրանա

Ֆինանսների նախարարությունը կառուցապատողների կարգապահությունը բարձրացնելու նպատակով առաջարկում է բարձրացնել շինություն կառուցելու թույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու համար տեղական տուրքի դրույքաչափը: Հերթական նիստի ժամանակ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ նախագծերի փաթեթի նպատակը մի շարք անավարտ շինություններ ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացումն է:

«Մենք մի շարք մոտեցումներ ենք քննարկել. երկար քննարկումներ ենք ունեցել թե նախարարական կոմիտեներում, թե նաև կառուցապատողների հետ և, կարծում ենք, որ միաժամանակ պետք է մի քանի կարգավորումներ վերանայվեն:

Առաջին կարգավորումը վերաբերվում է նրան, որ երբ առաջին շինարարական թույլտվության ժամկետը ավարտվում է, պետք է այդ անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր ավարտված շինության համար:

Երկրորդը՝ գտնում ենք, որ այսօր այդ անավարտ շինությունները ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը շինթույլտվության տեղական տուրքի դրույքաչափերի  շատ ցածր լինելն է: Օրինակ՝ Երևանում ցանկացած գոտում 5 հազար քկմ շինության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ: Մենք առաջարկում ենք երկու կարգավորումներ այս առնչությամբ: Առաջինն այն է, որ առաջարկվում ենք այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիներին: Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տաս անգամ: Այսինքն՝ Երևանի առաջինից չորրորդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար 5 հազար քկմ շինություն կառուցելու դեպքում թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:

Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև, որ սահմանված ժամկետին շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ քաղաքացին դիմի շինարարության ժամկետը երկարաձգելու համար, պետք է վճարի ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է:

«Երևանում այս փոփոխությունները վերաբերվելու են բոլոր տիպի շենքների և շինությունների կարգավորումներին, ներառյալ՝ բնակելի շենքեր, հասարակական և արտադրական շինություններ և անհատական բնակելի տներ: Սահմանամերձ համայնքներում որևէ փոփոխություն չի լինի:

Գտնում ենք տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացումը խելամիտ կարգավորումների շրջանակում է և էապես կնսպատի կարգապահության բարձրացմանը»,- նշեց Խաչատրյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ խնդիր են ցանկանում լուծել նախագծերի փաթեթով:

«Ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում և վերջ, դրանով ավարտվում է: Այն մնում է տարիներով, նույնիսկ տասնամյակներով: Դա դիտվում է որպես նորմալ երևույթ, բայց ոչ մեկ չի արձանագրում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում է միջավայրի գեղագիտական տեսքը և սրանից բխող հետևանքներով: Նախագծով առաջարկում ենք՝ շինթույլտվությունն ավարտվել է, դրանից հետո այլ կարգի կարգավորումներ են, և գույքային հարկ պետք է վճարվի և շինթույլտվությունը երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ արվեն»,- ասաց Փաշինյանը:

Աղբյուրը՝   armenpress.am