«Զանգվածային լրատվամիջոցներին՝ որպես ժողովրդավարության, այսպես կոչված «չորրորդ սյան», պետք է ցուցաբերել նույնքան ուշադրություն, որքան՝ ազատ ընտրություններին»

«Զանգվածային լրատվամիջոցներին՝  որպես ժողովրդավարության, այսպես կոչված «չորրորդ սյան»,  պետք է ցուցաբերել նույնքան ուշադրություն, որքան՝  ազատ ընտրություններին»

Հարցազրույց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար դր. Թոմաս Շրապելի հետ

-Մեծարգո պարոն դր. Շրապե՛լ, շնորհակալությու՛ն հարցազրույցի պատրաստակամության համար: Շատ ուրախ ենք, որ այն լինելու է ejc.am կայքէջի առաջին հարցազրույցը:

Գերմանական քաղաքական հիմնադրամները միշտ կարևոր դեր են խաղացել ոչ միայն Գերմանիայում, այլ նաև տարբեր, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրներնում ժողովրդավարության զարգացման գործում: Պատմե՛ք, խնդրեմ,   Հայաստանում Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ամենակարևոր նախագծերի  մասին:

-Արդեն 11 տարի է, ինչ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը ներկայացված է Հայաստանի Հանրապետությունում: Չունենալով գրասենյակ՝ Հայաստանում  հիմնադրամը միջոցառումներ իրականացնում էր դեռևս սկսած 2003թ.-ից: ԿԱՀ-ի Հայաստանյան գրասենյակը հանդիսանում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի մի մասը, որն ընդգրկում է ամբողջ Հարավային Կովկասը: Մեր ամենակարևոր միջոցառումները վերաբերում են արտաքին քաղաքականության ոլորտին, Եվրոպական Միության հետ Հայաստանի մերձեցմանն աջակցելուն և միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության ներսում, որին Հայաստանն անդամակցում  է 2015 թվականից, երկխոսության խթանմանը: Եվ այս ուղղությամբ մենք արդյունավետ աշխատում ենք Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: Հայաստանում մեր աշխատանքի հիմնական ուղղություններից է նաև քաղաքական կրթության կազմակերպումը, որի շրջանակներում համագործակցում ենք ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի  նախարարության հետ: Բացի այդ, առաջարկում ենք տարբեր ծրագրեր սոցիալական քաղաքականության ոլորտում, նաև՝ լրագրողների համար: Մենք շատ ակտիվ ենք հատուկ օժտվածություն ու տաղանդ ունեցող հայ երիտասարդներին աջակցելու հարցում և նրանց համար պարբերաբար իրականացնում ենք կրթաթոշակային ծրագրեր: 

- Հայաստանում ո՞ր ոլորտներում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն առաջիկա մեկ-երկու տարում իրականացնելու իր միջոցառումները:

-Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը նաև առաջիկա տարիներին շարունակելու է զբաղվել, ըստ էության, այն թեմատիկ ոլորտներով, որտեղ մինչև հիմա աշխատել ենք, այսինքն՝ մենք միանգամայն կարող ենք կառավարությանը, բայց նաև ընդդիմադիր կուսակցություններին, օրինակ, Եվրոպական Միության հետ Հայաստանի ունեցած լավ հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ աջակից լինել: Մեզ համար Հայաստանը հետաքրքիր երկիր է նրանով, որ, մի կողմից, հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ, բայց և, մյուս կողմից, ցանկանում է խորացնել հարաբերությունները Եվրոպական Միության հետ՝ մոտակա ժամանակում չձգտելով անդամակցել Եվրոպական Միությանը: Հայաստանն այս առումով գրավում է ինչ-որ չափով առանցքային դիրք՝ լավ հարաբերություններ ունենալ Արևմտյան Եվրոպայի հետ, բայց միաժամանակ լինել Եվրասիական տնտեսական միության անդամ: Այս հանգամանքն է, իմ տպավորությամբ, Եվրոպական Միության, ինչպես  օրինակ, Գերմանիայի կամ Գերմանական Բունդեսթագի որոշ քաղաքական գործիչների համար, Հայաստանը դարձնում հետաքրքիր նաև արտաքին քաղաքական առումով: Մենք սիրով ցանկանում ենք շարունակել մեր նախագծերը քաղաքական կրթության բնագավառում, որտեղ իսկապես իրականացնում ենք փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն՝ ի դեպ, «Թավշյա հեղափոխությունից» առաջ և հետո: Այս ոլորտում, մասնավորապես, հայ փորձագետների հետ միասին նախաձեռնել ենք Հասարակագիտություն առարկայի 11-րդ դասարանի նոր ուսումնաօժանդակ ձեռնարկ և վերջինիս հիման վրա մշակել նաև մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար: Քաղաքական կրթության թեմայի առնչությամբ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամն ունի հսկայական փորձագիտական փորձառություն: Քաղաքական կրթությունն, ըստ էության, եղել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ստեղծման առանցքը: Դրա հետ մեկտեղ, մենք կամենում ենք շարունակել բնականաբար նաև բոլոր մյուս նախագծերը, օրինակ, մեր համագործակցությունը «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ, որտեղ առաջարկում ենք սոցիալական ու տնտեսական քաղաքականությանը վերաբերող տարբեր միջոցառումներ:

-2009 թվականից «Տնտեսական լրագրողների ակումբը» Հիմնադրամի աջակցությամբ իրականացրել է բազմաթիվ ծրագրեր: Հիմնադրամն օգնում է այժմ ՏԼԱ-ին ստեղծել Հայաստանում սեփական տնտեսական լրատվական կայքը: Ի՞նչ եք ակնկալում  ejc.am  կայքից:

-Մենք, իհարկե, շատ գոհ ենք, որ կարողացանք օգնել «Տնտեսական լրագրողների ակումբին» ստեղծելու իր կայքէջը: Եվ, որպես «Տնտեսական լրագրողների ակումբի», թերևս, կարևոր գործընկերներից մեկը, ուրախ կլինեինք, եթե այդ կայքը լինի ակտիվ ինչպես սոցիալ-տնտեսական  կարևորագույն լուրերի փոխանցման,  այնպես էլ տնտեսական լրագրողների համար բազմաթիվ օգտակար առաջարկությունների աումով: «Տնտեսական լրագրողների ակումբը» կուսակցական-քաղաքական կապվածություն չունի, ինչը մեծ առավելություն է, քանի որ ակումբի անդամներն իրենց տնտեսական-քաղաքական փորձառություններով և գիտելիքներով միանգամայն դրական ձևով մասնակցում են հանրային դիսկուրսին: Այս նախագծի նպատակն է, որ կայքէջը լավ օգտագործվի, և ոչ միայն՝ «Տնտեսական լրագրողների ակումբի» անդամների կողմից, այլ նաև սպառողների՝ ընթերցողների համար:  Ամեն դեպքում, մենք ցանկանում ենք այս ոլորտում շարունակել մեր համագործակցությունը «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ՝ այնպես, որ այդ կայքէջն անընդհատ  ընդլայնվի: Բացի այդ, Ակումբի հետ շարոնակելու ենք կազմակերպել սեմինարներ, աշխատաժողովներ և բանավիճային կլոր սեղաններ:

-Այդ քայլը ենթադրում է, որ Հիմնադրամն աջակցում է Հայաստանում ազատ ու մասնագիտացված զանգվածային լրատվամիջոցների ստեղծմանը: Համարու՞մ եք, որ Հայաստանում զանգվածային լրատվամիջոցներն ազատ են: Ի՞նչ միջոցառումներով է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը նպաստում նաև զանգվածային լրատվամիջոցների ազատությանն ու անկախությանը:

-Ընդհանուր առմամբ Հայաստանում արդյոք զանգվածային լրատվամիջոցներն ազատ են թե ոչ, ինձ համար այնքան էլ դյուրին չէ գնահատելը: Ամեն դեպքում մենք լավ փորձ ունենք, որովհետև, օրինակ, համագործակցում ենք «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ, որի անդամները նաև գրում են տարբեր՝ տպագիր, բայց նաև էլեկտրոնային, լրատվամիջոցների համար: Ընդ որում, լրագրողներն ունեն շատ տարբեր ընկալումներ: «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ զանազան թեմաների շուրջ համագործակցելիս, միշտ լսել ենք նաև միանգամայն տարբեր կարծիքներ: Այսպիսով, թե Հայաստանում զանգվածային լրատվամիջոցները որքանով են ազատ, այս հարցում հնարավոր չէ անել որևէ ընդհանուր դատողություն: Ես այն կարծիքին եմ, որ հարկ է մշտապես ուշադրություն դարձնել, որ մամուլի ազատությունը տևական  լինի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում, ինչպես նաև՝ Գերմանիայում: Զանգվածային լրատվամիջոցներին, որպես ժողովրդավարության այսպես կոչված «չորրորդ սյուն», պետք է ցուցաբերել նույնքան աջակցություն, որքան ազատ ընտրություններին և այլն: Ամեն դեպքում, մենք մեր նպաստն ենք բերելու այդ գործին:

-Շնորհակալություն հարցազրույցի համար:

 Զրուցեց՝  Աննա Բաղդասարյանը