Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն իր դժգոհությունն է հայտնել ձյան մաքրման աշխատանքների տեմպի և որակի մասով

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն իր դժգոհությունն է հայտնել ձյան մաքրման աշխատանքների տեմպի և որակի մասով
Հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ոլորտային պատասխանատուներ՝ գլխավորությամբ «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրեն ժ/պ Արտավազդ Ոսկանյանի։ Վարդգես Սամսոնյանն իր խոսքը սկսել է դժգոհությամբ, ընդգծել, որ փողոցների մաքրման, աղ–ավազային խառնուրդով մշակման աշխատանքներն իրեն չեն գոհացնում, ապա հրահանգել է լինել առավել պատասխանատու և հետևողական՝ աշխատանքները հավուր պատշաճի իրականացնելու համար։
Ոլորտի պատասխանատուները ներկայացրել են արված և այս պահին իրականացվող աշխատանքները, ապա նշել, թե աշխատանքների տեմպի դանդաղելը պայմանավորված է եղել մեքենաների տեխնիկական վիճակով. աշխատանքների իրականացման ընթացքում մեքենաների մոտ որոշակի խնդիրներ են առաջ եկել։
-Եթե առաջ են գալիս խնդիրներ՝ շատ արագ կարգավորեք և մեքենաները դուրս բերեք փողոց։ Հաջորդիվ կլինեմ ավելի խիստ, իսկ մեղավորները կպատժվեն,-ավելացրել է Վ.Սամսոնյանը։