ՍԾՏՀ ԽՎ այսօրվա նիստի գլխավոր ինտրիգը եղել է Ռուսաստանի պատվիրակության անդամների մանդատների հարցը
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում որոշ տեղեկություններ է հրապարակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի վերաբերյալ։
Ըստ նրա՝ մինչև բուն քվեարկությունը, մոտ 2 ժամ բուռն բանավեճ է ընթացել քվեարկության անցկացման շուրջ․ բոլոր նոր անդամներին միասի՞ն քվեարկել, երկրներին՝ առանձի՞ն, թե՞ ամեն երկրի յուրաքանչյուր անդամին առանձին: Ի վերջո ընտրվել է երրորդ տարբերակը:«Հաշվի առնելով մինչև քվեարկությունը հնչած հայտարարությունները՝ ՌԴ ներկայացուցիչները կոչ արեցին ռուս-ուկրաինական կոնֆլիկտը չկապել այս գործընթացի հետ, չպարալիզացնել կազմակերպության աշխատանքը, և հայտարարեցին՝ եթե իրենց որևէ անդամի մանդատը չհաստատվի, ապա իրենք կլքեն նիստը:
Վեհաժողովի անդամներն առաջինը միաձայն կողմ քվեարկեցին Հայաստանի պատվիրակության նոր անդամի՝ Գևորգ Պապոյանի մանդատը հաստատելու հարցին:
Ռուսաստանի պատվիրակության առաջին անդամի մանդատը չհաստատվեց, 13 պատվիրակություններից 7-ը պետք է կողմ քվեարկեին, սակայն կողմ քվեարկեցին 5-ը (այդ թվում՝ Հայաստանի պատվիրակությունը): Ադրբեջանի պատվիրակությունը քվեարկությունից առաջ դուրս եկավ դահլիճից, որպեսզի չմասնակցի քվեարկությանը: Այս քվեարկությունից հետո ՌԴ պատվիրակությունը հայտարարեց, որ դադարեցնում է անդամավճարների վճարումը և լքեց դահլիճը:
Նշեմ, որ ՌԴ տարեկան ներդրումը մոտ 256 000 եվրո է, որը ՍԾՏՀ ԽՎ բյուջեի 14%-ն է, և եթե իրավիճակը չհարթվի, ապա այս կազմակերպության բյուջեն խնդիրներ կունենա, հատկապես, որ երկրները մտադիր չեն ավելացնել իրենց ֆինանսական ներդրումները:
Հաջորդ լարվածությունը նույնպես ռուս-ուկրաինական կոնֆլիկտի համատեքստում էր: Տնտեսական բնույթի զեկույցների մասով Ուկրաինան առաջարկել էր բոլոր տեքստերում «ռուս-ուկրաինական կոնֆլիկտ» ձևակերպումը փոխարինել «Ռուսաստանի ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ:
Մենք նշեցինք, որ զեկույցները տնտեսական են, պետք չի դրանք քաղաքականացնել, քաղաքական գնահատականներ հնչեցնել և չպաշտպանեցինք այս առաջարկները:
Մնացած երկրները կողմ քվեարկեցին և առաջարկություններն ընդունվեցին: Այսինքն, փաստացի Ռուսաստանին ճանաչեցին ագրեսոր»,-գրել է Բ․ Թունյանը:
Նիստը շարունակվելու է դեկտեմբերի 8-ին