Արմավիրի մարզում կստեղծվի «ՔՈԱՖ Սմարթ» ուսումնական կենտրոն

Արմավիրի մարզում կստեղծվի «ՔՈԱՖ Սմարթ» ուսումնական կենտրոն

Կառավարությունը համաձայնություն է տվել Արմավիրի մարզի Արմավիր համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն: Հիմնադրամը իրականացնում է «ՔՈԱՖ Սմարթ» երկրորդ էկոհամակարգի բարեգործական ծրագիրը, որը հանդիսանում է արդեն իսկ հաջողված մոդելի շարունակություն և ծառայելու է մարզի ազգաբնակչությանը և նպաստելու է տվյալ տարածաշրջանի զարգացմանը։

Ծրագիրը միտված է ծառայելու Արմավիրի մարզի բնակչությանն ու երեխաներին՝ ունենալով բարեգործական և սոցիալական խնդիրների լուծման առաջնային առաքելություն։ Ծրագրի շրջանակում կստեղծվի նոր՝ «ՔՈԱՖ Սմարթ» ուսումնական կենտրոն, Համագումարների կենտրոն, Միջոցառումների կենտրոն և սրճարան, Նորարարական գյուղատնտեսության բազմակողմանի ծրագրեր և զարգացման նախաձեռնություններ, «ՔՈԱՖ Սմարթ» ջերմոցային տնտեսություն, Ժամանակակից սպորտային համալիր, Վերականգնողական էներգիայի կայան, Նորարարական բիզնես գազափարների կենտրոն և ժամանակակից օժանդակ ենթակառուցվածքներ բաղադրիչներով «ՔՈԱՖ Սմարթ» Արմավիր, որոնք կյանքի կկոչվեն առաջիկա տասնամյակում, իսկ ծրագրի ներդրման ընդհանուր գումարը կգերազանցի 10 միլիոն ԱՄՆ դոլարը։

Բարեգործական ծրագրի իրականացմամբ Մյասնիկյան գյուղում կստեղծվի հատուկ ավան, որն ունենալու է տարածաշրջանին, դրա տեղանքին և հիմնադրամի գաղափարախոսությանը առավել բնութագրող ճարտարապետական լուծումներ։

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել մասնավոր հատվածի, նման հիմնադրամների հետ համագործակցության բանաձև՝ ամբողջ հանրապետությունում դպրոցական, արտադպրոցական կրթության հնարավորություններն ընդլայնելու համար:

«Մենք տեսել ենք Լոռու մարզի Դեբեդ գյուղում ստեղծված Սմարթ կենտրոնի աշխատանքի արդյունավետությունն այդ տարածաշրջանի համար: Ընդ որում, ես այստեղ մեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել նրան, որ այս կենտրոնում կրթական ծրագրերը ոչ միայն երեխաների համար են, այլ նաև՝ մեծահասակների: Դա շատ կարևոր է նաև մասնագիտական վերապատրաստման առումով, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում: Մասնագիտական կրթության ոլորտում կառավարությունը շատ մեծ ներդրումներ է անում և պատրաստվում է շարունակել դրանք իրականացնել», - ասել է վարչապետը: