Չինաստանը ամբողջ երկրում թուլացրել է COVID-19-ի վերահսկման սահմանափակումները

Չինաստանը ամբողջ երկրում թուլացրել է COVID-19-ի վերահսկման սահմանափակումները

Չինաստանի իշխանություններն ամբողջ երկրում թուլացրել են կորոնավիրուսի տարածման դեմ մտցված կանխարգելիչ միջոցները։ Այս մասին նշվել է COVID-19-ի դեմ պայքարի միջոցների օպտիմալացման մասին փաստաթղթում, որը հրապարակվել է չորեքշաբթի երկրի Հիգիենայի եւ առողջապահության  հարցերի պետական կոմիտեի կայքում։

Փաստաթղթի համաձայն՝ այժմ բարձր վտանգի գոտիներ են համարվում ոչ թե վարչատարածքային միավորները, այլ «շենքերը, բնակարանները, հարկերը եւ տնային տնտեսությունները»։ «Ժամանակավոր շրջափակման բոլոր ձեւերը (բարձր վտանգի գոտիները) չեն թույլատրվում»,- նշվել է  փաստաթղթում։ Անընդմեջ 5 օրվա ընթացքում նոր վարակների բացակայության դեպքում բարձր ռիսկի գոտու ռեժիմը հանվում է։

Բացի այդ, անախտանիշ վարակում եւ հիվանդության թեթեւ ընթացք ունեցող մարդիկ կարող են ընտրություն կատարել տանը մեկուսացվելու եւ կամավոր կենտրոնացված կարանտինի միջեւ։

Այն տարածքներում, որոնք չեն համարվում բարձր վտանգի գոտիներ, չպետք է սահմանափակվի մարդկանց տեղաշարժը, չպետք է կանգնեցվեն արտադրությունը եւ բիզնես-գործունեությունը, նշել են իշխանությունները։

Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճ է գրանցվել նոյեմբերի սկզբին, դրանց մեծ մասը՝ անախտանշան։ Երկրի կառավարությունը սկզբում խստացրել է սահմանափակումները։ Նոյեմբերի վերջին Չինաստանի մի շարք քաղաքներում ցույցեր տեղի ունեցան հակաքովիդային միջոցների դեմ։ Ցույցերի պատճառներից մեկը հրդեհն էր Ուրումչիի բազմահարկ բնակելի շենքում, երբ զոհվել էր տասը մարդ։ Չինական լրատվամիջոցներում շրջանառվում էր այն չհաստատված տեղեկությունը, որ լոքդաունի պատճառով հրշեջները չեն կարողացել ժամանակին հասնել միջադեպի վայր, իսկ բնակիչները չեն հասցրել հեռանալ իրենց բնակարաններից։ Իշխանությունները հերքել են այս տեղեկությունը։

Չինաստանում չեղարկել են նաեւ պարտադիր ՊՇՌ-թեստավորումը նրանց համար, որոնց աշխատանքը կապված չէ վարակման բարձր ռիսկի հետ կամ չի ենթադրում շփումներ երեխաների կան տարեցների հետ։

Աղբյուրը՝   news.am