ԱՆԻՖ-ի ավելացված կանոնադրական կապիտալը կուղղվի ազգային ավիափոխադրողի ստեղծմանը
Այսօր ՀՀ կառավարությունը որոշեց 4 մլրդ 733 մլն դրամով ավելացնել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կանոնադրական կապիտալը: Այս որոշման արդյունքում հատկացվելիք գումարը նպատակաուղղվելու է ս.թ. հուլիսի 14-ին Էյր Արաբիա ընկերության հետ ստորագրված հուշագրի արդյունքում ազգային ավիափոխադրող ընկերության ստեղծմանը։
ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը կառավարության նիստում հայտարարել է, որ գործարքն իրականացվել է հաշվարկի, պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում եւ ստացել են առավելագույնս կենսունակ մոդել։
«Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը։ Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն՝ Էյր Արաբիա ընկերության մոտ 20 տարվա դրական փորձը»,- ասել է նա և վստահեցրել, որ սա երկարաժամկետ, մրցունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող ունենալու առաջին հնարավորությունն է։
Անդրադառնալով մոդելի առավելություններին, Դավիթ Փափազյանը նշել է, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը մեծ նշանակություն ունի նաեւ ներդրումային մրցունակության տեսանկյունից ։
Նրա խոսքով՝ ընկերությունը շոշափելի է դարձնելու մի քանի այլ թիրախային նպատակներ՝ մասնավորապես Հայաստանն աշխարհի հետ կապելու, ճանաչելի դարձնելու, սփյուռքի համար հասանելիությունը մեծացնելու առումով։
Նշենք նաև, որ ընկերությունը չի ունենալու ոչ մի պետական արտոնություն։