Կկայանա «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնությունը

Հայաստանում ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի և դիզայնի նկատմամբ հետաքրքրության զարգացման, ինչպես նաև ճարտարագիտական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը դեկտեմբերի 11-ին Հայաստանում կանցկացնի «ԱրմՌոբոտիքս 2022» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 14-րդ առաջնությունը: Առաջնության անցկացման հովանավորը նաև Ակբա բանկն է:
Ակբա բանկից հայտնում են՝ մրցույթի շրջանակում ռոբոտաշինության և ծրագրավորման իրենց հմտությունները, ունակություններն ու գիտելիքները կցուցադրեն 3 տարբեր խմբերի բաժանված թիմերը՝ դպրոցահասակների թիմերը (10-17տ.), սկսնակ ընկերությունների թիմերն ու մասնագիտացած ընկերությունները:
Թիմերի ստեղծած ռոբոտները մրցույթի ընթացքում կլուծեն ագրոոլորտին վերաբերող խնդիրներ՝ բերքի հավաքումից մինչև սերմերի տնկում, այգիների ու բույսերի ոռոգումից մինչև կենդանիների կերակրում: Ռոբոտները նաև կկատարեն տնտեսության մշտադիտարկում, ստացվող տվյալների վերլուծություն:
Աղբյուրը՝ panorama.am