Նախկին անմշակ հացահատիկային ցանքատարածությունները վերականգնելու անհրաժեշտություն կա

Նախկին անմշակ  հացահատիկային  ցանքատարածությունները վերականգնելու անհրաժեշտություն կա

Կապան համայնքում տասը տարուց ավելի անմշակ թողնված, դեգրադացված վարելահողերը կրկին սկսել են մշակել։  2020թ․-ին համայնքային իշխանության նախաձեռնությամբ՝ 9 բնակավայրում շուրջ 200 հա չմշակվող հողատարածքում հացահատիկ է ցանվել։  Վանեք, Ձորաստան, Աճանան, Սևաքար, Սյունիք, Վարդավանք, Ճակատեն, Առաջաձոր, Նորաշենիկ բնակավայրերում համայնքապատկան և մասնավոր հողակտորներում աշնանացան ցորենի վարուցանքսը կանգ չի առել նույնիսկ պատերազմի թեժ օրերին: Առաջին բերքն արդեն հավաքել են ընթացիկ տարվա հունիսին։ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ արդյունքից դժգոհ չեն։

«Հաշվի առնելով, որ պարենային անվտանգության խնդիր կարող էր առաջանալ,  պատերազմի թոհուբոհին հետամուտ եղանք, որ դաշտերում աշխատանքները  շարունակվեն: Ցանված ռուսական «Գրոմ» տեսակի սերմացուից  լավ բերք ենք ստացել հատկապես ցանկապատված հողակտորներում՝ 1 հա-ից  30 ց-ից ավելի ցորեն,  իսկ առանց հսկողության մնացած տարածքներում խոշոր եղջերավոր անասունները մեծ վնաս են հասցրել բերքին»,-նշեց համայնքապետը:

Ընդհանուր 200 հեկտար վարելահողից  ստացվել է 245 հազար 530 կգ  ցորեն, որից 236 հազար 330 կգ-ը  որակյալ  բերք է, գնումների մասին օրենքի համաձայն՝ վաճառք կիրականացվի,  ծախսածածկումը կարվի,  իսկ մնացած 9200 կգ-ը՝  որպես անասնակեր կտրամադրվի անասնապահությամբ զբաղվող բնակիչներին՝ այդ թվում  արցախցիներին: 

Համայնքում գյուղատնտեսության զարգացումը խթանելու նպատակով համայնքային իշխանությունը դեռևս 2019թ.-ից էր լծվել անմշակ, դեգրադացված, ծառապատ և թփապատ հողակտորներ մաքրելու, վարելահողերի  վերականգնման, դրանք կրկին մշակելի դարձնելու դժվարին աշխատանքին:

Ի տարբերություն մարզի մյուս համայնքների՝ Կապանում գյուղատնտեսությունն այնքան էլ  զարգացած չէ, վարելահողերն էլ համեմատաբար քիչ են։ Ագրոտեխնիկայի բացակայությամբ, ցածր բերքատվությամբ և մեծ ծախսատարությամբ պայմանավորված՝ ժամանակի ընթացքում տեղացիներից շատերը դադարել են մշակել եղած վարելահողերը։ Կապանի համայնքապետարանի տվյալներով՝ համայնքում  1163 հա չմշակվող վարելահող կա, որից   863 հա-ը՝ համայնքապատկան:

 IMG_9835.JPG (324 KB)

«Տարածքների կորստից հետո ոչ մի կտոր հող անմշակ չպետք է մնա»

Կապանի համայնքապետարանի տվյալներով՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո համայնքից 55 hա հողատարածք թշնամու վերահսկողության տակ է  անցել, մեծամասամբ՝ սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղից, իսկ Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դավիթ Բեկ գյուղական բնակավայրերում թշնամու նշանառության տակ է հայտնվել շուրջ 800 հա խոտհարք և վարելահող: Գյուղացիները վախենում են խոտ հնձել, հողատարածքներ մշակել, սկսել են անասնագլխաքանակը կրճատել: «Մենք առանց այն էլ հարուստ չենք հողատարածքներով, ոչ մի կտոր հողակտոր անմշակ չպետք է մնա։ Ի սկզբանե իրականացվող ծրագրով նպատակ ենք ունեցել փրկել վարելահողերը դեգրադացումից, մշակելի  դարձնել և այն հանձնել գյուղացիներին:   Պայմաններ ենք ստեղծում, որ նրանք կապվեն հողին։ Հիմա պետք է ավելի շատ շահագրգռված լինեն, քանի որ բավականին մեծ հողատարածքներ մշակելու հնարավորություն ենք կորցրել, ի դեմս այն տարածքների, որոնք ադրբեջանական վերահսկողության տակ են հայտնվել։ Համայնքը պատրաստ է  գյուղտեխնիկայով և հնարավոր այլ միջոցներով աջակցել բնակիչներին»,-նշեց Կապան համայնքի ղեկավարը և հավելեց, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում։ Այժմ, Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ, նախատեսվում է սահմանամերձ Ագարակ և Շիկահող գյուղերում մոտ 40 հա դեգրադացված հողերը  կրկին մշակելի դարձնել:

Ցանքատարածությունների նպատակային օգտագործումը՝ առաջնահերթություն

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության տվյալներով՝ Սյունիքի մարզն ընդհանուր ունի 43 հազար 900  հա վարելահող։ 2020թ․-ին կատարվել է 9248․95 հա աշնանացան։  2021թ․-ին գարնանցանը կազմել է 4454․7 հա, 133 հա-ով ավելի՝ քան 2020թ․-ին։ Պատերազմից հետո մարզում կան հողատարածքներ, որ հայտնվել են թշնամու ուղիղ նշանառության տակ, դեռ պարզ չէ որքան աշնանացան կարվի այս տարի։

Բացի մարզի հողատարածքներից, սյունեցիները հացահատիկային  մշակաբույսեր էին ցանում նաև Արցախում՝ ազատագրված տարածքում։ Պատերազմից հետո այդ վարելահողերը՝ շուրջ  18-20 հազար հա,  անցել են թշնամուն, հիմնականում հացահատիկի ցանքատարածություններ։ 

Մասնագետների խոսքով՝ պատերազմի հետևանքով կորսված տարածքներից ստացվող բերքի պակասը պետք է լրացվի դրսի շուկայից, իսկ միջազգային շուկայում շարունակվում է գնաճ արձանագրվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի պարենային շուկան ուղղակիորեն և անուղղակիորեն կախված է արտաքին շուկայի գներից, ապա վերջինիս գնային տատանումներն անխուսափելիորեն ազդում են նաև Հայաստանի ներքին շուկայի վրա։

IMG_9903.JPG (368 KB)

Օրինակ՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ 2021 թ. մայիսին հացահատիկային ապրանքների գները նախորդ ամսվա համեմատությամբ բարձրացել են 6%-ով, իսկ 2020 թ. ապրիլի համեմատությամբ՝ 36,6%-ով:

 Ըստ փորձագետների՝ հետպատերազմական ստեղծված իրավիճակից բխող  հետևանքները ինչ-որ չափով հնարավոր է մեղմել՝ Հայաստանում ավելացնելով արտադրության ծավալները՝ այդ թվում նաև մշակել չօգտագործվող վարելահողերը։ Նշենք, որ միայն հարավային մարզում կա 6223 հա չօգտագործվող վարելահող։

 Առավել, քան կարևորվում է սահմանամերձ բնակավայրերի հողերի նպատակային մշակումը, հնարավոր արտագաղթը կանխելու համար։  Սակայն մինչ օրս մշակի անվտանգության ապահովման առումով որևէ հստակ քայլ պետության կողմից բնակիչները չեն տեսնում, իրենց իսկ սեփական հողում պարբերաբար բախվում են մարզի տարածքում ապօրինաբար գտնվող թշնամու սանձարձակ գործողություններին։

Պատերազմից հետո թշնամու նշանառության տակ են հայտնվել նաև մարզի Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Կոռնիձոր, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ գյուղական  բնակավայրերը։  Խնձորեսկում բնակիչներն իրենց դաշտ գնալու համար ստիպված են անցնել մի քանի մետր հեռու տեղակայված թշնամու դիրքի մոտով։ Ասում են՝  դաշտամիջյան ճանապարհն է բաժանում գյուղի և թշնամու «սահմանը»։ 

«Ներքին Խնձորեսկում դաշտում աշխատող տրակտորիստին ադրբեջանցիները կանգնեցրել են  և տրակտորը տարել,  մի քանի ժամ տևած բանակցություններից հետո են միայն վերադարձրել տեխնիկան։ Անվտանգության խնդիրը շատ լուրջ է,  մենք մտադիր չենք լքել գյուղը,  սակայն թշնամին անկանխատեսելի է»,-ասում են գյուղացիները։

 Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Էդիկ Բունիաթյանի խոսքով՝ ոռոգման ջրի խնդրի լուծման պարագայում, մարզում հնարավոր է էապես ավելացնել մշակվող վարելահողերը և ապահովել հավելյալ բերքատվություն։ Նորանշանակ բաժնի պետն այժմ այցելում է մարզի բնակավայրեր, տեղում ուսումնասիրում առկա իրավիճակը և լուծման  հնարավոր ուղիներ փնտրում։ Նրա պնդմամբ՝ պատերազմից հետո Սյունիքում ստեղծված իրավիճակում կարևոր է, որ անմշակ հող չմնա և անհրաժեշտ է ավելացնել հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները։

«Օրինակ՝ Սիսիանի Գորայք համայնքում 6468  հա վարելահող կա, 5000 հա հնարավոր է ոռոգելի դարձնել։ Լեռնային  գետերից ջուրը ինքնահոս համակարգով կարելի է համայնք հասցնել, ջրամբարներ կառուցել և դրանցով դաշտերը ջրել։ Հողակտորների շատ քիչ տոկոսն է մշակվում, այստեղ ավելի շատ զարգացած է անասնապահությունը, պետք է փորձենք այդ հողերը ոռոգելի դարձնել և մեծացնել հացահատիկային կուլտուրաների մշակելի հողատարածքները։ Նույն կերպ հնարավոր է նաև ոռոգել Սպանդարյանի, Ծղուկի, Սառնակունքի հողատարածքները»,-նշեց գյուղատնտեսության բաժնի պետը։ Ըստ նրա՝ Մեղրիում  նույնպես չօգտագործվող վարելահողերը մշակելի դարձնելու մեծ հեռանկար կա։ «Քաջարանի սարերից ինքնահոս եղանակով պետք է փորձել ջուրը հասցնել Մեղրի և Ագարակ՝ հատկապես Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր գյուղեր։ Ե՛վ խմելու ջրի խնդիրը կլուծվի, և՛ ոռոգման։ 1000 հա հող կդարձնենք ոռոգելի, որից 490 հա վարելահող կավելացվի, հացահատիկային կուլտուրաները մշակումը կզարգացնենք, կփորձենք նաև յայլաներում ջրի խմոցներ ապահովել անասունների համար,  շեշտակի կզարգանա նաև  անասնապահությունը: Այս ամենն իրագործելու համար մեծ գումար է անհրաժեշտ՝ մոտ 5 մլն դոլար, պետք է փորձենք միջոցներ գտնել»,-հավելեց բաժնի պետը։

Խորհրդային Միության տարիներին մարզում գործող արհեստական անձրևացման համակարգի շնորհիվ մշակվող վարելահողերն անհամեմատ մեծ էին։ Իսկ այսօր ոռոգման բացակայության հետևանքով շատ հողատարածքներ տարիներ ի վեր անմշակ են մնում։ Իսկ գյուղացիների հիմնական մասը ցորեն  ցանում  է անջրդի հողատարածքներում։

 Սյունիքում հացահատիկային կուլտուրաների մշակմամբ հիմնականում զբաղվում են Սիսիանի և Գորիսի համայնքներում։ Ամենաշատ ու ամենաբարձր բերքատվություն ապահովող ցանքատարածությունները գտնվում են հացահատիկի շտեմարան համարվող Սիսիանի տարածաշրջանում։

 IMG_9951.JPG (279 KB)

Սիսիանի բարձր լեռնային շրջաններում բնակիչները հիմնականում մշակում են գարնանացան  մշակաբույսեր, որոնք այնքան էլ բարձր բերքատվություն չունեն, ուստի գյուղատնտեսները կարծում են, որ անհրաժեշտություն կա ավելացնելու աշնանացանի ցանքսերը։  

«Սիսիանում հիմնականում  հացահատիկային կուլտուրաները ցածր գոտիներում են ցանում, իսկ բարձրադիր գոտիներում անասնապահությունն է զարգացած։ Այսօր նաև կերային մշակաբույսերի խնդիր կա, պետք է այլընտրանքային կերային կուլտուրաներ աճեցնել, կերի կայուն բազա ունենալ, ինչպես նաև պետք է  համոզել գյուղացիներին, որ այստեղ աշնանացան կուլտուրաների մշակմամբ զբաղվեն, դրանք կարող են ավելի բերքատու լինել: Այդկերպ կարող ենք խթանել հացահատիկային կուլտուրաների արտադրության ավելացումը և բերքատվություն բարձրացումը»,-ասաց Էդիկ Բունիաթյանը։

Գյուղատնտեսության ոլորտի մասնագետի խոսքով՝  բարձր բերքատվություն հնարավոր է ապահովել ագրոտեխնիկական կանոնների պահպանման շնորհիվ․ սերմացուի ընտրությունից մինչև ժամանակին ու ճիշտ վարուցանքի իրականացում։

Այսօր գյուղացիներն իրենք են ընտրում սերմացուի տեսակը, իսկ պետական համապատասխան գերատեսչությունները համակարգում են, որպեսզի համայնքների պահանջարկը ստանալուց հետո մատակարարները հնարավորինս շուտ սերմերը հասցնեն համայնք, ցանքսը շուտ կատարվի։

«Ռուսաստանից ներկրում ենք  բարձր որակի սուպեր էլիտա և էլիտա սորտերի տարբեր սերմացուներ։ Կան սերմեր, որ վերջին տարիներին արդեն ադապտացվել են մեր կլիմային։ Ակտիվ աշխատանքներ ենք տանում նաև, որ ցանքսն արվի ոչ թե խոզանի վրա, այլ բազմամյա բույսերի, որ բերքատվությունը բարձր լինի։  Ցանկալի կլինի մարզի տարածքում ունենալ սերմերի, պարարտանյութերի, վառելիքի պահեստ, որ ոչ թե գարնանը պահանջարկը ներկայացնելուց հետո սերմը տեղ հասնի, այլ դաշտ դուրս գալու առաջին իսկ հնարավորության դեպքում պահեստում արդեն անհրաժեշտ քանակի, շուկայականից էժան սերմացու լինի, որ աշխատանքները ճիշտ ժամանակին արվի՝ բերքատվությունը չտուժի»։   

Նրա խոսքով՝ մարզում հնարավորություն կա ագրոտեխնիկական կանոնների ճիշտ  կիրառման շնորհիվ լավ ցուցանիշ ապահովել, իսկ ճիշտ կիրառման համար լավ մասնագետներ են պետք, ինչը ևս խնդիր է այսօր։

 Պետական աջակցության ծրագրով նախատեսվում է սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում

 2019 թվականին, պաշտոնական տվյալներով, Արցախի Հանրապետությունում հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքատարածությունները կազմել են 74.4 հազար հա և Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն  է ներկրվել շուրջ 40,0 հազար տոննա հացահատիկ և հատիկաընդեղեն: Ռազմական դրության արդյունքում ստեղծված իրավիճակի պայմաններում Արցախի Հանրապետությունում վարելահողերը  կրճատվել են, և ընթացիկ տարում հնարավոր չի լինի ապահովել դեպի Հայաստան  արտահանման ծավալները։ Միաժամանակ Հայաստանի   սահմանամերձ շրջանների կողմից օգտագործվող արոտավայրերի կորստի պատճառով, 2021 թվականին կլինի նաև անասնակերի ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է  տեղական արտադրության ծավալների ավելացման միջոցով, բարձրացնել պարենամթերքի ինքնաբավության մակարդակը և նպաստել անասնակերի արտադրության ծավալների ավելացմանը։

 Էկոնոմիկայի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  ներկայացրել է   https://www.e-draft.am/projects/3000/justification  «ՀՀ-ում գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը»։ Ըստ որի՝ նախատեսվում է հանրապետության տարածքում ապահովել շուրջ 24,3 հազար հա վերոնշյալ մշակաբույսերի ցանքատարածությունները, իսկ բերքատվության մակարդակը բարձրացնել մինչև 30 %-ով։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ նախագիծ ընդունումը պայմանավորված է պատերազմի հետևանքով պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացման և անասնակերի ապահովման խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ։

«Հանրապե­տության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատա­կաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, սերմնաբուծության և սերմնարտադրությանն ուղղված պետական աջակցության ծրագրերի իրականացմանը։  Արտաքին մարտահրավերներին դիմակայելու և փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու համար անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսության ոլորտում իրականացնելու պետական աջակցության լրացուցիչ միջոցառումներ։ Գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային որոշ մշակաբույսերի տեղական արտադրության ծավալների ավելացման նպատակով նախատեսվում է պետական աջակցությամբ, մասնավորապես՝  սերմերի գնի մասնակի սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, խթանել գարնանացան ցորենի, գարնանացան գարու, վարսակի, հաճարի, լոբու, ոսպի, ոլոռի, սիսեռի, առվույտի և կորնգանի արտադրության կազմակերպումը»,-նշված է նախագծի մեջ։ 

Նախագծի ընդունման դեպքում 2021թ․-ի պետական բյուջեում լրացուցիչ ծախսը  կկազմի  շուրջ 701,44 մլն դրամ։

Նախքան պատերազմը, Արցախի վարելահողերի բերքը  ապահովում էր սեփական երկրի հացահատիկի, հացամթերքի ամբողջ պահանջարկը, իսկ Հայաստան ներմուծվում էր միջազգային շուկայից համեմատաբար էժան։ Մասնագետների խոսքով՝ տարածքային կորստից հետո Արցախում պետք է օգտագործել եղած հողատարածքները, այնտեղ լավ բերք ստանալու պոտենցիալ կա։

«Պաշտոնական տվյալներով՝ 2020թ․-ին Հայաստանը սննդի համար սպառել է 385 հազար 600 տոննա ցորեն, որից 132 հազար տոննան սեփական երկրի արտադրություն է։ Ընդհանուր ներմուծումը կազմել է 426 հազար 400 տոննա։ Շատ վատ դինամիկա ունենք արտադրության ծավալների ցուցանիշի առումով։ 2019թ․ ողջ հանրապետությունում ունեցել ենք 109 հազար հա ցորենի ցանքատարածություն, 2020թ․-ին՝ ընդամենը 59,4 հազար հա։ Դրա հետ մեկտեղ կրճատվել է նաև բերքատվությունը։ Եթե 2016 թ․-ին 1 հա-ից  ստացել ենք 32,4 ց ցորեն, ապա 2020 թ․-ին՝  ընդամենը 19,6 ց։ Բերքատվության վրա ազդող գործոններից մեկը նաև մշակման տեխնոլոգիան է»,-նշեց տնտեսագետ, 2002-2011թթ. ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, այժմ ՀՊՏՀ  «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանը։  Նկատելի է, որ շատ գյուղացիների համար հողերի օգտագործումը եկամտաբեր չէ։ Նախընտրում են հողն անմշակ թողնել,  խոտհարք դարձնել, քանի որ խոտը հավաքելը մեծ ծախս չի պահանջում, ռիսկն էլ քիչ է։

«Հիմնական խնդիրն այն է, որ մենք մեր տարածքները, մեր միջոցները թողնում ենք անօգտագործելի։ Պետք է լուծման այնպիսի տարբերակ գտնենք, որ կարողանանք քիչ ծախսերով, քիչ ռիսկերով  արդյունք ստանալ։  Պատերազմից հետո  անհրաժեշտ է պետական աջակցության ծրագիր իրականացնել  խոցելի տարածքներում։ Օրինակ՝ պետությունը պետք է երաշխավորի բերքի իրացումը, որոշակի կանխավճար տրամադրի գյուղացուն, նրա հետ աշխատի պայմանագրային հիմունքներով։ Այսկերպ գյուղացուն պետք է շահագրգռել, որ մշակի չօգտագործվող վարելահողերը,  նա պետք է վստահ լինի, որ  բերքը հավաքելուց հետո գնող, մթերող ունի։ Եթե արդեն իսկ իրականացվող պետական ապահովագրության, սուբսիդավորման ծրագրերի հետ մեկտեղ նաև աջակցման այս ծրագիրն իրականացվի, ապա սայլը տեղից կշարժվի»,-նշեց տնտեսագետը։

Ըստ Սամվել Ավետիսյանի՝ ցանկալի է նաև չօգտագործվող վարելահողերում մշակել ոչ ավանդական, բազմամյա կերային, հացահատիկային մշակաբույսեր, որոնք դիմացկուն են, մեծ բերքատվություն են ապահովում։ «Օրինակ՝ սագախոտի մշակումը շատ ծախս չի  պահանջում, առատ բերք է տալիս, բայց մեզ մոտ այն շատ քիչ է մշակվում, կարելի է նաև այդ ցանքատարածություններում սագախոտ աճեցնել։ Ընդհանրապես, մեր հողատարածքներում այլընտրանքային կերային մշակաբույսերի փորձարկման համար անհրաժեշտ  միջոցներ չեն ներդրվում»։

Տնտեսագետի հավաստմամբ, պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանում պարենային անվտանգության խնդիր չի  առաջանա․ «Հայաստանյան պահանջարկը շատ մեծ չէ, իսկ միջազգային շուկայում լավ առաջարկներ կան, բացի այդ, մատակարարներն էլ  լավ պահուստային  պաշարներ են ստեղծել։ Իսկ պարենի միջազգային շուկայում, թեև գնաճ կա, բայց Հայաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված կտրուկ գնաճ չի կանխատեսվում»,-հավաստիացրեց տնտեսագետ Սամվել Ավետիսյանը։