Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդին:

Ողջունելով զրուցակցին` փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավմանն առնչվող խնդիրների հաղթահարման գործում:

Անդրադառնալով Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 2021-2025 թթ. գործողությունների ծրագրին` փոխվարչապետը հատկապես կարևորել է մի շարք գործողությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունների պատճառով տեղահանված և հակամարտության ազդակիր համայնքներում բնակվող երեխաների կարիքների հասցեագրմանն ուղղված մարդասիրական արձագանքի ներառումը:

Քրիսթին Վայգանդն, իր հերթին, գոհունակություն է հայտնել պետական կառավարման մարմինների հետ համագործակցության դինամիկայի վերաբերյալ, մասնավորապես` երեխաների իրավունքների մասով ընթացող օրենսդրական նախաձեռնությունների շրջանակներում` վստահություն հայտնելով երկկողմ առաջնայնություններին ու նպատակներին համապատասխան համագործակցության շարունակականության վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում` երեխաների կրթության պայմանների բարելավման, ինչպես նաև երեխաների իրավիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման ու վերլուծության ուղղություններով: