Կառավարությունը խստացնում է շինհրապարակների նկատմամբ հսկողությունը

Կառավարությունը խստացնում է շինհրապարակների նկատմամբ հսկողությունը

Կառավարությունը խստացնում է շինհրապարակների նկատմամբ հսկողությունը, որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունից: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով, գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինհրապարակներում պատշաճ կարգուկանոն սահմանել։ Ներկայացված նախագծով առաջարկվում է բոլոր նորմերը պարտադիր ներառել պայմանագրերում` դրանց խախտման համար պատասխանատվություն նախատեսող կետեր սահմանելով։

«Կառավարությունն ունի այդպիսի իրավասություն` բոլոր պետական գնումների դեպքում սահմանել այն հիմնական պայմանները, որոնք գնումների պայմանագրերը կազմելու ժամանակ պարտադիր պայմանի բնույթ ունեն։ Եվ մենք հիմա առաջարկում ենք, որ այդ կարգավորումները դառնան հիմնական պայմանագրերի մաս։ Այսինքն` հետայսու ցանկացած պետական մարմին, որ շինարարական աշխատանքների պատվեր կտա, իր գնման պայմանագրերով կնախատեսի նաև պատասխանատվության միջոցներ` այդ կանոնները չպահպանելու համար»,– ասաց Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարը նշեց, որ կանոնները խախտելու բարդությունից ու հետևանքներից կախված` պատասխանատվության խստությունը տարբեր կլինի` սկսած տույժ-տուգանքից, մինչև պայմանագրի կասեցում։

Աղբյուրը՝   aravot.am