Կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել էլէներգիան. Արցախի ՏԿԵՆ

Կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածությունը, անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել էլէներգիան. Արցախի ՏԿԵՆ

Քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախը նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև:

Այս մասին  տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի բաժնի պետ Արմեն Մեջլումյանը:

«Արցախի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգն աշխատում է Հայաստանի Հանրապետության համակարգերի հետ զուգահեռ ռեժիմներում: Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային անջատումների դեպքում առաջանում է հզորության դեֆիցիտ, որը լուծվում է Հայաստանի Հանրապետությունից փոխհոսքի օգնությամբ: Արցախի ներկայիս էներգետիկ պաշարները ապահովում են ներքին սպառման միայն 57 տոկոսը, մնացածը ներմուծվում է Հայաստանի Հանրապետությունից` միայն մեկ` «Շինուհայր-Ստեփանակերտ» 110 կՎ օդային գծով»,-մանրամասնեց ոլորտի պատասխանատուն՝ հավելելով, որ տվյալ գծի զգալի մասն անցնում է Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքով, ինչը խոչընդոտում է գծի լիարժեք սպասարկմանը և,  բնականաբար, պարունակում է համապատասխան ռիսկեր:

«Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Հանրապետության  էլեկտրաէներգետիկական համակարգում կառաջանա հզորության դեֆիցիտ և ստիպված կլինենք անցնել հովհարային անջատումների: Պայմանավորված Ադրբեջանի կողմից գազամատակարարման արգելափակմամբ, ինչպես նաև ներկա ջեռուցման ժամանակաշրջանով, կտրուկ բարձրացել է օդային գծերի ծանրաբեռնվածության աստիճանը: 

Հետագայում  վթարային անջատումներից խուսափելու համար բնակչությունը պետք է հնարավորինս խնայողաբար օգտագործի էլեկտրական էներգիան»,-ասաց Մեժլումյանը՝ նշելով, որ դրա  համար անհրաժեշտ է շիկացման բոլոր լամպերը փոխարինել ԼԵԴ տեսակով, ինչպես նաև լրացուցիչ միջոցներ ձեռնարկել բնակելի տների ջերմամեկուսացման ուղղությամբ,  ջեռուցիչները միացնել ավելի ցածր ջերմաստիճանի վրա և  տնից դուրս գալիս անջատել վարդակից բոլոր սարքերը:

Աղբյուրը՝   armenpress.am