Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 101 տոկոսով

Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 101 տոկոսով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) նախնական տվյալներով՝ Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈւՆ) ծավալը 2022 թվականի երրորդ եռամսյակում հասել է 745,3 մլն դոլարի, ինչը երկու անգամ գերազանցում է 2021 թվականի երրորդ եռամսյակի վերջնական տվյալները։ 

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի ընդհանուր 9 ամիսների արդյունքներով ՕՈւՆ-ի չափը կազմել է 1,67 մլրդ դոլար, ինչը 101 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Geostat-ի փոխանցմամբ՝ երրորդ եռամսյակում 745 մլն դոլարից 446 մլն դոլարը գոյացել է վերաներդրումներից, սեփական կապիտալում ներդրումները կազմել են 226 մլն դոլար, իսկ պարտքային պարտավորությունները՝ 72,4 մլն դոլար։

Նույն ժամանակահատվածում՝ ամենաուղիղ օտարերկրյա ներդրումները կատարվել են անշարժ գույքի հետ կապված գործունեության ոլորտում և կազմել 265,3 մլն դոլար, որը կազմում է ընդհանուր օտարերկրյա ուղղակի ներդրումների 35,6 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցնում է ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտը՝ 159,0 մլն դոլարով՝ 21,3 տոկոս, երրորդ տեղում է արվեստի, զվարճանքի և հանգստի ոլորտը՝ 143,2 մլն. դոլարով՝ 19,2 տոկոս:

«Երրորդ եռամսյակում ներդրումների ծավալով առաջին տեղում է Իսպանիան՝ 165,9 մլն դոլարով, որը կազմում է ՕՈւՆ-ի 22,3 տոկոսը, երկրորդ տեղում է Միացյալ Թագավորությունը՝ 122,9 մլն դոլարով՝ 16,5 տոկոս, իսկ երրորդ տեղում Իռլանդիան է՝ 120,3 մլն դոլարով՝ 16,1 տոկոս: 10 խոշորագույն ներդրող երկրների բաժինը կազմում է ներդրումների ընդհանուր ծավալի 86,5 տոկոսը»,- նշված է տարածված հաղորդագրությունում:

Աղբյուրը՝   168.am