Գերմանիայում կրիպտոարժութային արդյունաբերության գլոբալ կարգավորման կոչ են արել

Գերմանիայում կրիպտոարժութային արդյունաբերության գլոբալ կարգավորման կոչ են արել

Գերմանիայում կրիպտոարժութային արդյունաբերության գլոբալ կարգավորման կոչ են արել՝ սպառողներին պաշտպանելու, փողերի լվացումը կանխելու եւ ֆինանսական կայունությունը պահպանելու համար։

Գերմանիայի ֆինանսական շուկան կարգավորող BaFin-ի նախագահ Մարկ Բրենսոնն ասել է, որ չմիջամտելու մոտեցումը, որը «պարզապես թույլ է տալիս ոլորտին զարգանալ որպես մեծահասակների համար խաղահրապարակ», սխալ մարտավարություն է:

«Մենք տեսել ենք ինքնակարգավորվող աշխարհ։ Դա չի ստացվի»,- ասել է Բրենսոնը լրագրողներին։

Նրա հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ դատախազությունը FTX կրիպտոարժույթի բորսայի հիմնադիր Սեմ Բենքման-Ֆրիդին մեղադրել է միլիարդավոր դոլարներ յուրացնելու եւ քարոզարշավի օրենքները խախտելու մեջ, ինչը նկարագրվել է որպես Ամերիկայի ամենամեծ ֆինանսական խարդախություններից մեկը:

Բրենսոնն ասել է, որ «կրիպտոգարունը» կարող է հաջորդել «կրիպտոձմռանը», սակայն ստեղծվող ոլորտը, հավանաբար, ավելի շատ կապեր կունենա ավանդական ֆինանսների հետ՝ ավելի մեծացնելով կարգավորման անհրաժեշտությունը: «Եկել է կրիպտոարժույթի լուրջ կարգավորման ժամանակը»,- ասել է նա: «Ամենակարեւոր պահն այն է, որ մեզ պետք է ոչ միայն եվրոպական լուծում: Մեզ գլոբալ լուծում է պետք»։

Գերմանիան բանկերի համար կրիպտոարժույթների հետ աշխատելու լիցենզիա է պահանջում։

Եվրամիությունն աշխատում է Կրիպտոակտիվների շուկաների մասին նոր կանոնակարգի (MiCA) վրա, որը ոմանց, այդ թվում՝ Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդի խոսքով՝ պետք է ընդլայնել ապագայում եւ անվանել «MiCA 2»:

Աղբյուրը՝   news.am