Արցախից տեղահանվածները հիմնավորվում են Կապանում

Արցախից տեղահանվածները հիմնավորվում են Կապանում

Արցախի 44-օրյա պատերազմի օրերին Արցախի տարբեր բնակավայրերից  Կապան տեղափոխված  մեծ թվով ընտանիքներից այժմ համայնքում բնակվում է 186 ընտանիք՝ շուրջ 704  բնակիչ: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ պատերազմի թեժ օրերից ի վեր  համայնքը աջակից է եղել արցախցիներին.  սկզբնական շրջանում մեծաթիվ բնակիչների  հյուրանոցներում, այնուհետև մասնավոր տներում տեղավորել, սոցիալ-կենցաղային ամենատարբեր  խնդիրների լուծմանն աջակցել, ժամանակավոր և մշտական աշխատանքով ապահովել,  արցախցի փոքրիկներին էլ արտահերթ կարգով ընդունել մանկապարտեզներ, հիմնականում՝ անվճար սկզբունքով: «Այժմ կարևոր նախաձեռնությամբ ենք հանդես գալիս. գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ Արցախից տեղափոխված բազմազավակ  ընտանիքների համար գյուղական բնակավայրերում ձեռք ենք բերում տներ, հատկացնում խոշոր եղջերավոր անասուններ, որպեսզի նպաստենք նրանց տնտեսության կազմակերպմանը:  Տներն ի սկզբանե տրամադրում ենք  օգտագործելու իրավունքով, միևնույն ժամանակ առաջարկում ենք մեր պայմանը. եթե տվյալ ընտանիքները որոշեն մշտապես հիմնավորվել Կապանում, տնտեսությունը զարգացնեն, կենցաղային պայմանները բարելավեն, համայնքապատկան այդ տները մենք անհատույց կտրամադրենք նրանց: Երեք ընտանիքի արդեն ապահովել ենք տներով, ընդհանուր առմամբ նշված ծրագրով նախատեսում ենք յոթ բազմազավակ ընտանիքի տան ու տնտեսության վարման աջակցություն տրամադրել»,-նշեց Գևորգ Փարսյանը:

IMG-b0aaf0d9299e026998f157e8e6c85b79-V.jpg (124 KB)

Համայնքի ղեկավարը նաև ուրախությամբ է փաստում, որ ինչպես համայնքն է օգնում Արցախից  ժամանածներին ադապտացվելու և համայնքում հիմնավորվելու, այնպես էլ կան նախաձեռնող ընտանիքներ, որոնք սեփական ներդրումով գործունեություն են ծավալել և հաջողության հասել այստեղ: 

 Վասիլյանների զրոյից բիզնեսի  հաջողությունները

 Գասպար Վասիլյանը Քաշաթաղից 2020թ. հոկտեմբերի 18-ին ընտանիքի հետ տեղափոխվել  է Կապան: Համայնքի Սյունիք և Աճանան գյուղերում հողակտորներ է վարձակալել  և գարնանը ձմերուկի մեծ այգիներ  հիմնելու գործին անցել:

Ասում է՝ ի զարմանս բոլոր սպասումների, այգիներից 30 տոննա բերք է ստացել  և ամբողջն իրացրել  Կապանի շուկայում:

«Չէինք պատկերացնում, որ մեր հաջողությունները նաև էստեղ կգրանցենք: Կապանում բնակիչները թերահավատ էին, ասում էին՝ էս հողերում ձմերուկ չի աճելու, Խորհրդային տարիներին փորձել են՝ լավ արդյունք չի տվել: Բայց մենք չնահանջեցինք, մոտ յոթ հա հող վարձակալեցինք՝ տարեկան 50-120 հազար դրամով ու սկսեցինք այգիների հիմնման բարդ գործը: Ամբողջ աշխատանքն արել է իմ ու  աղջկաս ընտանիքը, բերքահավաքին նաև բանվորների ենք ներգրավվել»,- ասում է Գասպարը: Որոշ հողակտորներ ընդհանրապես տարիներով չէր մշակվել, ծառերից,  թփերից մաքրել, մի քանի անգամ վարել ու ջերմոցում նախապես աճեցված սածիլները ապրիլին հողը դրել: «Հունիսի 12-ից սկսեցինք հավաքել առաջին բերքը, նույնիսկ մինչև 20 կգ ձմերուկ ենք ստացել: Ե՛ւ որակից ենք գոհ, և՛ բերքատվությունից: Մեկ կգ վաճառել ենք 80-150 դրամով»:  

 Վասիլյանների օրը սկսվում է առավոտ կանուխ: Լույսը բացվելուն պես դաշտերի  ճամփան են բռնում, քանի շոգ չէ պետք է հասցնել այգու հիմնական գործն անել: Ջերմոց էլ ունեն, որտեղ դաշտերի համար սածիլներ են աճեցնում: Քաշաթաղում՝ սահմանից 70 կմ հեռու գտնվող Վան գյուղի բնակիչներն այսօր Կապանի իրենց ջերմոցում աշխատանքներ են իրականացնում պատերազմից հետո այս տարածքներում հաստատված ադրբեջանցիների հարևանությամբ: «150 մետր  են հեռու մեզանից, իրենց շարժը, խոսակցությունները տեսանելի ու լսելի են, չենք վախենում ընդհանրապես: Մյուս հողակտորներն էլ ուղիղ գծով 1-1.5 կմ է հեռու դրանց տեղակայված վայրից»:

IMG-a1ccdc3beb15686c66f682e79b4855aa-V.jpg (219 KB)

Գասպար Վասիլյանն արմատներով Եղեգնաձորից է:  Ընտանիքի հետ 2006թ.-ին տեղափոխվել էին Քաշաթաղի շրջանի Վան գյուղ: Վարձակալած 6-7 հա հողակտորների վրա ձմերուկի այգիներ  էին հիմնել, բանջարանոցներ ստեղծել, բերքն էլ իրացրել  Սյունիքում և  Ստեփանակերտում: Ասում է՝ ձմերուկ աճեցնել սովորել  է Վանում՝  համագյուղացներից, մինչ այդ նույնիսկ չգիտեր ձմերուկը ծառերի՞ն, թե ՞ թփերին է աճում: «Քաշաթաղում հողը բերրի էր, ավեր շատ բերք էինք վերցնում՝ 1  հեկտարից 35- 40 տոննա ձմերուկ: Բայց Կապանում բերքի որակից ավելի գոհ ենք, ջրի որակն այստեղ ավելի լավն է: Գոմաղբով ենք հողը  պարարտացնում,  ժամանակին ջրում, մշակման ճիշտ տեխնոլոգիա կիրառում. ցելոֆանների շերտերը տրակտորով  նախօրոք փռում ենք  դաշտով մեկ,  կուտը ցանում վրան,  որ ցելոֆանի շնորհիվ ցերեկվա ջերմությունը հողի տակ  պահպանվի նաև գիշերը, ճիշտ խնամք իրականացնում և ահա նման արդյունք ունենում»:

Աճանանի ձմերուկի հսկայական դաշտում ենք՝ ծայրից մյուս ծայրը չի երևում: Վերջին բերքն է մնացել: Որոշները դեռ չեն հասունացել: Գասպարի կինը՝ Լուսինեն, ասում է՝ չարչարանքը մեծ է, բայց իրենք հողի հետ աշխատանքը սիրով են անում,  ձմերուկի «լեզուն» էլ հասկանում են: Տարին չորային էր, նպաստավոր էր ձմերուկի այգիների համար:

IMG-0321d5336d419320a28f4e93fce12e76-V.jpg (229 KB)

«Ձմերուկը փոքր երեխայի պես մի բան է, անընդհատ խնամք ու ուշադրություն է պահանջում, պետք է ամեն ինչ ճիշտ ժամանակին անես, թե չէ արածդ ջուրը կընկնի»:  Փորձառու այգետերերն ասում են, ձմերուկ ընտրելիս ընդամենը պետք է հարվածել ձմերուկին,  եթե խուլ ձայն է գալիս՝ ուրեմն  դեռ հասնելու տեղ ունի, զրնգուն ձայնի դեպքում կարելի է հանգիստ գնել:

 Վան գյուղի բնակիչներն այժմ ապրում եմ Կապան համայնքի Սյունիք գյուղական բնակավայրում՝ վարձակալած մեկհարկանի առանձնատանը: Մեր այցի օրը առանձնատան  դիմաց որդին՝ Արմենը, գյուղտեխնիկան էր նորոգում, նախապատրաստում են վերջին բերքը հավաքելուց հետո հողի մաքրման, վար անելու գործին, որից հետո հողը թողնվում  է հաջորդ տարվա ցանքսին: Ասում են՝ լավ բերքատվությունը  կախված  է  նաև հողի հետ տարվող նախապատրաստական աշխատանքներից: Գյուղտեխնիկան Վանից տեղահանավելուց հետո են ձեռքբերել, իրենց տեխնիկան մնացել է այնտեղ: Կապանում պարտքով են գործը սկսել,  բայց ստացված բերքի եկամտով  արդեն պարտքը մարել են:

 Ձմերուկից բացի նաև բանջարեղեն են աճեցրել, ստացված բերքը կրկին արագ սպառել Կապանի շուկայում: Մտադիր են եկող տարի ավելացնել հողակտորները,  առատ բերքով ապահովել տեղի շուկան:

«Կապանում  բանջարեղենի, մրգի պահանջարկը հիմա մեծացել է, քանի որ Արցախի հողակտորները չկան, իսկ այնտեղի բերք ու բարիքը հիմնականում էստեղ էր սպառվում: Հիմա ստացված բերքը հազիվ է պահանջարկը բավարարում»,- նշում է Գասպար Վասիլյանը:

Կապանից հեռանալու մասին չեն մտածում, միայն թե Արցախում մնացած իրենց տան, անասունների, գույքի համար փոխհատուցում ստանան, որ տուն առնեն ու հիմնավորվեն այստեղ:

«Հիմա 35 հազար դրամով տուն ենք վարձակալել՝ ես, տղաս, ամուսինս ու սկեսուրս ենք ապրում: Աղջիկս էլ Կապանում է վարձով ապրում:  Պայմաններն,իհարկե համեմատելու չեն: Վանի մեր տունը հիմնովին նորոգել, նոր գույք ու կահույք էինք տեղադրել, չհասցրեցինք վայելել: Չեմ նեղվում, մի պալատկայում էլ կապրեի, միայն թե էս պատերազմը չլիներ ու էսքան զոհեր չունենայինք: Աստված տա էլ նման օրեր չտեսնենք»,- ասում է Գասպարի կինը՝ տիկին Լուսինեն:

 Կյանքը Կապան տեղափոխվելուց առաջ՝ պատերազմի օրերին

58-ամյա Գասպար Վասիլյանը նաև Քաշաթաղի շրջանի 150 բնակիչ ունեցող Վան համայնքի ղեկավարն էր: 2015թ.-ին էր ընտրվել գյուղապետ:  44-օրյա պատերազմում 30 տնտեսություն ունեցող գյուղը մեկ զոհ ու մեկ վիրավոր ունեցավ: Ասում է՝ պատերազմի օրերին ՄՈԲ-ի զորակոչին ճանապարհել էր Իշխանաձոր և գյուղացիների հետ տեղում ձևավորված շտաբի աշխատանքներին լծվել: «Գորիսից սնունդ էինք տեղափոխում շտաբ, հիվանդանոցից մեր վիրավորներին տեղափոխում Գորիս, զոհերի դիերը՝ Կապան:  Քանի անգամ եմ գիշերվա ժամերին միայնակ իմ մեքենայով վիրավորներ, դիակներ եմ տեղափոխել Սյունիք: Ողջ ընթացքում միտքս Ջրականի թեժ կետերում կռվող տղայիս հետ էր, օրերով լուր չունեինք:  Շատ դժվար էր, չենք էլ ուզում հիշել պատերազմի մասին»,-ասում է Գասպարը:

20210903_132005.jpg (4.19 MB)

2020թ. հոկտեմբերի 18-ն էր, երբ գյուղն արագ լքելու հրաման ստացան: Վանի ողջ բնակչությունը շատ արագ թողնում- հեռանում է գյուղից՝ առանց մեկ կրակոցի գյուղը թողնելով թշնամուն:

«Հոկտեմբերի 18-ին առավոտյան ժամը 09:30-ին Ստեփանակերտի քաղպաշտպանության պետը զանգում է, թե Վասիլյան հանկարծ ժողովրդին չթողնեք հեռանան գյուղից՝ ամեն ինչ լավ է լինելու: Բայց մի քանի ժամ անց՝ 12:30-ին,  զանգում է ու ժողովրդին արագ տարահանելու հրաման տալիս: Թշնամու զորքը մի քանի ժամվա ընթացքում կարող էր արդեն  գյուղ մտնել»,-պատմում է զրուցակիցս:

Պատերազմը կիսատ թողեց գյուղի հետ կապված ծրագրերը: Հասցրել էին համայնքը սնուցող ջրագիծն անցկացրել, Թուֆենկյան հիմնադրամի միջոցով հիմնանորոգել քառասուն աշակերտ ունեցող դպրոցը: Այն այժմ թշնամու համար բազա է դարձել: Գյուղացիներն իրենց տները նորոգել, կենցաղպայմանները բարելավել էին: Ամբողջը մնաց թշնամուն:

«Մարդկանց քսան տարվա աշխատանքը, ունեցվածքը՝ տուն, գույք, անասուն, տեխնիկա, ամբողջովին մնաց էնտեղ: Հաջորդ օրը հետ եմ գնացել գյուղ, անտանելի տեսարան էր…մարդկանց իրերը բարձած մեքենաներից թափվել էին գյուղում ու ճանապարհին, սարսափելի էր, մինչև հիմա աչքիս առաջ է: Ինչո՞ւ պիտի մեր ղեկավարությունն այսպես վերաբերվեր ողջ Քաշաթաղի հարավային շրջանին: Ես մինչև օրս կապի մեջ եմ տարբեր բնակավայրերում հաստատված գյուղի յուրաքանչյուր բնակչի հետ, մեկ տարին արդեն լրանում է՝ դեռ մարդկանց տուն-տեղ չեն տվել, չեն փոխհատուցել»,- հավելում է Գասպարը: 

Շուտով մեր զրույցին միանում է նաև որդին՝ 2016թ.-ի ապրիլյան քառօրյայի և 2020թ.-ի 44-օրյա պատերազմի մասնակից 23-ամյա Արմենը: Պատերազմի դաժանությունը վերապրած երիտասարդը երկար չխոսեց պատերազմից: «Ոչ պատմելու բան է, ոչ էլ՝ տեսնելու»:

Մեկ ամիս քսան օր պատերազմի թեժ կետերում է կռվել՝ Ջրականի դիրքերում, երեք կողմից շրջափակման մեջ են հայտնվել, որտեղից նույնիսկ  վիրավորների, զոհերի հնարավոր չէր լինում դուրս բերել: «Թշնամին ոչնչացրել էր մեր հրետանին, զինամթերքը վերջացել էր, եղած զենքերով հնարավոր չէր ԱԹՍ-ների դեմն առնել: Մեզ օգնություն եկող ուժերը տեղ չէին հասնում՝ ԱԹՍ-ները ոչնչացնում էին,  սնունդ, ջուր մատակարարող մեքենաներն էլ դիրք չէին հասնում: Մեզ հաջողվեց փրկվել  հմուտ հրամանատարի շնորհիվ: Մեր դիրքը  Ջրականի վերջին և Հադրութի առաջին դիրքն էր:  Նահանջ տվեցին, մի գիշերվա մեջ ամբողջ զորքը՝ 700-800 հոգի, հրամանատարը դուրս բերեց: Չէինք էլ մտածում, որ ողջ կմնանք, եթե հրամանատարի գլխավորությամբ ճիշտ գործողություն չանեինք՝ ողջ չէինք մնա»,-ասում է Արմենը: 

Վասիլյանների ընտանիքի համար պատերազմի հանգուցալուծումն անսպասելի էր: «Մենք միշտ մտածել ենք պատերազմ՝ մեր հաղթանակով: Քաշաթաղից Կապան գալուց հետո էլ բարձրացել եմ Կապանի դիրքերը, էնքան ժամանակ մնացինք, մինչև մեզ ասացին դիրքերից հետ գնանք: Մենք չենք պարտվել, պատերազմը դեռ չի ավարտվել, ուղղակի այսօր անորոշությունն է շատ, չգիտենք ինչ է լինելու»,-զրույցը եզրափակում է Գասպար Վասիլյանը՝ հավաստիացնելով, որ մտադիր չեն լքել Կապանը, ցանկանում են ապրել ու արարել այս հողերում՝ առավելևս, երբ շրջապատված են բարի, կամեցող մարդկանցով: Բայց միևնույն է հույսը չեն կտրում, որ մի օր կկարողանան վերադառնալ տարիներով շենացրած իրենց Վան գյուղը՝ միայն թե  հարատև խաղաղության պայմաններում։