Գյումրիում 2023 թվականին մենք 28 փողոց վերականգնելու ենք. փոխվարչապետ

Գյումրիում 2023 թվականին մենք 28 փողոց վերականգնելու ենք. փոխվարչապետ

Գյումրիում 2023 թվականին մենք 28 փողոց վերականգնելու ենք, որոշ թաղամասերում այս պահին էլ ընթանում են աշխատանքները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«Փորձում ենք դա անել հիմնարար լուծումներով, այսինքն ստորգետնյա ենթակառուցվածքներ, ասֆալտապատ ճանապարհներ, մայթեզրեր: Գալիս տարվա ավարտին, կարծում եմ՝ Անի թաղամասն ամբողջությամբ կլինի նոր ասֆալտապատված փողոցներով:

Ունենք նաեւ այլ ծրագրեր, օրինակ, Բարեկամության այգին, որն իրականացվում է  Ազգային զարգացման հիմնադրամի հետ համատեղ, Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրը, որը տարածաշրջանում նմանը չունեցող համալիր է լինելու: Փորձելու ենք զարկ տալ նաեւ տուրիզմի ենթակառուցվածքներին: Սլոբոդկա թաղամասում շինարարական աշխատանքները կսկսենք 2023-ի երկրորդ կեսին, ինչպես նաեւ չմոռանանք սուբվենցիոն ծրագրերի մասին: 2023-ի համար համայնքից ստացել ենք 7 մլրդ դրամի չափով սուբվենցիոն ծրագիր»,-ասաց նա:

Նշենք, որ 11:41-ին Գյումրի այցելած բարձրաստիճան պաշտոնյաները՝ ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև դիվանագիտական ու ուժային կառույցների ներկայացուցիչները գյումրեցիների հետ ծաղիկներ խոնարհեցին «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշակոթողի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհ դարձածների հիշատակին:

Աղբյուրը՝   news.am