ԿԲ գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են

ԿԲ գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են

Հայաստանի Հանրապետության տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Մարտին Գալստյանը հիշեցրեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.75 տոկոս:

2022թ. նոյեմբերին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել 8.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է՝ կազմելով 9.9%:

ԿԲ նախագահը ընդգծեց, որ համաշխարհային տնտեսությունում տնտեսական ակտիվության դանդաղման միտումները շարունակվում են: Ըստ Կենտրոնական բանկի՝ այնուամենայնիվ, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկից և բարձր գնաճային սպասումներից ածանցվող գնաճային միջավայրը դեռևս պահպանվում է:

«Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում ևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում: 2022թ-ի չորրորդ եռամսյակում ՀՀ տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են: Տնտեսական աճին շարունակում է էականորեն նպաստել ծառայությունների ոլորտում ձևավորված արտաքին բարձր պահանջարկը»,-ասաց Գալստյանը:

ԿԲ նկատել է, որ միևնույն ժամանակ, դիտվում է արտահանման և ՀՆԱ ներուժի ավելացում ծառայությունների և արդյունաբերության ճյուղերում: Իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության, դրամի արժևորման, ինչպես նաև արտաքին հատվածից փոխանցվող ազդեցությունների արդյունքում ներմուծվող պարենային ապրանքների գների աճը որոշակիորեն դանդաղում է: Վերջինս նպաստում է գնաճային միջավայրի մեղմմանը:  Այնուամենայնիվ, պահպանվող բարձր պահանջարկի և բարձր գնաճային սպասումների ազդեցությունը դեռևս շարունակում է էական նշանակություն ունենալ գնաճի վարքագծում:

Այսպիսով` ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը: ԿԲ խորհուրդը հետևողական է լինելու համարժեք գործողություններով ապահովելու գնաճի կայունացում և չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և միջնաժամկետ հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ նախանշված ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հիմնականում հավասարակշռված են։ Ռիսկերի որևէ ուղղությամբ դրսևորման պարագայում Խորհուրդը համարժեքորեն կարձագանքի և կապահովի գների կայունության նպատակը:

Աղբյուրը՝   armenpress.am