Էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայում որքանո՞վ է հավանական թուրքական խաղացողների ներկայությունը. օրենսդրական արգելք այս պահին չկա

2018թ-ի սեպտեմբերի 14-ի կառավարության որոշմամբ հաստատվել է էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման միջոցառումների ժամանակացույցը, և այն սկսվել է էներգետիկայի մասին նոր օրենքի մշակումից: Ազատականացման արդյունքում ՀԷՑ-ը, որպես էներգետիկայի ոլորտի համակարգող կմնա և կմնա նրան նաև սպառողին էներգետիկայի մատակարարելու գործառույթը: 2022թ-ի փետրվարի մեկից ազատականացված շուկայում արդեն ձևավորվել են նոր խաղացողներ՝ ի դեմս թրեյդերների, որակավորված սպառողների, մատակարարների, որոնք կարող են մանևրել դաշտում: Դեռևս միայն խոշոր սպառողները կարող են ընտրել, թե ումի՞ց գնել էլէներգիան, իսկ խոշոր էլէներգիա սպառողները կարող են կամ անձամբ գնել, կամ էլ թրեյդերների միջոցով: Այս գործընթացն ընթացքի մեջ է:
Ինչպես ծրագրի ներկայացուցիչներն են պնդում, բարեփոխման հիմնական նպատակը Հայաստանի էլէներգետիկայի շուկայում մրցակցությունն է, հիմնականում ՀԷՑ-ի մոնոպոլ ծառայություններից հրաժարվելը, և նոր խաղացողների երևան բերելը՝արդեն մրցակցային պայմաններով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբան Սեդա Շահինյանը նշում է, որ այժմ երկիրը գնում է էներգետիկ ոլորտի բարեփոխման ճանապարհով, և բազա է ստեղծվում, որ էներգետիկ մրցակցային շուկան աշխատի: 2022թ-ի փետրվարի մեկից էլէներգետիկայի ազատականացված շուկան սկսել է գործել և մրցակցային շուկան ձևավորվում է:
«Շուկայի ազատականացմանը գնում են զարգացած և զարգացող երկրները, մենաշնորհի փոխարեն՝ մրցակցություն, սակայն ՀԷՑ-ի կողմից էլէներգիայի բաշխման գործառույթը կշարունակվի»,- ասաց նա և հավելեց, որ էլէներգիայի շուկայի ազատականացումն ընթանալու է փուլ առ փուլ, որպեսզի ցնցումներ և տատանումներ շուկայում չլինեն: Տարեցտարի կարգավորման գործիքները փոխարինվելու են, և մրցակցային գործիքներ են ներդրվելու:
Ինչ վերաբերում է առաջին 9 ամիսների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են եղել շուկայում, ապա Սեդա Շահինյանը նշեց, որ արդեն դաշտում կան նոր խաղացողներ. շուրջ մեկ տասնյակ մատակարարներ, 12 թրեյդերներ, որակավորված սպառողներ, որոնք իրենք ուղիղ գնում են կատարում շուկայում: Նա օրինակ բերեց Արարատ ցեմենտը, ԶՊՄԿ-ն, Վեոլա Ջուրը, Գեոպրոմայնինգը. մի մասը` ուղիղ, մի մասը թրեյդերների խմբում են ընդգրկված և էլէներգիան ուղիղ գնում են, հրաժարվել են ՀԷՑ-ի ծառայություններից:
Նա բացատրեց, որ որակավորված սպառողները խոշոր էներգիա սպառողներն են և մեծածախ շուկայում կարող են հանդես գալ որպես որակավորված սպառող և անձամբ գնում կատարել կամ մտնել թրեյդերների խմբի մեջ:
«2023թ-ի փետրվարից, ունենալու ենք նոր խաղացողներ՝ ի դեմս մատակարարների, թրեյդերների, որակավորված սպառողների, փետրվարից էներգիայի սպառման 20 տոկոսը կհայտնվի ազատականացված շուկայում»,- ասաց Ս. Շահինյանը:
Հարցին, թե արդյո՞ք էլէներգիայի ազատականացված շուկայում հնարավոր է թուրքական կամ մեզ համար ոչ ցանկալի պետության ներկայությունը, պատասխանեց, որ այս պահին օրենսդրական արգելք չկա:
ՓՀԷԿ-երի մասով Սեդա Շահինյանը շեշտեց, որ կայաններին տրված է 15 տարվա էլէներգիայի գնման երաշխիք և այս պահին 40 կայանի գնման երաշխիքն ավարտվել է, և նրանք հայտնվել են մրցակցային շուկայում. իրենք են իրենց գնորդներին գտնում: Որևէ ՓՀԷԿ չի դադարեցրել աշխատանքը:
Ըստ նրա, գնման երաշխիքի ավարտվելուց հետո բոլոր ՓՀԷԿ-երը կհայտնվեն ազատականացված շուկայում, իսկ արևային կայանների էլէներգիայի գնման 20 տարվա երաշխիք է տրված: Ովքեր ցանկանում են ունենալ արևային կայաններ կարող են նույն պայմաններով հիմնել արևային կայաններ, սակայն առանց գնման երաշխիքի և քվոտայի, քանի որ այն ավարտվել է. 215 մեգավատի համար քվոտավորումն արևային փոքր կայանների համար ավարտվել է:
Տարածքային կառավարման նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանը նշեց, որ թեև արևային խոշոր կայանները դեռևս վերջնական պատրաստ չեն՝ Մասրիկ 1, Այգ 1, Այգ 2 և այլն, սակայն ինքնավար արևային կայաններ կան, որոնք միացված են ցանցին և լրացուցիչ արտադրված էլէներգիան արդեն ցանցում է:
Հարցին, թե ինչպե՞ս է լուծվում արևային կայանների համար գյուղնշանակության հողերի կատեգորիայի հարցը, պատասխանեց, որ գյուղնշանակության հողերի կատեգորիայի փոփոխության խնդիրը եղել է, ամեն ինչ անում են, որ արևային կայանները չկառուցվեն գյուղնշանակության հողերի վրա, կամ հողերի կատեգորիան չփոխվի, սակայն հաճախ մասնավորի հետ են գործ ունենում ներդրողները:
Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզում կառուցման փուլում գտնվող արևային Մասրիկ 1 կայանին, որը գտնվում է սահմանին շատ մոտ, ապա նշեց, որ սահմանին մոտ գտնվելը խնդիր է, քանի որ հաճախ են կրակոցներ հնչում և դեռևս հայտնի չէ, ինչ շարունակություն է ունենալու ծրագիրը, այն մի քանի անգամ հետաձգվել է, իսկ Այգ 1-ի կառուցումը Թալինում դեռևս նախնական փուլում է:
«Ինքնավար արևային 200 մեգավատ հզորությամբ էլէներգիան արդեն ազատականացված շուկայում է. 9 505 ինքնավար արտադրող էլէներգիայի ավելցուկը ցանցում է, ցանցը տարեկան բալանս է կազմում, ներցանցային հաշվարկ է տեղի ունենում: Շուկայի ազատականացումից հետո ինքնավար արևային էլէներգիա արտադրողները կարող են միանալ և վաճառել էլէներգիան՝ շուկայի կանոններից ելնելով»,- ասաց Վ. Քեշիշյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է լուծվելու 20 տարի անց արևային կայանների օգտահանման հարցը, պատասխանեց, որ այսօր էլ կան անհատներ, ովքեր պատրաստ են օգտահանող ընկերություններ հիմնել և անգամ աշխատել շահույթով, սակայն այդ վահանակների օգտագործման 20 տարին դեռևս լրացած չէ և նա համոզված է, որ ինչպես խորհրդային տարիներից մնացած մարտկոցները վաճառվեցին, այնպես էլ արևային վահանակները կօգտահանվեն:
Ինչ վերաբերում է ՓՀԷԿ-երին, ապա ասաց, որ 2020թ-ին որոշմամբ, որոշ գետերի վրա ջրառի թույլտվություն չի տրվել: Թեև պոտենցիալ կա ՀԷԿ-երի մասով, սակայն այժմ շատ գետերում կատաստրոֆիկ վիճակ է: Գեոթերմալ էներգետիկայի մասով ուսումնասիրություններ են գնում. երկու տեղանքում պոտենցիալ կա, սակայն շատ մեծ խորությունների վրա է:
«Մեր հիմնականն արևն է ու արևային էներգետիկան, այս առումով էլ դաշտը իրավական տեսակետից լավ է»,-փոխանցեց Վ. Քեշիշյանը:
Նշենք, որ 2022թ-ի փետրվարի մեկից կամավորության սկզբունքով սպառողները կարող են էլեկտրական էներգիա գնել արտադրողներից, իսկ արդեն 2023թ-ի փետրվար 1-ից արդեն պարտադիր սկզբունքը կգործի որոշակի խմբերի սպառողների համար: